26 10 2023

Ծաղկաձորում «Արմենիան հելիքոփթերսի» ուղղաթիռը բախվել է զիփլայնին․ դեպքը ծածկադմփոց են արել. Hayastan.news

Ծաղկաձորում «Արմենիան հելիքոփթերսի» ուղղաթիռը բախվել է զիփլայնին․ դեպքը ծածկադմփոց են արել. Hayastan.news

Հայաստանում ուղղաթիռային թռիչքներ իրականացնող «Արմենիան հելիքոփթերս» ընկերության գործունեությանը Hayastan.news-ն օրեր առաջ անդրադարձել էր, թե ինչպես է այս ընկերությունը մաքսատուրքից ազատման արտոնություններ ստանում, որ ուղղաթիռներ ձեռք բերի եվրոպական երկրներից, ապա դրանք վաճառում Ռուսաստանին կամ վարձակալությամբ տրամադրում Թուրքիային։ Նույն հոդվածում նշել էինք նաև, որ 2018 թվականին ստեղծված այս ընկերության ուղղաթիռներից մեկը հենց ստեղծման տարում վթարի է ենթարկվել, որը, սակայն, ծածկադմփոց են արել համապատասխան մարմինները։ Հիշեցնենք, որ այս ընկերությունն է նաև Հայաստանում սանավիացիայի գործառույթներ իրականացնում։

Մասնավորապես, Hayastan.news-ին հայտնի է դարձել, որ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ ուղղաթիռներից մեկը՝ Robinson R66 մակնիշի, Ծաղկաձորի տարածքում թռիչք իրականացնելիս վթարի է ենթարկվել՝ բախվելով զիփլայնին։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 10-ի ցերեկը։ Ուղղաթիռը եղել է հայկական գրանցմամբ և բորտին կրել է հայկական EK H-001 համարանիշ։ Վթարի հետևանքով, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել, սակայն հասցվել է նյութական վնաս հարակից ենթակառուցվածքներին և շենք-շինություններին, պոկվել են նաև զիփլայնի ճոպանները։

Դրանից հետո քարշակի միջոցով ուղղաթիռը տեղափոխել են Երևան՝ նորոգման։ Այս դեպքը, սակայն, «Արմենիան հելիքոփթերս» ընկերության ղեկավարության ջանքերով պարտակել են և այնպես են արել, որ այդ մասին որևէ տեղեկություն չտարածվի։ Դրա համար էլ Քաղաքավիացիայի կոմիտեն վթարի մասին որևէ հաղորդագրություն չի տարածել, Քննչական կոմիտեում ևս որևէ վարույթ չեն նախաձեռնել, քանի որ Կոմիտեն դեպքի վերաբերյալ որևէ գրություն չի ուղարկել ՔԿ։ Քննչական կոմիտեից Hayastan.news-ին ասացին՝ չունեն այդպիսի վարույթ։

Լրատվամիջոցը զանգահարել է նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ ճշտելու դեպքի մանրամասներն ու հասկանալու, թե ինչու է դեպքը գաղտնի պահվել։ Կոմիտեից չհերքեցին, որ նման վթար եղել է և ասացին, որ ըստ ընթացակարգի՝ Հայաստանի օդային տարածքում տեղի ունեցող ցանկացած ավիավթարի կամ միջադեպի մասին Քաղավիացիայի կոմիտեն պարտավոր է զեկույց պատրաստել։ Ապա խոստացան քիչ ուշ զանգահարել և հեռախոսը փոխանցել Կոմիտեի համապատասխան իրազեկ պաշտոնյային, որ վերջինս պատասխանի մեր հարցերին և մանրամասներ ներկայացնի դեպքից։ Բայց այդպես էլ կապ չհաստատեցին մեզ հետ՝ դրանցի հետո մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։ Սա ևս խորացրեց կասկածներն առ այն, որ 2018-ին տեղի ունեցած այս վթարը ինչ-որ անձանց պետք է եղել, որ ծածկադմփոց արվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ