09 02 2022

Ի՞նչ է քննարկվել Հայաստանի ապագայի մասին 2021 թվականին Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումում․ Zham.am

Ի՞նչ է քննարկվել Հայաստանի ապագայի մասին 2021 թվականին Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումում․ Zham.am

Zham.am-ը գրում է․

«Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Անթալիայում ֆորումին մասնակցելու թուրքական հրավերին։

Նա հիշեցրեց, որ մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք ֆորումի հրավերներ են ուղարկվել հայկական դիվանագիտության ղեկավար Արարատ Միրզոյանին և Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ «Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը ֆորումին»,-ասել է թուրք նախարարը։

Առաջիկայում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը լինելու է հենց թուրքական առողջարանային քաղաքում տեղի ունեցող դիվանագիտական ​​այս ֆորումը։

Նախ մի քանի խոսք բուն ֆորումի մասին։ Կազմակերպիչներն ասում են, որ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումը դիվանագիտությամբ զբաղվող մասնագետների հավաք է:

«Այն հարթակ է տրամադրում դիվանագիտության, քաղաքականության և բիզնեսի ոլորտների տարածաշրջանային և գլոբալ դերակատարներին՝ մտքեր փոխանակելու և միջազգային խնդիրներ լուծելու համար»,-ասվում է ֆարումի կայքի  «Մեր մասին» բաժնում:

Կարևոր է նշել նաև, որ 2021 թվականին այս ֆորումին արդեն մասնակցել է Հայաստանի նախկին պաշտոնյան, և խոսքը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի մասին է։

Լիպարիտյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ բանախոս է եղել «Հարավային Կովկաս. տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններ» խորագրով պանելում։

Համաժողովի այս պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և պրոֆ. Դոկտոր Քամիլ Այդին, իհարկե, քննարկվել են ղարաբաղյան պատերազմից հետո «տարածաշրջանում խաղաղության» հեռանկարները։

Հասկանալի է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Լիպարիտյանի ելույթի վրա, որի հիմնական թեզերը հետևյալն էին.

  • ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կլիներ Հայաստանի ղեկավարի ամենահավասարակշռված թեկնածուն,
  • Հայաստանը պետք է իրեն տեսնի որպես տարածաշրջանի մաս,
  • Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է ուղիղ բանակցություններ սկսվեն:

Ելույթ ունենալով նույն պանելում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել էր, որ «ադրբեջանական հողերի ազատագրումը հայկական օկուպացիայից» նոր հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության խթանման համար։

«Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։ Սա է այսօրվա միակ ճիշտ ճանապարհը»,- ասել էր նախարարը։

Լիպարիտյանը 2021-ին չսահմանափակվեց միայն պանելային քննարկմանը ելույթներով և «մեծահոգաբար» հարցազրույցներ էր բաժանում ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին։

Մասնավորապես, թուրքական «AVIM»-ին տված հարցազրույցում, նա մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել.

  • Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ.
  • Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու.
  • Ղարաբաղում 2020 թվականի պատերազմում հաղթանակը տարել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, ինչը թույլ է տալիս թշնամանք սերմանել Հայաստանում թուրքերի նկատմամբ.
  • Հայաստանի երիտասարդությունն ավելի պրագմատիկ և իրատես է, նրանք իրենք են հետազոտություններ անում Թուրքիայի հետ հարաբերությունների ոլորտում և չեն տրվում մանիպուլյացիայի։

Անթալիայում արտահայտված և Հայաստանին վերաբերող խոսքերն ամփոփելիս տեսնում ենք, որ ըստ մասնակիցների «տարածաշրջանում խաղաղության բանալին եղել է Թուրքիայի հաղթանակը ղարաբաղյան պատերազմում»։

Նույն թեզը, փետրվարի 5-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը A Haber-ին տված հարցազրույցում բառացիորեն հայտարարել էր, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի ազատագրումը» Հայաստանի երկարամյա «օկուպացիայից» եղել է «տարածաշրջանում խաղաղության բանալին»:

Ամեն ինչ ավելի քան թափանցիկ է, և այսօր գործընթացն ընթանում է մեկ տարի առաջ, իսկ գուցե նաև ավելի վաղ ուրվագծված ճանապարհով։

Այլ բան, որ հայկական պետության շահն այս գործընթացում տեսանելի չէ (մոռացեք թուրքական կապիտալի շնորհիվ տնտեսական բումի առասպելական խոստումների մասին, դա միֆ է)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ