11 12 2020

Իսկ ո՞ւր կորավ ինքնորոշումը․ ամենակարևորը ԼՂ կարգավիճակի հարցն է․ Էդվարդ Նալբանդյան

Իսկ ո՞ւր կորավ ինքնորոշումը․ ամենակարևորը ԼՂ կարգավիճակի հարցն է․ Էդվարդ Նալբանդյան

«Այս իրավիճակում բացարձակ չի կարելի լռել, թե ով է խախտել հրադադարը»,- այս մասին «Sputnik Արմենիա»-ի եթերում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում. հայացք Մոսկվայից և Երևանից» վերտառությամբ կլոր սեղանի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ-ի պատվավոր դոկտոր, Հայաստանի նախկին արտգործնախարար (2008-2018) Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե ՌԴ-ն դուրս է բերել կարգավիճակի հարցի դիտարկումը բանակցային գործընթացից։

Նալբանդյանի դիտարկմամբ՝ շատ սխալ է ասելը, որ Ռուսաստանը, առավել ևս՝ մեր դաշնակից Ռուսաստանը, կարգավիճակի հարցը դուրս է բերել բանակցային գործընթացից։

Նրա գնահատմամբ, դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ողջ բանակցային գործընթացի փուլում վերջնական կարգավիճակի, միջանկյալ կարգավիճակի հարցը առկա է եղել բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ մինչ Կազանը, Կազանում և Կազանից հետո։

Նա նշեց, որ պետք է հասկանալ, որ եղել է Կազան, որից հրաժարվել է ոչ Հայաստանը, այլ Ադրբեջանը, բայց Կազանից հետո ևս բանակցությունները շարունակվել են, և դրանք շարունակվել են ոչ միայն համանախագահների մակարդակով, այլև նախագահական մակարդակով։

Նալբանդյանը հիշեցրեց, թե ինչ բարձր մակարդակի հայտարարություններ են արվել Մեծ Քսանյակի շրջանակում և այդ հայտարարություններում անընդհատ նշվել է հիմնարար սկզբունքների վրա աշխատանքի կարևորությունը և հիմնական պարամետրերի, իսկ հիմնական պարամետրերը, գլխավորները՝ միջանկյալ կարգավիճակ և վերջնական կարգավիճակ։

ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը պարզաբանեց՝ ի՞նչ է վերջնական կարգավիճակը։

«Վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվեր ԼՂ բնակչության կողմից ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենար միջազգային իրավական ուժ, այսինքն՝ կլիներ պարտադիր բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի համար, հստակորեն որոշված էր, որ բոլոր հարցերը, որոնք դրվելու են քվեարկության, որևէ բանով սահմանափակված չեն լինելու, այսինքն՝ ենթադրվում էր ցանկացած վերջնական կարգավիճակ ԼՂ-ի համար, հստակեցված էր տոկոսային հարաբերակցությունը էթնիկական մասնակցության այդ ազատ կամարտահայտությանը, որը նշանակում էր, որ ինչպես 1988 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի տվյալների հիման վրա, այսինքն՝ պարզ էր տոկոսային հարաբերակցությունը, և չափազանց կարևոր է, որ այդ վերջնական կարգավիճակից առաջ հստակեցվում էր միջանկյալ կարգավիճակը, որից խոսեցի։

Ներկայիս իրավիճակում, երբ պատերազմ է տեղի ունեցել և լիովին փոխվել է կոնֆիգուրացիան տեղում, ինչպես երևում է, բարդ է այս պահին խոսել վերջնական կարգավիճակի մասին այսօր կամ կարգավիճակի հարցի լուծման մասին մոտ ապագայում, բայց այդ հարցը գոյություն ունի, դա փաստ է՝ չնայած Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ՝ վերջ, ոչ մի կարգավիճակ չի կարող քննարկվել։ Այդ դեպքում ինչի՞ շուրջ էին ընթանում բանակցություններն այսքան տարիներ։ Ամենակարևորն այս իրավիճակում, որ համանախագահներն այս տարիների ընթացքում խոսել են երեք սկզբունքների մասին՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում և ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում։ Վերջին հայտարարությունում նշանակալի է, որ համանախագահներն ասում են, որ չպետք է կիրառվի ուժ, տարածքային ամբողջականության հարցը Ադրբեջանը իբրև թե լուծել է, իսկ ո՞ւր կորավ ինքնորոշումը»,- նման հարցեր առաջադրեց Նալբանդյանը։

Նրա խոսքով, դրանք են այն հարցերը, որոնք կարող են դառնալ բանակցությունների առարկա։ Ըստ Նալբանդյանի, սրանց հետ նաև ամենակարևորը՝ ուժի չկիրառում։ «Մենք երեկ Ադրբեջանի զորահանդեսի ընթացքում լսեցինք ռազմատենչ ելույթներ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից, որը տարածքային պահանջներ առաջ քաշեց Հայաստանին, որ Ադրբեջանի պատմական հողերը Երևանը, Սևանը և Զանգեզուրն են, իսկ Էրդողանն իր ելույթում աննախադեպ կուլբիտ ցուցադրեց՝ հայտարարելով, թե այս օրը լուսավորում է հիշատակը կամ հոգիները այնպիսի մեծ գործիչների, ինչպիսիք են Էնվեր փաշան և Նուրի փաշան և իսլամակովկասյան բանակի զինյալները, դրանք հենց Հայոց ցեղասպանության իրականացնողներն են, այդ թվում՝ հետագա գործընթացները, սա շատ հարցեր է առաջադրում՝ երևում է, որ և Թուրքիայի, և Ադրբեջանի հավակնությունները մինչև վերջ բավարարված չեն, իսկ մյուս կողմից՝ սպառնալիք է հետագա գործողությունների նրանց կողմից։ Այս իրավիճակում բացարձակ չի կարելի լռել, թե ով է խախտել հրադադարը»,- ընդգծեց Նալբանդյանը։

Նրա որակմամբ՝ բացարձակ պարզ է, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը։ «Տարօրինակ է, որ դրա վրա պետք է աչքերը փակել, աչք փակելը դրա վրա կարող է հանգեցնել այնպիսի հայտարարությունների, որոնք հնչեցին երեկ Բաքվի զորահանդեսի ընթացքում»,- հայտարարեց Նալբանդյանը։

«2016 թվականին պատրաստ էինք ճանաչել ԼՂ անկախությունը»,- տեսակամրջի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԼՂ անկախության ճանաչման հարցին։

Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը կայանում էր հետևյալում՝ եթե Ադրբեջանը նախաձեռներ պատերազմ, ապա Հայաստանը ստիպված կլիներ ճանաչել Լեռնային Ղարաբաղը, քանի որ պատերազմի մեկնարկով հնարավոր չէր լինի շարունակել բանակցային գործընթացը։ «Հարց կարող է առաջանալ, թե ինչու 2016 թվականի ապրիլին, երբ սկսվեցին ռազմական գործողություններ, Հայաստանը չճանաչեց ԼՂ-ն։ Պետք է հաշվի առնել, որ ռազմագործողությունները դադարեցվեցին երեքուկես օր անց։ Հայաստանը պատրաստել էր բոլոր փաստաթղթերը ճանաչման, և մենք պատրաստ էինք դրան, բայց ընթանում էին ինտենսիվ բանակցություններ հրադադարի շուրջ, և եթե դրանք տապալվեին, չտային որևէ արդյունք, բնականաբար, Հայաստանը կճանաչեր և ՌԴ միջնորդությամբ՝ ոչ միայն անմիջական, ուղիղ, այլև անհապաղ արձագանք ՌԴ-ի կողմից, հնարավորություն ստեղծվեց դադարեցնել ռազմական գործողությունները, և այն ժամանակ, երբ դադարեցրինք ռազմական գործողությունները, ընթանում էին բանակցություններ և ընդհանրապես բանակցությունների ընթացքում այդ հարցը դրվել է քաղաքական ուժերի, հասարակության կողմից, և այսօր կուզեի նշել, որ համանախագահներն են բազմիցս իրենց դիրքորոշումն արտահայտել, որ քանի դեռ բանակցային գործընթաց է տեղի ունենում, ճանաչումը կդնի հարվածի տակ բանակցային գործընթացը։ Բայց այս պատերազմի ընթացքում, երբ պատերազմը շարունակվում էր ոչ թե երեքուկես օր, առավել ևս՝ առաջին, երկրորդ, երրորդ հրադադարների պայմանավորվածություն եղավ և խախտվեց, իմ կարծիքով, կային բոլոր հիմքերը ճանաչելու համար ԼՂ-ն, և դա կարող էր օգտակար լինել»,- ասաց Նալբանդյանը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա գլխավոր հարցը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ռուսաստանի ղեկավարության հետագա հայտարարություններում նշվել է, որ հարցը բաց է մնում եւ կարող է քննարկվել հետագայում: 

Ըստ Նալբանդյանիի` դա շատ կարեւոր կետ է, եւ այն քննարկվել է բանակցությունների տարբեր փուլերում, այդ թվում` Կազանում:

«Շատ կարեւոր է, թե որքանով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկարողանան շարունակել բանակցությունները ժամանակավոր կարգավիճակի որոշման շուրջ: Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ, ինչպե՞ս է այն ղեկավարվելու: Կողմերի քննարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերի համաձայն` սա շատ լուրջ կետ է, որտեղ սահմանվում էր, որ ժամանակավոր կարգավիճակի ընթացքում Լեռնային Ղարաբաղը կձեւավորի իշխանության բոլոր ճյուղերը, իրավապահ համակարգը եւ կունենա արտաքին հարաբերությունների հնարավորություն: Բացի այդ, այս ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղը կարող է իրավունք ունենալ մասնակցել միջազգային կազմակերպություններին, եթե միջանկյալ կարգավիճակը չի խանգարում դրան, հնարավորություն կունենա ուղիղ օտարերկրյա ներդրումներ ստանալ, մուտք ունենալ դեպի արտաքին շուկաներ, ուղիղ տնտեսական եւ հումանիտար օգնություն ստանալ: Ամենակարեւորն այն է, թե ի՞նչ է լինելու անվտանգության հետ ժամանակավոր կարգավիճակի ընթացքում»,- նշել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ