28 11 2023

Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am

Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am

Hetq.am-ը գրում է.

«Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ «Հետքը» տեղեկացավ, որ նոյեմբերի 27-ին իրավապահները նրանց ապօրինի գործող հանքի տարածքից տեղափոխվել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։ 

Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ապօրինի ավազի արդյունահանման հետևանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Ըստ դատախազության՝ 2023 թ․-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետևանքով 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։

 «Բացի այդ, 2023 թ․-ի սեպտեմբերի 23-ին «Արարակ» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող 64.3 հա հողատարածքում իրականացված ավազակոպճային խառնուրդի արդյունահանման և իրացման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ հայտնում են, որ տեսչականի աշխատակիցները փետրվարի 1-ին են Ռանչպար գյուղում բացահայտել ավազի ապօրինի արդյունահանման և ջրօգտագործման դեպքը։ Ջրօգտագործման մասով վարչական պատասխանատվության են ենթարկել իրավախախտին, իսկ ապօրինի հանքարդյունահանման փաստերը փոխանցել են Քննչական կոմիտե, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2023 թ․-ի օգոստոսի 24-ին Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ վերոնշյալ վայրում իրականացվել է մարկշեյդերական չափագրման (հանքափորվածներում երկրաբանական չափումներ) աշխատանքներ։ Արդյունքները տրամադրվել են ՊԵԿ-ին՝ հետագա ընթացքը լուծելու համար»,- հայտնել են տեսչական մարմնից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ ամիսներ առաջ է սկսել ուսումնասիրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը։ Ուսումնասիրության արդյունքները դեռ չեն ամփոփվել։ Հանձնաժողովից հայտնել են, որ ուսումնասիրության առարկա կդառնա նաև հանքարդյունահանում իրականացրած ընկերությունում Սերգեյ Բագրատյանի կնոջ բաժնետոմսերը չհայտարարագրելու հանգամանքը։

Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման մասին մեր հրապարակումից հետո Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը, «Արարակ» ՍՊԸ-ում ունեցած իր 100 % բաժնեմասը փոխանցել է այլ անձի՝ Վրեժ Եղոյանին, որը Սերգեյ Բագրատյանի բիզնես գործընկերներից է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ