07 06 2022

Կորցրած սարքը վերադարձրին․ իսկ ծեծող ոստիկանը պատժվա՞ծ է

Կորցրած սարքը վերադարձրին․ իսկ ծեծող ոստիկանը պատժվա՞ծ է

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հունիսի 3-ի բախումների ժամանակ, ինչպես արդեն գրել էի, Yerevan.Today-ը կորցրել էր ուղիղ եթեր ապահովող սարքը, քանի որ ոստիկանները օպերատորի ձեռքից խլել էին մոնոփոդը, որի վրա ամրացված էր տեսախցիկը և դրանով ծեծել ցուցարարներին։ Կոտրվել էր նաև մոնոփոդի ոտնակը։

Տեղեկացնեմ, որ ոստիկանությունը հայտնաբերել և վերադարձրել է ուղիղ եթերի սարքը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։

Բայց ամենակարևորը՝ պատժվա՞ծ են այն ոստիկանները, որոնք այս ձողով ծեծել են քաղաքացիներին։ Պատժվա՞ծ են այն քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք տեսել են օպերատորի հագուստի տեսանելի վայրում փակցված բեյջը, ում մեր աշխատակիցը լրացուցիչ հայտնել է, որ օպերատոր է, բայց չեն թողել օղակից դուրս գա և արդյունքում ստացել է ոտքի վնասվածք։ Վստահ եմ՝ պատժված չեն, ու չի պատժվելու այս իշխանության օրոք։

Այս ընթացքում տեսանք, թե ինչպես են ոստիկանները երեխայի թև վնասում, մեկ այլ անչափահասի ոտք կոտրում, մեկ այլ անչափահասի կալանքի տանում, և այդ ֆոնին հայոց հարցը չենք դարձնում մեր օպերատորի ոչ խորը վնասվածքը, բայց ուզում եմ հասկանալ՝ արդյոք պետք է ոստիկանին ոչ վայել վարքագիծ ունեցողները ազատ ֆռֆռան հանրության մեջ՝ ամեն վայրկյան իրենցից վտանգ ներկայացնելով։

Այս դեգրադացիան միայն ոստիկանների մոտ չէ։ Երբ 50-ից ավելի մարդ ոստիկանության հետ բախումների արդյունքում տեղափոխվում է հիվանդանոց, և առողջապահության նախարարն ասում է՝ շնորհակալ է ոստիկաններին, որ էդքան մարդ իր ենթակայության հիվանդանոցներ է ընկել, դա առողջապահության նախարար կոչվելու իրավունք չունի, ուղղակի քուչից կաբինետ հասած մեկն է։

Երբ արդարադատության նախարարը ասում է, որ ոստիկանության՝ քաղաքացուն ծեծելը համաչափ է, ուրեմն նա արդարադատության հետ այնքան կապ ունի, որքան Նիկոլը՝ մարդասիրության։

Ժողովուրդ, ոստիկանության գործառույթը խլելը չէ, ծեծելը չէ, ատելություն տարածելը չէ․ սա պետք է հասկանալ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ