11  07  2018

13.7 միլիարդի համաներում՝ 150 000 վարորդներին

13.7 միլիարդի համաներում՝ 150 000 վարորդներին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն Ազգային ժողովի հուլիսի 11-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացրել է նոր օրենքի նախագիծը, ըստ որի՝ կառավարությունն առաջարկում է համաներում կիրառել՝ չվճարված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների համար: Խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքներին:

Արտակ Զեյնալյանը նշել է, որ քաղաքացիները կազատվեն մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված տուգանքը վճարելու պարտականությունից:

«Համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամ: Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150,000 անձինք»,- նշել է Զեյնալյանը՝ հավելելով, 2012թ.-ից մինչ այժմ տուգանքները չվճարած մարդկանց հաշիվների վրա կալանք է կիրառված, և նրանք չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից: Ուստի համաներումը, նախարարի խոսքով, կբարելավի քաղաքացիների սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը»:

Համաներումը, սակայն, որոշ դեպքերում չի կիրառվի. դրանք են՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով արկարծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգառ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելը և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ