14  02  2020

Միջազգային քննություն. Սա է մարտի 1-ի փակուղուց դուրս գալու ելքը

Միջազգային քննություն. Սա է մարտի 1-ի փակուղուց դուրս գալու ելքը

Մարտի 1-ի գործով վերջին նիստում կարևոր անդրադարձ եղավ քրեական գործի նյութերի ամբողջականությանը։ Զավեշտ է, բայց քրեական գործում, գոյություն ունի ընդամենը երկու նամակ ԱԱԾ-ից։ Սա ավելի քան խոսուն հանգամանք է գործի քննության բազմակողմանիության բացակայության, ակնհայտ միակողմանի քննության վերաբերյալ։ Տարօրինակ կերպով գործի վերաբերյալ ավելի շատ նյութեր կան վիկիլիքսի հրապարակումներում, քան դատավարական փաստաթղթերում։

Պաշտպանական կողմը վստահ է, որ ԱԱԾ-ն ունի բավարար չափով նյութեր, որոնք կցված չեն գործին: Ըստ էության քրեական գործում կան բավարար նյութեր, որոնք գործի քննությունը կտանեն բոլորովին այլ տեղ, քան քրեական գործի ներկայիս ուղղվածությունն է:

Չի բացառվում, կամ գուցե ամենայն հավանականությամբ կան շատ ԱԱԾ-ում կամ մայր գործով նյութերում:

Այստեղ արդարացի հարց է ծագում՝ ինչո՞ւ է պաշտպանական կողմը զրկվում մայր գործի նյութերին ծանոթանալու իրավունքից, որտե՞ղ են մյուս փաստաթղթերը։ Հարյուրարավոր հատորներով քրեական գործում վստահաբար կարող են լինել այնպիսի նյութեր, որոնք հնարավորություն կտան մոտենալ մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտմանը:

Եվ որքան էլ որ գործի քննությանը ներգրավվել են տուժողների իրավահաջորդները, այնուամենայնիվ այս գործը որևէ առչություն չունի մարտի 1-ի զոհերի հետ։ Չի կարող լինել մարտի 1-ի գործ և խոսք չգնալ տասը զոհերի սպանությունների մասին։ Ուրեմն ինչ-որ բան շատ խնամքով թաքցվում է։

Շուրջ մեկ ու կես տարի է, ինչ ընթանում է ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման մասին գործը, որը բացարձակ կապ չունի մարտի 1-ի զոհերի և սպանությունների բացահայտման հետ՝ չնայած նրան, որ մարտի 1-ի գործի շրջանակներում հանրության պահանջը հենց զոհերի մահվան հանգամանքերը բացահայտելն է:

Եվ որպեսզի այս կասկածները փարատվեն, պետք է հանրությունը ստանա մի շարք հարցերի պատասխաններ, որոնք հայտնի դարձան վիկիլիքսյան հրապարակումներից, սակայն դրանց որևէ անդրադարձ քրեական գործի նյութերում կամ գոնե առանձնացված մասում չկա։ Հակասությունների այս ամբողջությունը պետք է բացահայտվի բազմակողմանի քննության արդյունքում, հակառակ պարագայում գործի միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ճշմարտության որևէ մաս։

Ինչևէ, մարտի մեկի գործը մտել է փակուղի, քանի որ այս գործը առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներից և որևէ մեկը չի բացահայտում։ Այս գործի ամբողջական բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների շահագրգռվածություն նկատելի չէ, եթե իհարկե չփաստենք հակառակը։

Եվ հետևաբար ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենաիրատեսական ճանապարհը միջազգային քննության դիմելն է։

Միգուցե միջազգային փորձագետների ներգրավումը կբերի համարձակություն՝ բաց, անկաշկանդ քննելու մարտի 1-ի գործը, այլապես հակառակ դեպքում համառորեն կշարունակենք շրջապտույտը մանրակրկիտ մշակված սցենարում։

Միջազգային քննությունը թե հասարակությանը վստահություն կներշնչի, թե տուժողներին, թե այսօր զավեշտալի մեղադրանքով դատվողներին։ Իսկ եթե որևէ մեկը կլինի դեմ միջազգային քննությանը, ապա դրանից հենց կարելի է ենթադրել, որ նա էլ ունի ամենամեծ մտավախությունները։ Վերջին հաշվով այս գործը բազմաթիվ դրվագներով քննվելու է միջազգային բարձր դատական ատյաններում, և Հայաստանի դեմ հնարավոր որոշումները այսօրվա նեղ անձնական շահերը չեն արդարացնելու։

Հնարավոր չէ շաբաթը մեկ նիստ անցկացնելով, պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները մերժելով, մարդուն ցուցադրաբար, առանց որևէ հիմնավորման անազատության մեջ պահելով՝ համոզել հասարակությանը, որ գործը բացահայտված է։

Ասյա Օվանյան

ՀՀ փաստաբանների պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ