30 08 2019

2018 թ.-ի դրությամբ գրանցվել է անհայտ կորածների ավելի քան 139,000 դեպք. Կարմիր խաչ



Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է, որի նպատակը հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետեւանքով անհայտ կորած անձանց ողբերգության մասին կառավարությունների, համայնքների, լրատվամիջոցների եւ հանրության իրազեկման բարձրացումն է ամբողջ աշխարհում։ Այս մասին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը մամուլի հաղորդագրություն է տարածել։

Անհայտ կորածներից ոմանք անհետանում են ռազմական գործողությունների ժամանակ, ոմանք էլ՝ բռնության հետեւանքով։ Ամեն տարի հազարավոր մարդիկ կորցնում են իրենց հարազատների հետ կապը հարկադրված գաղթի ժամանակ՝ ավելի ապահով ու բարեկեցիկ կյանքի համար պատերազմական գործողությունների գոտին լքելիս։ Նրանցից ոմանք այլեւս երբեք լուր չեն ուղարկում իրենց մասին ու չեն վերադառնում։ Սա համաշխարհային մասշտաբի մարդասիրական ողբերգություն է։

2018 թ.-ի վերջի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել էր անհայտ կորածների ավելի քան 139,000 դեպք, իսկ 2019 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ այդ թիվը կրկին աճել է՝ անցնելով 145,000-ը, եւ սա դեռ անցյալի ու ներկայիս զինված հակամարտությունների, բնական աղետների ու գաղթի հետեւանքով ամբողջ աշխարհում անհայտ կորած համարվող մարդկանց փոքր մասն է միայն։

Այս թվերը չեն կարող ամբողջությամբ փոխանցել ողբերգության մասշտաբը, քանի որ ամեն անհայտ կորածի հետեւում թվով շատ ավելի տուժածներ կան։ Ընտանիքները տառապում են անորոշությունից՝ չիմանալով իրենց հարազատների գտնվելու վայրը կամ ճակատագիրը եւ առերեսվելով սիրելիների անհետացմամբ իրենց կյանքում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներին։

«Հորդորում ենք հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դրսեւորել ուժեղ քաղաքական կամք եւ նվիրվածություն՝ իրականացնելու անհայտ կորած անձանց նկատմամբ իրենց պարտավորությունները։ Կոչ ենք անում պետություններին կատարել իրենց պարտավորությունները եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այս լայնամասշտաբ, բայց հաճախ արհամարհված մարդասիրական խնդիրը լուծելու ուղղությամբ», - ասում է ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերը։

Երեւանի եւ Բաքվի իր պատվիրակությունների ու Լեռնային Ղարաբաղի առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն գրանցել է Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ավելի քան 4,500 անհայտ կորած զինվորական ու քաղաքացիական անձի։ Ժնեւի կոնվենցիաներով ամրագրված իր հանձնագրի համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտության կողմերին իր փորձագիտությամբ՝ հանդես գալով որպես չեզոք ու ակնողմնակալ միջնորդ եւ խրախուսելով նրանց ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ։

ԿԽՄԿ-ն չեզոք, անկողմնակալ եւ անկախ մարդասիրական կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված հակամարտությունից եւ բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքը եւ արժանապատվությունը։ Կազմակերպությունը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր մարդասիրական գործունեությունն իրականացնում է տարածաշրջանում 1992 թ.-ից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ