22 05 2019

Սոցապ ծառայության պարզաբանումը կապված կենսաթոշակ ստանալու դժվարությունների հետ

Սոցապ ծառայության պարզաբանումը կապված կենսաթոշակ ստանալու դժվարությունների հետ

Կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ արխիվային տեղեկանքները 2017թ. հունվարի 1-ից ստացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Սոցիալական ապահովության ծառայություն-ՀՀ ազգային արխիվ համակարգերի միջև էլեկտրոնային հարցումների» ենթակառուցվածքի միջոցով: Այս մասին հայտնում է Սոցիալական ապահովության ծառայությունը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակմանը, որտեղ նշվում էր, թե կենսաթոշակի տարիքի հասած քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են, քանի որ աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ քաղաքացու համար արխիվային տեղեկանքները դարձել են անհասանելի: Նրանք չեն կարող արխիվից ձեռք բերել իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքները:

Սոցիալական ապահովության ծառայությունը (Ծառայություն) պարզաբանում է, որ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (հոդված 32, կետեր 1, 3)՝ «մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը…», «Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով»:

Ընդ որում՝ 2 գերատեսչության միջև կնքված համատեղ հրամանով, կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ արխիվային տեղեկանքները 2017թ. հունվարի 1-ից ստացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Սոցիալական ապահովության ծառայություն -ՀՀ ազգային արխիվ համակարգերի միջև էլեկտրոնային հարցումների» ենթակառուցվածքի միջոցով: Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագրի շահագործումը քաղաքացիներին ազատել է ավելորդ քաշքշուքներից և տեղեկանքի ստացման համար սահմանված պետական վճարից (բացառությամբ, եթե քաղաքացին իր նախաձեռնությամբ դիմում է ՀՀ ազգային արխիվ):

Այլ է խնդիրը, որ որոշ դեպքերում ՀՀ ազգային արխիվը մերժում է տեղեկատվության տրամադրումը՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Այսինքն, եթե փաստաթղթերը գործատուների կողմից չեն հանձնվել ՀՀ ազգային արխիվ:

Արխիվային տեղեկանքի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը կարող է հաստատվել դատական կարգով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ