14  09  2017

Կառավարությունը դեմ է դեղերի գնի իջեցմանը

Կառավարությունը դեմ է դեղերի գնի իջեցմանը

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» նախագծերին և դրանք ուղարկեց ԱԺ:

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն չանել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում: «Կարծում ենք, որ ոչնչով երաշխավորված չէ այն հանգամանքը, որ դեղերի իրացումն ԱԱՀ-ից ազատելու արդյունքում դեղերի գները կնվազեն: Ավելին, ԱԱՀ-ից ազատման արտոնությունների կիրառության նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նման պայմաններում բարձր շահույթներ ստանալու նպատակով տնտեսվարող սուբյեկտները չեն նվազեցնում ապրանքների գները կամ նվազեցնում են չնչին չափով, իսկ կառավարությունը ժամանակակից շուկայավարման պայմաններում չի կարող ուղղակի ստիպել տնտեսվարողներին նվազեցնելու գները:

Արդյունքում նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի նախագծի առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ: Հետևաբար դեղերի իրացումն ԱԱՀ-ից ազատելու արդյունքում դեղերի գների նվազեցում ակնկալելը իրատեսական չէ: Փոխարենը՝ դեղերի իրացումն ԱԱՀ-ից ազատելը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների էական նվազման, ինչպես նաև հարկվող շրջանառությունների հսկման մեխանիզմների թուլացման»,- նշվում է եզրակացության մեջ:

Համաձայն կառավարության՝ ցանկացած հարկային արտոնության սահմանումը մշտապես ուղեկցվում է ոչ միայն հարկումից խուսափելու և չարաշահումների ռիսկերով, այլ նաև հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

Ինչ վերաբերում է դեղերի մասով հասարակության սոցիալապես առավել խոցելի խավերին պետական բյուջեի միջոցներից աջակցություն տրամադրելուն, ապա, ըստ կառավարության, պետության կողմից արդեն իսկ երաշխավորված է բնակչության սոցիալապես խոցելի խավերի՝ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու հնարավորությունը, որն իրականացվում է աջակցության համապատասխան ծրագրերի միջոցով:

Ինչ վերաբերում է Վրաստանից առավել մատչելի դեղեր ձեռք բերելուն, կառավարությունը համարում է, որ դա համատարած բնույթ չի կրում:

Նշենք, որ բացասական եզրակացություն ստացած օրենսդրական նախաձեռնությունը մշակել էր ԱԺ «Ելք» խմբակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ