11 03 2022

Իրավապահ համակարգի երկակի ստանդարտները



 «Ընտրությունների նախօրեին Գարիկ Սարգսյանը քաղաքական պատճառով աշխատանքից տնօրենների է ազատել»: «Գարիկ Սարգսյանի վարորդն անվճար երթուղու «Գազելն» է վարում»: «Գարիկ Սարգսյանը Վեդիի ընտրություններից առաջ սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրել համայնքային բյուջեից»:

Արդեն տևական ժամանակ է՝ մամուլը ողողված է նմանօրինակ ահազանգերով ու վերնագրերով: Իշխող ուժը ոչ մի կերպ չի մարսում Վեդի խոշորացված համայնքում կրած պարտությունը: Արարատի նախկին մարզպետին, ով պարզվեց կոկորդիլոսներից ավելի լավ է գլուխ հանում, քան հեկտարներից, վեդեցիները չցանկացան տեսնել իրենց քաղաքապետի պաշտոնում:

Բայց դե ժողովրդավարությունից անդադար խոսող ՔՊ-ի համար ժողովրդի կարծիքը կարևոր է միայն այն ժամանակ, եթե համընկնում է իրենց կարծիքին:

Եվ եղավ այն, ինչ եղավ: Գարիկ Սարգսյանը պարտվելուց հետո տարբեր միջոցներով տապալեց ըննդիմադիր ուժերի կոլացիան, և նշանակվեցին ընտրություններ, ինքն էլ ոչ ավել, ոչ պակաս հենց այն համայանքի ժամանակավոր պաշտոնակատար է, որի համար առաջադրվել էր:

Նշանակվեց ու միանգամից որոշեց ազատվել իր հրաժարականը պահանջած համայնքապետերից և Վեդի խոշորացված համայնքի 16 գյուղերում վարչական նոր ղեկավարներ նշանակեց։ Առաջիկայում էլ՝ մարտի 27-ին, տեղի կունենան Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունները: 

Գարիկ Սարգսյանն էլ ինչպես տեսանք արդեն պատրաստվում է, էլ պետական միջոցներից գումար է բաժանում, էլ անվճար երթուղի է հատկացնում բնակիչներին, ընդդիմադիր տնօրենների է ազատում աշխատանքից: Բայց դա ոչ տեսնում են դատախազությունում, ոչ էլ ոստիկանությունում: Բայց այս դեպքում հարց է առաջանում՝ այդ ինչպես են որոշել, որ Գարիկ Սարգսյանը բարեգործություն է անում, իսկ օրինակ Առուշ Առուշանյանը՝ կաշառք էր բաժանում:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ևս անապահովներին գումար էր հատկացրել՝ Գորիսի ավագանու որոշմամբ, բայց դա իշխանութունը որակել էր ոչ թե աջակցություն՝ անապահովներին, այլ՝ ընտրակաշառք, և դրա հիմքով Առուշանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, 2021 թվականի հուլիսից էլ նա զրկվեց ազատությունից և մինչ այս պահը կալանավայրում է։

Չասենք մեկը մեղավոր է, մյուսը՝ անմեղ, պարզապես երկու համանման գործողություն է, և տարբեր մոտեցում իրավապահ համակարգի կողմից, որը ըստ տրամաբանության չպետք է տրվի: Եթե օրենքի խախտում է, ուրեմն պետք է քրեական գործ հարուցվի և կալանավորվի նաև Գարիկ Սարգսյանը, եթե օրինական գործընթաց է, ապա Առուշ Առուշանյանը պետք է ազատ արձակվի: Ընդ որում, շեշտենք, եթե Առուշ Առուշանյանի պարագայում սոցաջակցության որոշումները կարելի է տեսնել ըստ տարիների, Գարիկ Սարգսյանն այդ որոշումները կայացրել է հենց ընտրություններից առաջ։

Բայց իհարկե, սա այս իշխանության երկակի մոտեցման միակ ապացույցը չէ, դրանք կարելի է տասնյակներով թվարկել: Օրինակ, Դատախազության տրամաբանությամբ՝ դատավոր Բորիս Բախշիյանին պետք է կալանավորել, որովհետև դատական նիստ է արել առանց մեղադրյալի մասնակցության, իսկ այ Արմեն Դանիելյանին՝ ոչ, որը ոչ ավել, ոչ պակաս ԱԺ պատգամավորին կալանավորելու որոշում էր կայացրել առանց անգամ ծանուցելու դատական նիստի մասին:

Թե ուր է տանելու իշխանությանը այս տարբերակված, խիստ սուբյեկտիվ, քաղաքական շահով պայմանավորված մոտեցումը դժվար է ասել, բայց վստահաբար ոչ մի լավ տեղ Հայաստանի ու ժողովրդի համար: Այլ կերպ ասած՝ «ապագա չկա, չկա ապագա» երկակի այս ստանդարտներին:

Այս ամենի մասին՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ