01 09 2023

Այսօր Գիտելիքի և դպրության օրն է

Այսօր Գիտելիքի և դպրության օրն է

Այսօր սեպտեմբերի 1-ն է, Գիտելիքի, գրի եւ դպրության օրը: Հայաստանի դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում վերսկսվել են դասերը:

Սեպտեմբերի 1-ն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր։

Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասախոսների համար։ Ավանդաբար այդ օրը դպրոցներում հանդիսավոր արարողություններ են ընթանում՝ նվիրված նոր ուսումնական տարվան։ Հատուկ հանդիսությամբ դպրոցներում ընդունում են առաջին դասարանցիների։

Տոնը նշվում է 1984 թվականից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի № 373-11 «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին» հրամանագրով:

Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, նշում են Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքմենստանում, ինչպես նաև՝ Չեխիայում և Մերձբալթյան երկրներում։

Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։

Ըստ ավանդության՝ Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին:

Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ XX դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ Դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էր տարբեր օրերի։ Օրիանակ՝ գյուղերում ուսումնական տարին սկսվում էր խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, բայց ահա քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ