26 06 2019

ՊՆ առաջարկում է ավելացնել պարտադիր ժամկետային զինծառայողների ամսավճարը

ՊՆ առաջարկում է ավելացնել պարտադիր ժամկետային զինծառայողների ամսավճարը

Պաշտպանության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրել նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնել 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով: 

Նախագծի անհրաժեշտությունը առաջացել է, քանի որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:

Ըստ նախագծի՝ պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվող ամսական դրամական միջոցները տրամադրվում են.

ավագներին՝ 5300 դրամ,

ավագ սերժանտներին 5000,

սերժանտներին՝ 4500,

կրտսեր սերժանտներին՝ 4000,

եֆրեյտորներին՝ 3600,

շարքայիններին՝ 3400 դրամ

ՊՆ նախագածի ընդունմամբ ակնկալվում է հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ