08 01 2021

Եթե հանկարծ պարզվի, որ Տավուշից նույնպես տարածքներ պետք է հանձնվեն, մեր տեղը խրամատներում է լինելու. Տավուշի թեմի առաջնորդ․ Փաստինֆո

Եթե հանկարծ պարզվի, որ Տավուշից նույնպես տարածքներ պետք է հանձնվեն, մեր տեղը խրամատներում է լինելու. Տավուշի թեմի առաջնորդ․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ ««Ես բոլորի նման համացանցից և մամուլից եմ տեղեկացել այն լուրերին, թե Տավուշի մարզից առաջիկայում նույնպես տարածքներ պետք է հանձնվեն: Այդ լուրերն, արդեն իսկ, պաշտոնապես հերքվել են մարզպետի կողմից, բայց առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ դրանք կառավարական ամենաբարձր մակարդակով նույնպես չեն հերքվում, որովհետև հասկանում եմ, որ այսպիսի պարագայում միայն մարզպետը չէ, որ պետք է հերքում տարածի: Իշխանությունների կողմից որևէ տեսակի անդրադարձ խնդրի վերաբերյալ, կարծես թե չկա, և ես հասկանում եմ, որ հարցի վերաբերյալ տարընթերցումները, տարաձայնությունները կամ անհանգստությունները, հավանաբար, հենց այստեղից են ծնվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Տավուխի բնակիչներից, ինչպես նաեւ իրազեկ անձանցից ահազանգեր են ստացվել առ այն, որ Տավուշի մարզի՝ Իջևան, Նոյեմբերյան, Շամշադին վարչական տարածքներում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիր վտանգված է: Ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կարող են անցնել նաև մարզում գտնվող կարևոր նշանակության մի շարք ենթակառուցվածքներ նույնպես:

Մարզի հոգևոր առաջնորդը նկատում է՝ այս պահին մարզում որևէ նման շարժ իրենք չենք արձանագրել և չեն տեսնում. «Իհարկե, մենք ամենօրյա կապի մեջ ենք գյուղապետերի հետ, խոսում ենք, փոխանակվում մեր ունեցած տեղեկություններով նաև մարզպետի, մարզում տեղակայված զորամիավորումների ներկայացուցիչների հետ: Հենց այսօր ես եղել եմ Կիրանց գյուղում, հանդիպել և զրուցել եմ բնակիչների հետ: Նորից եմ կրկնում՝ այս պահին նման շարժ չկա, բայց այսօր էլ ասել եմ՝ եթե հանկարծ, Աստված մի արասցե, նման բան տեղի ունենա, ու պարզվի, որ Տավուշից նույնպես տարածքներ և բնակավայրեր պետք է հանձնվեն, մենք հստակ գիտենք, որ մեր տեղը խրամատներում է լինելու», -ասում է Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիրը վտանգված է։ Տավուշի բնակիչները մտահոգված են, որ նոր սահմանազատումները շուտով հասնելու են նաև Տավուշին և որոշ տարածքներ, այդ թվում՝ կարևոր ենթակառուցվածքներ, անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն, քննարկվում է նաև երկու զորամասի տեղափոխման հավանականության հարցը։ Ոլորտին իրազեկ անձինք «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ զորամասերի տեղափոխման քննարկումը եղել է դեռեւս տարեվերջին, սակայն Սյունիքի շուրջ մեծ աղմուկի պատճառով որոշ ժամանակով հարցը առկախվել է։ Ադրբեջանական հսկողության տակ կարող են անցնել նաև Բաղանիսի որոշ հատվածներ։ Զրուցակիցներից մեկը՝ սահմանապահներից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհի՝ որոշ հատված, ինչպես Սյունիքում, հանձնվելու է Ադրբեջանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ