20  12  2017

Հայաստանի մանուկներ հիմնադրամի 14-րդ գալա երեկոյին հանգանակվել է 3.6 միլիոն դոլար

Հայաստանի մանուկներ հիմնադրամի 14-րդ գալա երեկոյին հանգանակվել է  3.6 միլիոն դոլար

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 3.6 միլիոն ԱՄՆ դոլար։ Հանգանակված ողջ հասույթը ծառայելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերին՝ հատուկ շեշտ դնելով ՍՄԱՐԹ նախաձեռնության վրա։

Նյու Յորքի ամենամեծ բարեգործական միջոցառմանը ներկա են եղել արվեստի աշխարհում համաշխարհային հռչակ վայելող Թոնի Շաֆրազյանը, «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր, դերասանուհի Անդրեա Մարտինը, դիզայներ Մայքլ Արամը, շեֆ-խոհարար Ջեֆրի Զաքարյանը, դերասանուհի և երգչուհի Վանեսա Ուիլիամսը։

«COAF-ի մարդասիրական մրցանակը» շնորհվել է «էմմի» մրցանակի դափնեկիր, հագուստի մոդելավորող և դիզայներ Պատրիսիա Ֆիլդին։ Ֆիլդը, ով հայկական և հունական արմատներ ունի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի վաղեմի աջակիցն է, քաջալերում է մարդկանց իրացնել իրենց ամբողջ ներուժը, լինել յուրօրինակ ու հասնել անհատական կատարելության։

Երեկոյի հատուկ հյուրերն են եղել Հայաստանից մեկնած երաժիշտներ 14-ամյա սաքսոֆոնահար Ալեքսանդր Ավետիսյանը և 9-ամյա վոկալիստ Անի Մարգարյանը։ Գալայի մասնակիցները հնարավորություն են ունեցել ունկնդրելու լեռնագոգցի (Արմավիր) 16-ամյա Նարե Գալստյանին։ Նա վառ գույներով պատմել է, թե ինչպես է COAF-ը փոխել իր կյանքը, ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք մինչ այդ գոյություն չունեին իրենց գյուղում։

Աշխարհահռչակ կոլեկցիոներ Սայմեն դե Պյուրին աշխուժություն է ապահովել իր վարած աճուրդի ամբողջ ընթացքում։ Ներկայացված են եղել COAF-ի առաքելությանը նվիրաբերված արվեստի եզակի գործեր հայտնի արվեստագետներ Էդ Ռուշայի, Ռիչարդ Փրինսի, Քենի Սքարֆի և Պատրիկ Դեմարշելյեի կողմից։ Աճուրդում վաճառվել է նաև հայ-ամերիկյան աշխարհահռչակ արձակագիր Վիլյամ Սարոյանի գործերից մեկը։ 

Նշենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ