26 07 2023

Սնունդ՝ հայրենիքի դիմաց․ 168․am

Սնունդ՝ հայրենիքի դիմաց․ 168․am

168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, ինչպես նախկին գրեթե բոլորը, ամեն ինչի և միաժամանակ ոչնչի մասին էր։ Նա, տարբեր ձևակերպումներով, տարբեր մանիպուլյացիաներով կրկնում էր
հակաարցախյան բոլոր այն թեզերը, որոնք բոլոր հնարավոր միջոցներով տարածում է վերջին ժամանակահատվածում։ Ասուլիսը, հերթական անգամ, Արցախը հանձնելու, Արցախից
հրաժարվելու և անարցախ «հայկական հրաշքի» մասին էր։

Ընդ որում, դա հասկանալու համար երկարատև ասուլիսը լսելու տաժանակիր զբաղմունքի կարիքն ամենևին չկար, Նիկոլ Փաշինյանն իր հիմնական ասելիքը ներկայացրեց մի քանի րոպեանոց նախաբանում, որը հակահայկականության, հակամարդկայնության ու ուրացման հերթական էքզիբիցիան էր։ Ընդ որում, կարևոր էին ոչ միայն ու ոչ այնքան այդ նախաբանում հնչած մտքերը, որքան դրանց հերթականությունն ու շեշտադրումները, որոնք հանրության հոգեբանության, արժեհամակարգի վրա կարող են ունենալ սարսափելի հետևանքներ։

Նախ Նիկոլ Փաշինյանը ընդհանուր գծերով, սովորական ձևակերպումներով խոսեց «քանդվող աշխարհակարգի», նոր աշխարհակարգում Հայաստանի ազդեցության բացակայության, գլոբալ միջավայրի մասին՝ այդ համատեքստում կրկնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այն ստանդարտ նախադասությունները, որ հնչեցնում է կառավարության բոլոր նիստերում։ Արցախի վերաբերյալ իր կարճ ասելիքից հետո Նիկոլ Փաշինյանը շատ սահուն, մանիպուլյատիվ կերպով անցում կատարեց Հայաստանի տնտեսական հաջողություններին։ Ընդ որում, նողկալի էր հենց նրա անցումը, որը Նիկոլ Փաշինյանը կատարեց՝ ասելով, թեև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ստեղծում է «լարված էմոցիոնալ ֆոն», սակայն․․․ ու սկսեց ոգևորությունը չթաքցնող ձայնով թվարկել Հայաստանի վերջին տնտեսական հաջողությունները՝ Հայաստանը գտնվում է տնտեսական բարձր աճի փուլում, վերջին մեկ տարում 171 հազար նոր աշխատատեղ է բացվել, 34.469 դրամով աշխատավարձ է բարձրացվել, 507 հազար դրամ ստացող ուսուցիչ կա, բանակում ունենք շարքային զինվորականներ, որոնք ստանում են մինչև 559 հազար դրամ աշխատավարձ (հասկացողը հասկացավ, որ թեև մարտունակ բանակ չունենք, բայց կարևորը՝ ունենք բարձր աշխատավարձ ստացող զինվորական), հարկային եկամուտները գերակատարվել են շուրջ 50 միլիարդ դրամով, նվազագույն կենսաթոշակը մոտեցել է ընդհուպ նվազագույն պարենային զամբյուղին, և այդպես շարունակ։ Բնականաբար, այս թվարկումները Նիկոլ Փաշինյանն ամփոփեց իր ամենասիրելի նախադասությամբ․ «Սա պատմական ցուցանիշ է»։

Ինչպես նշվեց, տվյալ դեպքում կարևոր են ոչ այնքան՝ Նիկոլ Փաշինյանի նոմինալ հայտարարությունները, որոնք ստեղծված իրավիճակում, Արցախի աղետալի պայմաններում, մեղմ ասած, անպատեհ են հնչում, այլ՝ նրա հայտարարությունների համատեքստը և երկու թեմաների միջև կապի ստեղծումը։ Իսկ դրա նպատակն ու դրա միջոցով հանրության վրա հոգեբանական ներազդման մեխանիզմը մոտավորապես հետևյալն է՝ «Թեև Արցախի վիճակը սարսափելի է, սակայն կարևորն այն է, որ Հայաստանն ունի պատմական տնտեսական աճ, այսինքն՝ առանց Արցախի մենք ավելի լավ ենք ապրում, քան ապրում էինք, երբ Արցախը համարում էինք մերը ու հանդիսանում էինք նրա անվտանգության երաշխավորը»։ Միջին վիճակագրական քաղաքացու արձագանքն էլ Նիկոլ Փաշինյանի այս մանիպուլյացիաներին կարող է լինել հետևյալը․ «Մարդը ճիշտ ա ասում, էլի, բա մեզ պե՞տք ա Ղարաբաղը, կարևորը՝ թոշակները բարձրացնում ա»։ Սա, իհարկե, խտացված ու փոքր-ինչ գրոտեսկային պատկերավորում է, բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հենց նման նպատակադրմամբ էր ասուլիս հրավիրել ու խոսում ամեն ինչի ու ոչնչի մասին։

Նա հետևողականորեն զբաղված է Հայաստանը մանկուրտների հասարակության բնակավայրի վերածելու գործով։ Ինքն էլ հրաշալի է զգում անհայրենիք, անհիշողություն ու անարժանապատիվ մանկուրտների առաջնորդի կարգավիճակում, որում իր հիմնական առաքելությունը համարում է «Սնունդ՝ հայրենիքի դիմաց» բանաձևի իրագործումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ