15  08  2019

Հովհաննես Խուդոյանը հայտարարություն է տարածել

Հովհաննես Խուդոյանը հայտարարություն է տարածել

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելի ընկերներ և ոչ այնքան,

Ցավում եմ, որ նախօրեին տրված հարցազրույցում չեմ կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքս, ինչը անտեղի շահարկումների առարկա է դարձել: Փաստ է, որ քաղաքական փորձառություն ես չունեմ, հույս ունեմ չեմ ունենա, քանի որ դա դուրս է իմ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակից։ Հաշվի առնելով, որ առանձին հարցադրումների կապակցությամբ կարևորվում է անձամբ պարոն Քոչարյանի, ոչ թե իմ մասնագիտական կարծիքը, հաջորդ անգամ թեմային անդրադառնալուց առաջ ձևակերպուների վերաբերյալ անպայման կխորհրդակցեմ պարոն Քոչարյանի հետ և կկիսվեմ արդեն իր կարծիքով։

Հարցի շուրջ պատասխանս փոքր-ինչ ուշացավ, քանի որ մինչ այս փորձում էի լրատվամիջոցի հետ կոնստրուկտիվ քննարկման արդյունքում շտկել այն ապատեղեկատվությունը, որից էլ ծավալվել էր քննարկումը։ Նշեմ, որ իմ կողմից չի արտահայտվել նյութում աննուղակի հնչեցված այնպիսի ամփոփ միտք իբրև թե Երևան են տեղափոխվել կոնկրետ ազատագրված տարածքների զինծառայողներ։ Դա սխալ պնդում է, մնացյալը լրագրողական տեխնիկայի հարց է։

Ինչ վերաբերում է հայրենասիրական բացականչություններով հանդես եկող առանձին անձանց, լավ կլինի, որ հայրենասիրությունն էլ ընտրողաբար չդրսևորեն և նույն եռանդով ձեռնամուխ լինեն իրավական պետության գաղափարի ամրապնդմանը։

Անվերապահորեն ընդունում եմ նաև այն սխալս, որ բազմաբովանդակ զրույցի ընթացքում հնչեցված, քաղաքական երանգ ունեցող նուրբ իրավական հարց պարունակող կոնտենտի մշակումը վստահել եմ Հանրայինին։

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ում հետ մասնագիտական աշխատանքը կառուցում ենք փոխադարձ վստահության ու հարգանքի վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ