11  09  2018

Սեպտեմբերի 11-ը ԱՄՆ ահաբեկչության 17-րդ տարելիցն է

Սեպտեմբերի 11-ը ԱՄՆ ահաբեկչության 17-րդ տարելիցն է

Այսօր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական շարքի 17-րդ տարելիցն է: Այդ առնչությամբ  Daily Mail-ը հրապարակել է հազվագյուտ լուսանկարներ, որոնցում պատկերված է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն՝ ահաբեկչության րոպեներին և դրան հաջորդած օրերին: «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը մի շարք ահաբեկչական հարձակումներ է իրականացրել Միացյալ Նահանգներում։ Խմբավորման 19 գրոհայիններ առևանգել են չորս ինքնաթիռ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը, ուղարկվել են Մանհեթեն, որտեղ բախվել են Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։ Առևանգված օդանավերից երրորդն ուղարկվել է Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում։

Առաջին հարձակման պահին Բուշը գտնվել է Ֆլորիդայի Սարասոտա քաղաքի դպրոցներից մեկում: Նրա հանդիպումը երեխաների հետ արագ ավարտվել է, ինչից հետո նա շտապել է դատարկ դասասենյակ՝ իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 2.983 մարդ, որոնց անուններն ամեն տարվա սեպտեմբերի 11-ին մետրոնոմի հարվածների ներքո մեկ առ մեկ ընթերցվում են ողբերգությունից հետո Մանհեթենում կառուցված հուշահամալիրում:

Մեծ թվով մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Շուրջ 40 հազար մարդկանց մոտ շենքերի փլուզումից օդ բարձրացած փոշու և այլ նյութերի ներազդեցության արդյունքում ի հայտ են եկել շնչուղիների տարատեսակ հիվանդություններ:

2001 թվականի սեպտեմբեր 11-ը համարվում է ահաբեկչական ամենածանր գրոհը Միացյալ Նահանգների պատմության ընթացքում:

Ավերված երկնաքերերի տեղում այժմ խոյանում են նոր երկնաքերեր, ստեղծվել է տրանսպորտային արդիական հանգույց և կառուցվել է զոհերի հիշատակին նվիրված համալիր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ