09  01  2019

Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան սահմանահատումների թիվն աճել է

Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան սահմանահատումների թիվն աճել է

ՀՀ ՏԿԶՆ Միգրացիան ծառայությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների մասին: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան սահմանահատումների թիվն աճել է։ Միգրացիան ծառայության հաղորդած տվյալները ներկայացնում ենք ստորև. 

«Այսպես, 2015թ-ին նրանց սահմանահատումները կազմել են՝  մուտք - 3951, ելք – 3899, տարբերությունը՝ 52, 2016թ-ին համապատասխանաբար 4226 և 41148, տարբերությունը 78, 2017թ.-ին՝ 11589 և 11278, տարբերությունը 311, իսկ 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով արդեն մուտքերը կազմել են 10237 ելքերը 9122, տարբերությունը 1115։ 

Ինչ վերաբերում է կացության կարգավիճակներ ստացած Հնդկաստանի քաղաքացիներին, ապա այս դեպքում նույնպես առկա է աճ։ 2015թ-ին կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի Հանրապետության 1119 քաղաքացի․ 2016-ին՝ 1086, 2017-ին՝ 938, իսկ 2018թ-ի նախնական արդյունքներով այդ թիվը մոտ է 2000-ին (վերջնական տվյալները կճշտվեն հունվարի 20-ից հետո)։ Հարկ է  նշել, որ Հնդկաստանի քաղաքացիներն ստացել են գերազանցապես ժամանակավոր կացության կարգավիճակ, և այն ստանալու  հիմնական հիմքը եղել է ուսումը։ 

Հայաստան մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճը պայմանավորված է նաև  վիզային քաղաքականությամբ։ 2017թ-ի փետրվարին ընդունված որոշմամբ (N 103-Ն) ՀՀ կառավարությունը հնարավորություն տվեց Հնդկաստանի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի, իսկ Հնդկաստանի այն քաղաքացիներին, ովքեր ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում։

Իսկ  2017թ․-ի  նոյեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց նոր որոշում (N 1435-Ն), ըստ որի  Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգը ավելի դյուրացվեց՝ հնարավորություն տալով ՀՀ մուտքի վիզա ստանալ առանց հրավերի, ինչպես ՀՀ դեսպանություններում, այնպես էլ՝ ՀՀ սահմանային անցակետերում կամ էլեկտրոնային վիզա (E-Visa) համակարգի միջոցով, ինչը հանգեցրեց Հայաստան այցելող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճի: Հայաստանի կառավարության կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի և անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ այդ թվում նաև իրավական դաշտում: Սակայն բոլոր այս գործողությունների հիմքում խստորեն ընկած է ազգային խտրականության բացառման սկզբունքը:

Տեղեկատվության կարգով

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ այցելության մուտքի արտոնագրերը տրվում են ՀՀ-ում մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով (պետական տուրքը կազմում է 3000 դրամ) և մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ (պետական տուրքը կազմում է  15,000 դրամ)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ