13 02 2024

«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am

«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am

Factor.am-ը գրում է՝ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2022 թվականի արդյունքներով կուտակել է 542.3 միլիոն ԱՄՆ դոլար պարտավորություններ և 662.3 միլիոն ԱՄՆ դոլար վնաս։ 2023 թ-ի ֆինանսական հաշվետվությունը «Լիդիան Արմենիան» մինչ օրս չի հրապարակել, ինչպես նաև հրապարակված չէ 2022-ի հաշվետվության հայերեն տարբերակը։

2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի 18-ի նիստում հաստատվեց «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12․5 %-ը Հայաստանին նվիրաբերելու որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց այս նվիրատվությունը, իսկ ահա ընկերության պարտքերի մասին որևէ խոսք չեղավ։

Factor.am-ը էկոնոմիկայի նախարարությունից խնդրեց պարզաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ 12.5 % բաժնեմասը փոխանցվում է առանց որևէ պարտավորության, արդյո՞ք պայմանագրում նշվել է այդ մասին։ Նախարարությունից տեղեկացրին, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը դեռևս նախապատրաստվում է: Դրա համար հունվարի 18-ին կառավարության որոշմամբ 1 ամիս ժամանակ է տրվել։ Նախարարությունը հղում է արել 2023 թ-ի փետրվարի 22-ին կնքված եռակողմ հուշագրին, որով «Լիդիան Արմենիան» պարտավորվել էր 12․5 % բաժնեմասն անհատույց տրամադրել կառավարությանը՝ առանց որևէ ֆինանսական պարտավորության։

Հարցին՝ դիտարկվե՞լ է վատագույն սցենար, երբ ընկերության մյուս բաժնետերերը դիմեն միջազգային դատարան, ի՞նչ փաստարկ է ներկայացնելու ՀՀ կառավարությունը՝ խուսափելու համար ընկերության վնասի և պարտքերի բեռից, նախարարությունը չի պատասխանել, նշել են, թե հարցը դուրս է ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ