21 02 2020

Մյունխենում Ալիևի հետ քննարկումը շրջադարձային էր․ Նիկոլ Փաշինյան

Մյունխենում Ալիևի հետ քննարկումը շրջադարձային էր․ Նիկոլ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկումն ունի շրջադարձային նշանակություն։ 

«2018թ. մայիսից ի վեր Ադրբեջանը փորձում է ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այդ խոսակցությունը միջազգային հանրությանը շատ հստակ ցույց տվեց, որ Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական, ընդհուպ ռասիզմի հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում: Սա ամենակարևոր արդյունքն է։

Երկրորդ ամենակարևոր արդյունքն այն է, որ ես իրականացրել եմ հայ ժողովրդին տված կարևորագույն խոստումներից մեկը։ Ես ասել եմ, որ ՀՀ ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում որևէ գաղտնիք չեմ ունենալու: Անցել են այն ժամանակները, երբ Ղարաբաղի հարցի էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ: Ղարաբաղի հարցի բովանդակությանը պետք է տեղյակ լինի ողջ հայ ժողովուրդը»։

Բացի այդ, նրա խոսքով, այդ հանդիպման արդյունքում շատ կարևոր բան է տեղի ունեցել․ «Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունքներ»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, և հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ոչ․ «Մենք ասում ենք, որ այդ ստատուս քվոն, երբ ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերցրել են վերահսկողության տակ, նրանք դա արել են, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որպեսզի դառնան անհասանելի: Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, և հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ոչ»։ 

Վարչապետը նշեց՝ Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը․ «Երբ խոսում են տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, այդ որ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին են խոսում: Երբ Ադրբեջանն անկախություն է ստացել, Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը պահպանել է արդյոք: Հակահարց կարող է հնչել, որ Խորհրդային Միություն պետությունն այլևս գոյություն չունի, բայց գոյություն չունի նաև այն պետությունը, որի կազմում եղել է Լեռնային Ղարաբաղը, այդ պետությունը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն է: Այս դիսկուրսն ունի նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ