13  11  2017

7.3 մագնիտուդով երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին

7.3 մագնիտուդով երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին

Նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի և Իրաքի սահմանին տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Զոհերի թիվը 211 է, մինչդեռ տուժածների թիվը հասնում է մի քանի հազարի: Երկրաշարժին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է 12 հետցնցում՝ 3.6-4.7 մագնիտուդ ուժգնությամբ:

Ինչպես հայտնում է Press TV-ն, բնական աղետից հետո ստեղծված ճգնաժամային կենտրոնից հաղորդել են, որ առավել մեծ թվով զոհեր ու ավերածություններ են գրանցվել արևմտյան Իլամ և Քերմանշախ նահանգներում:

Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:

Կարմիր մահիկի տեղի մասնաճյուղն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ, աղետի վայր են ուղարկվել փրկարարների հավելյալ ստորաբաժանումներ, տուժած գոտիներում ստեղծվել են դաշտային հոսպիտալներ՝ մարդկանց անհրաժեշտ մթերքով, տաք իրերով ու վառելիքով ապահովելու համար:

Երկրաշարժի հետևանքով որևէ ռազմավարական օբյեկտ՝ այդ թվում նաև նավթագազային ենթակառուցվածքը չի տուժել, օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով:

Հայտնի է, որ տեղի բնակիչները, վախենալով ստորգետնյա ցնցումների կրկնվելու հավանականությունից, լքել են իրենց տներն ու գիշերել փողոցներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ