20 02 2020

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները բոյկոտել են խորհրդի նիստը

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները բոյկոտել են խորհրդի նիստը

Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

Տեղեկացնենք, որ նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդում:

Հիշեցնենք, որ ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:

«Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց չեմ ստորագրել՝ չհաստատելով ներկայությունս: Մենք ցանկանում ենք կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուսանողների մասնակցությունը շատ կարևոր է բուհի կառավարմանը, և նրանց թվի կտրուկ կրճատումն ուղիղ հարված է հասցնում բուհի ինքնավարությանը»,- ասաց Դավիթ Ափոյանը և փաստեց, որ առաջիկայում այլ քայլեր կիրականցնեն՝ ի նշան բողոքի:

Դավիթ Ափոյանը շեշտեց, որ ուսանողների բողոքն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ և ներողություն խնդրեց նիստին ներկա անդամներից:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իր կարծիքը հայտնեց բողոքի վերաբերյալ՝ այն համարելով անարդյունավետ, և նիստը համարեց փակված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ