07 03 2024

Բոլորս ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած․ Փաշինյանը խոսել է Քերոբյանից

Բոլորս ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած․ Փաշինյանը խոսել է Քերոբյանից

Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին:

 «Պետք է ուղիղ ասեմ՝ շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով: Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել Էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա: Համոզված եմ, որ հարցի քննությունը կլինի լիարժեք օբյեկտիվ և մենք կունենանք հարցերի պատասխաններ: Ցավոք, Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, մենք իրադրություններ ունենք և պետք է, հարգելի գործընկերներ, շատ ուշադիր լինենք»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը հավելել է․ կառավարության քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. «Բոլորս մեր առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած: Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետևյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարևոր չափանիշ է: Մենք բոլորս հասկանում ենք, որ կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ սկսած պետական կառավարման համակարգում աշխատավարձերի վարձրատրման համակարգից, որին այդպես էլ չենք կարողանում համակարգային լուծում տալ և գնում ենք հատվածական լուծումների: Բայց դա կապ չունի թեմայի հետ, որովհետև օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Նորից եմ ասում, չենք կարող հույս ունենալ, որ բոլորս մեր գործողությունների մեջ անթերի ենք, բայց նաև պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ