23 02 2024

ԵԿՄ անդամը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են

ԵԿՄ անդամը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են

Panorama.am-ը գրում է. Երկրապահ կամավորական միությունը փետրվարի 13-ին տարածեց  հաղորդագրություն, ըստ որի՝ նախորդ օրը նախնական տվյալներով հանկարծամահ է եղել ԵԿՄ անդամ 40-ամյա Գոռ Ասատրյանը։

Հրապարակված վարկածն ի սկզբանե կասկածելի է եղել մահացածի ընտանիքի, հարազատների համար։ Պարզվում է, որ կամավորական Գոռ Ասատրյանը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են։

«Փետրվարի 12–ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և ըստ նախնական տվյալների՝ հանկարծամահ է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,-Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Նշենք, որ Քրեական Օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասը սահմանում է.  «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ