31  12  2017

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար:

Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում: Այս պահին ընտանիքներով հավաքվել ենք տոնական սեղանների շուրջ:

Բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհություն հայտնում Աստծուն: Բարեկամության և հարազատության դրական լիցքերով եկեք դիմավորենք 2018 թվականը: 2017 թվականը հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածավալ փոփոխությունների տեմպը չի նվազել. ավելին՝ դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել: Այն դրական արդյունքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձե՛ր ձեռքբերումներն են: Եվ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականության և հասարակության հիմքերը:

Մեր հավակնությունները մեծ են, և մենք հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Շարունակելու ենք անշեղորեն պաշտպանել Արցախի իրավունքները և շահերը: Իշխանությունների աշխատանքը պետք է զգալի և շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի:

Մենք հրաշալի երկիր ունենք, և պետք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով:

Սիրելի՛ հայրենակիցներ, 2017 թվականին ընտրեցինք նոր Ազգային ժողով: Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր: Խուսափեցինք թշնամանքից և հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա ավելի կարևոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց: Սա ևս մեկ առողջ միտում է, որն անցնող տարուց պետք է տեղափոխենք նոր տարի:

Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունը այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեցույցները:

Գալիք տարի ավարտին կհասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները: Ուշագրավ զուգադիպությամբ 2018 թվականին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձը: Վստահությամբ կարող ենք պնդել, որ այս հոբելյանին մոտենում ենք ավելի ամուր և կայացած պետական-հասարակական կառույցներով: Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու և իրենց դրսևորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ բացել նոր հորիզոններ և հնարավորություններ, ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, 2017 թվականին նոր զարկ ենք տվել մեր զինված ուժերն ամրապնդելու գործին: Իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն և բացառիկ կարգուկանոն ունեցող զինված ուժերում:

Մեր զինվորականներին եկեք մաղթենք բարի ծառայություն: Եկեք նրանց երախտագիտություն հայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար: Եվս մեկ տարի է գումարվում Հայաստանի հազարամյակների անցյալին և մեր երիտասարդ անկախ պետականության պատմությանը:

Թող 2018 թվականին շարունակի ամրապնդվել Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը, անառիկ լինեն մեր սահմանները և հյուրընկալ՝ մեր օջախները:  Եկեք միասին բաժակ բարձրացնենք և խաղաղություն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմություն և ամրություն հաղորդենք մեր ընտանիքներին: Եվ միշտ հիշենք, որ մեր պետության հիմքը ընտանիքն է:

Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ