25 08 2018

Հրազդանում բացվեց Արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշահամալիրը



Հրազդան քաղաքում տեղի է ունեցել Արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի, բայց ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Ամենևին՝ ոչ, զոհվողները զոհվել են հանուն կյանքի և ամեն զոհվողի հետ, ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է մեծանում, ավելի է ծանրանում և ավելի է ուժեղանում:

Ինչի՞ համար ենք մենք կանգնեցնում այսպիսի բարձր հուշարձաններ, արդյոք զոհվածների համար: Ես կարծում եմ՝ ոչ, ես կարծում եմ, որ այս հուշարձանները մենք կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվոթյունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ, որ ամեն անգամ այս բարձր և բոլոր կողմերից երևացող հուշարձանների մոտով անցնելիս և նրան նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք արդարությունը, եթե հանկարծ պարզվի, որ անարդարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի՝ սխալ ենք գործել, հայցենք ներողություն, եթե որևէ մեր հայրենակցի, որևէ մարդու նկատմամբ անարդար ենք վարվել, ուժեղանանք, եթե որևէ տեղ թուլություն ենք ցուցաբերել, հպարտանանք, եթե որևէ տեղ նսեմացել ենք և ի վերջո ժպտանք, որովհետև այս մարդիկ զոհվել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի: Այս մարդիկ չեն զոհվել դժբախտություն բերելու համար, այս մարդիկ զոհվել են երջանկություն բերելու համար և նրանք երջանկություն բերելու համար արել են իրենցից կախված առավելագույնը և մենք պետք է անենք երջանկություն բերելու համար մնացած անհրաժեշտը:

 

Եվ այսօրվա մեր իրականությունը հենց դրա մասին է, որովհետև մենք, այո, այսօր Հայաստանի Հանրապետությունում կարող ենք ասել, որ մեր ուսերին ենք վերցրել այն պատասխանատվությունը, մեր ուսերին ենք վերցրել այն կիսատը, որ կիսատ մնաց ամեն զոհվածի կյանքը ընդհատվելու հետ: Եվ որևէ կասկած չկա, որ մենք այս բարձր հուշարձանները կանգնեցնում ենք ապագայի առաջ մեր ունեցած պատասխանատվությունը զգալու համար, և որևէ կասկած չկա, որ այդ պատասխանատվությունն անընդհատ մեր աչքի առաջ է, որովհետև այս հուշարձանները ոչ միայն մեր տեսադաշտում են, այլև մեր հոգու, մեր գիտակցության մեջ:

Հուշահամալիրը վերակառուցվել է Ազգային ժողովի պատգամավոր, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ։ Նա նշեց, որ նախորդ իշխանությունների նսեմացնելու, ճնշելու քաղաքականությունից պիտի գնալ դեպի ժողովրդավարություն, որտեղ ոչ ոքի չեն նսեմացնում, ամեն ինչ ժողովրդի ձեռքում է: Սասուն Միքայելյանի խոսքով` կերտվել է հույսի, հավատի արիության դարբնոց: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ