14 06 2023

Գոռ Տեր-Եսայանը նամակների, զանգերի, երբեմն հանդիպումների միջոցով սպառնալիքներ է հնչեցրել Լիանայի մայրիկի, տատիկի, քրոջ հասցեին

Գոռ Տեր-Եսայանը նամակների, զանգերի, երբեմն հանդիպումների միջոցով սպառնալիքներ է հնչեցրել Լիանայի մայրիկի, տատիկի, քրոջ հասցեին

News.am-ը գրում է․ Քաղաքացի Լիանա Մարգարյանի տարածած տեսանյութից հետո, որում նա պատմում էր, որ ամուսինը՝ Գոռ Տեր-Եսայանը, հետապնդում եւ սպառնում է իրեն, իրավապահները որեւէ քայլ չեն ձեռնարկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Սաղոյանը։

Հիշեցնենք, Լիաննա Մարգարյանը հայտարարել էր՝ իր աչքի առաջ 47-ամյա հորը սպանած ամուսինը՝  Գոռ Տեր-Եսայանը,  կատարած հանցանքի համար պատիժ չի կրել,  երկու տարի հոգեբուժարանում անցկացնելուց հետո հիմա գտնվում է ազատության մեջ, սպառնում է իրեն եւ հարազատներին։

Գոռ Տեր-Եսայանը, որը նախկինում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի՝ 6-րդ գլխավոր վարչության աշխատակից է եղել, 2020 թվականին հրազենի գործադրմամբ սպանել էր աներոջը՝ 47-ամյա Արթուր Մարգարյանին։

«Միանշանակ, կա անհրաժեշտություն, որ նվազագույնը իրավապահները ստուգեն տեղեկությունների իսկությունը»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Գոռ Տեր-Եսայանը նամակների, զանգերի, երբեմն հանդիպումների միջոցով սպառնալիքներ է հնչեցրել հարազատ եղբոր եւ Լիանայի մայրիկի, տատիկի, քրոջ հասցեին։

«Նախաձեռնվել է վարույթ։ Նրանց տրամադրվել են ոստիկանության ծառայողներ, որոնք ամբողջ օրվա ընթացքում ապահովում են նրանց անվտանգությունը»,- նշեց Սաղոյանը՝ ընդգծելով, որ կնոջ նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու եւ նրան հետապնդելու առնչությամբ վարույթ չի նախաձեռնվել։

Կանանց աջակցման կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ այս պահը Լիանա Մարգարյանն իրենց կենտրոն չի դիմել աջակցություն ստանալու համար։

«Կինն ինքը պետք է դիմի մեզ աջակցության համար, որովհետեւ հասարակական կազմակերպությունն առանց կնոջ գիտակցված ընտրության չի կարող օգնություն ցուցաբերել։ Ենթադրում եմ, որ ինքն այնպիսի տեղում է թաքնված, որ նման աջակցության կարիք չունի»,- ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանը նկատում է՝ առաջին անգամը չէ, որ ուժային կառույցների նախկին կամ ներկա աշխատակիցները բռնության են ենթարկում իրենց կանանց եւ համակարգում իրենց ազդեցությունն օգտագործելով՝ մնում անպատիժ։

«Նախորդ տարի նման դեպք էր եղել մարզերից մեկում, երբ կինը հաղորդում էր ներկայացրել բռնարար ամուսնու դեմ, սակայն Ոստիկանությունում փորձել էին համոզել կնոջը հետ վերցնել բողոքը։ Այսպես ուժային կառույցների ներկայացուցիչներն օգտվում են համակարգում իրենց ազդեցությունից եւ կապերից, ինչու ոչ՝ թույլատրված զինատեսակներից, որոնք էլ որպես հավելյալ ճնշում են օգտագործում կանանց վրա»,- ընդգծեց նա։

Նշենք, որ Hayastan.news-ի տեղեկություններով՝ Գոռ Տեր-Եսայանը բավականին հարուստ է, Երևանի կենտրոնում, մասնավորապես՝ Ամիրյան փողոցում մի շարք առևտրային տարածքներ ունի, որոնք վարձակալությամբ են տրված։ Բնակվում է Ծիծեռնակաբերդի խճուղու նորակառույց շենքում, ունի թիկնապահներ, որոնք մշտական հսկողություն են իրականացնում նրա տան մոտ, անգամ քնում են շքամուտքում։ Աներոջ սպանության համար երկու տարի հոգեբուժարանում անցկացրած, հետո ազատ արձակված Գոռ Տեր-Եսայանը, ըստ աղբյուրի տեղեկությունների, խնդիրներ ունի նաև իր մոր և հարազատ եղբոր հետ։ Ամիրյանում վարձակալությամբ տրված տարածքները Գոռ Տեր-Եսայանի հայրը ժառանգություն թողել է Գոռի եղբորը, ինը կռվախնձոր է դարձել եղբայրների միջև։ Ըստ աղբյուրի՝ Գոռ Տեր-Եսայանը մի քանի անգամ գնացել՝ այդ տարածքների վարձակալների հետ վիճաբանության մեջ է մտել, որից հետո զանգահարել են ոստիկանություն, նրան տարել են բաժին, մի քանի ժամ անց նորից բաց են թողել։

NEWS.am-ը հարցում է ուղարկել Դատախազություն պարզելու՝ արդյոք տարածված տեսանյութը ուսումնասիրվում է, վարույթ նախաձեռնվել է, թե՝ ոչ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ