22  04  2019

Ի՞նչ է արել իշխանությունը երկրի ու ժողովրդի համար նախորդ շաբաթ․ տեսանյութեր, լուսանկարներ

Ի՞նչ է արել իշխանությունը երկրի ու ժողովրդի համար նախորդ շաբաթ․ տեսանյութեր, լուսանկարներ

Ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները․ դիտարկենք, թե վերջին մեկ շաբաթում ինչ է արել իշխանությունը կամ ինչ է կատարվել Հայաստանում իշխանության գործողությունների հետևանքով։

Պետության ղեկավարը, բնականաբար, հանգիստ չունի նաև շաբաթ-կիրակի օրերին։ Իսկ ապրիլի 14-ի հանգստյան օրը նանավորվեց վարչապետի՝ Իջևան այցով։ Մանկության ընկերների հետ քննարկել էր իր գրած գիրքը՝ վերարտադրելով գրքում ընկերների հետ տեսարանը։

15․04․2019

Շաբաթը վարչապետը սկսեց դարձյալ իրեն մեծարելով։ Մասնակցել էր Հանրային հեռուստատեսությամբ՝ իր մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումներին։ 

Մինչ վարչապետը կինո էր նկարում ինքն իր մասին, Երևանում և 9 քաղաքներում տեղի էր ունենում «SutNikol» ակցիան։ Նախաձեռնության անդամները սրանով ուշադրություն էին հրավիրում Փաշինյանի տված ու չկատարած խոստումների վրա։ 

Ապրիլի 15-ի միջոցառումներն այսքանով չավարտվեցին։ Գործադուլ արեցին «Արարատցեմենտի» աշխատողները, քանի որ կառավարության ներկայացրած օրինագծով «Արարատցեմենտի» աշխատանքները դժվարանում են։ 1200 աշխատողի դիմում գրելու հրաման էր տրվել։ Աշխատանքը կորցնողների թիվն այսպիսով կբազմապատկվի՝ գումարվելով Լիդիանի, Ալավերդու պղնձաձուլականի և այլ գործազուրկներին։

Իսկ խորհրդարանում մեկնարկած նիստում էլ երեք օր շարունակ պատգամավորներն ու կառավարության անդամները փորձեցին միմյանց բացատրել, թե կլինկերն ինչ է, որով էլ ցեմենտի գինը ներքին արտադրողի մոտ բարձրանում է։

Ազգային ժողովում իշխանական պատգամավորների երկար քննարկումների արդյունքում՝ քվեարկությամբ տեղի ունեցավ Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խմբի ստեղծում։ Որոշների կարծիքով այսպես պայքարում են ադրբեջանական հակաքարոզչության դեմ, որոշների կարծիքով էլ պատգամավորները զբոսաշրջային նոր ուղղություն են բացում իրենց համար։

16․04․2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։

Ինչպես որ աշխատանքային օրն էր Փաշինյանը սկսել հանդիսավոր միջոցառմամբ, այդպես էլ ավարտեց՝ օրվա վերջում դստեր հետ այցելելով թատրոն։ 

Ապրիլի 16-ին մեկնարկեց խորհրդարանական քառօրյան, որն աչքի ընկավ փողոցային բառապաշարով լեզվակռիվներով։ Համացանցում քննարկվում էր հարցը, թե ո՞ւմ ենք մենք բերել խորհրդարան։ 

 

Ապրիլի 16-ին տեղի ունեցավ այսպես ասած՝ «նոր Հայաստանի» ամենազավեշտալի իրադարձություններից մեկը․ «հին Հայաստանի» ամեն գերատեսչությունում և ամեն պաշտոնյայի մեջ կոռուպցիա փնտրող ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը որպես կասկածյալ ներգրավեց սկանդալային կոռուպցիոն գործում։ 

Այնուհետև Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց և նրա գործունեությունը կասեցվեց որպես ՊՎԾ պետ։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ի դեպ, սա ևս երկակի մոտեցումների կիրառում էր, ինչի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։ Ստացվում է, որ գործող բարձրաստիճան պաշտոնյան չի խոչընդոտի նախաքննությանը և նրա նկատմամբ կալանք չի կիրառվում, իսկ 11 տարի չպաշտոնավարող նախագահը կարող է խոչընդոտել, ուստի խափանման միջոցը ընտրում են կալանքը։

24 կողմ, 75 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ն չընտրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուին: Գոռ Հովհաննիսյանը, ըստ ամենայնի, ոչ թե չէր համապատասխանում այդ պաշտոնին, այլ այդ պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանը նկատի ունի սկանդալային փաստաբան Վահե Գրիգորյանին, որը հայտնի գաղտնալսումից հետո ստացել է ՀՔԾ-ի փաստաբան անունը։

17․04․2019

Ազգային ժողովի հերթական նիստում Նիկոլ Փաշինյանին նախկին թիմակից Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ սահմանադրությունը, որը համարում էր Սերժ Սարգսյանի հագով կոստյում, այժմ ինքն է հագել՝ երկու կոճակով պակաս։

Փաշինյանն էլ խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ մի քանի անգամ արդեն կրկնած արտահայտությամբ, թե՝ իշխանությունը ատամներով պահելու, ճանկռելու, կրծելու, գրկելու խնդիր չունեն։

Ազգային ժողովի մեծամասնությունը համաձայնություն տվեց նախարարությունների թվի կրճատմանը, որով բազմաթիվ մարդիկ կմնան առանց աշխատանքի՝ համալրելով գործազուրկների, աշխատանք փնտրողների կամ արտագաղթողների շարքերը։

18․04․2019

ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժեցին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Պողոսյանը հայտարարեց իր դեմ շինծու հետապնդման մասին։

Կառավարությունը վարչապետի աշխատակազմին հատկացրեց 124 միլիոն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով:

ԱԺ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկեց դատարանի դռները քարշ տալ քաղաքացիներին, ովքեր վարկերը չեն մարում։ 

 

 

19.04.2019թ․

Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու առաջադրեց գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին։ Ընդդիմությունը հայտնաբերեց, որ նրա ստաժը չի համապատասխանում այդ պաշտոնին։ Վերահաստատվեց, որ իշխանությունը կարևոր պաշտոններում նշանակելու կադրային սովի մեջ է։

Երեկոյան վարչապետն ուղիղ եթերում պատասխանեց քաղաքացիների հարցերին։ Խոսեց բազմաթիվ բաների մասին, չկատարած մի շարք խոստումներ միանգամից ներառեց 100 տոկոսով կատարածների շարքում՝ հայտարարելով․ «Իմ տված խոստումների մեծ մասը կատարել եմ 100 տոկոսով»։ Ամենաուշագրավն այն էր, որ ֆեյքերի դեմ պայքարից խոսող վարչապետը պատասխանեց մի քանի ֆեյքերի հարցերի, քանի որ պարզվեց, որ հենց նրանք են ստացել ամենաշատ հավանումները։ Իսկ բազմաթիվ հարցեր վարչապետն անպատասխան թողեց։

20․04․2019թ․

Ապրիլի 20-ին ԱԺ իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եղբոր նախաձեռնությամբ Ազատության հրապարակում նշվեց մարիխուանայի օրը։ Երկուշաբթի, արդեն, իշխանական պատգամավորները պետք է արդարացնեին միջոցառումը՝ նշելով, որ Հայաստանում նախորդ տարվա փոփոխություններից հետո ազատություն է եկել և մարդիկ ազատ են նշելու ինչ ցանկանում են։ Ի դեպ, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մի մասը հայտարարել է, որ կողմ է մարիխուանայի օրինականացմանն ու ազատ օգտագործմանը։

Իշխանության ներկայացուցիչները կիրակի այցելեցին եկեղեցի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ