12  02  2020

Իշխող ուժի ինքնագոլերը

Իշխող ուժի ինքնագոլերը

Մի քանի օրվա տարբերությամբ երկու տարբեր մարդկանց ելույթներն  ավելի քան պատկերավոր ցույց տվեցին մեր երկրի վիճակը։ Մեկը  ատելությամբ ու մաղձով համեմված, վիրավորանքներով ու սպառնալիքներով ջղաձիգ ելույթ՝ ԱԺ ամբիոնից ՀՀ ամենաբարձր աթոռին նստածի կողմից։ Մյուսը՝ հավասարակշիռ ու քաջատեղյակ, երևույթների խորքը թափանցող, բայց  դատարանի դահլիճում՝ ամբաստանյալների աթոռին նստածի կողմից։ Ինչպիսին մարդու ներքինն է, այնպիսին էլ լեզվամտածողությունն  ու բառապաշարն է։  Ահա մեր գլխիվայր շուռ եկած իրականությունը՝ փոխված են տեղերով մարդիկ և արժեքները։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, հատկապես Վիկիլիքսի հանրայնացված բացահայտումներից հետո   (ինչն, ի դեպ, բնավ էլ նորություն չէր) արդեն լիակատար ամոթ ու խայտառակություն է։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը   հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  դատախազություն՝  կապված մարտի 1-ի գործի հետ։ Խոսքը վերաբերում է վիկիլիքսյան հրապարակումներին, որոնք ԱՄՆ դեսպանատան և պետդեպի նամակագրությունն են գաղտնազերծում։ Ներկայացված են բախումների պատճառները,  նշված են մեղավորները, որոնց շարքում ոչ մեկ անգամ են հիշատակվում  Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի անունները։  Նորություն չեն,այնպես  չէ՞։ Բայց դատարան-դատախազություն դարձյալ  աչք են փակում , իբր ոչինչ չի փոխվել 2018-ի  ամառվանից, երբ սկսվեց այս  անփառունակ  հետապնդումը։ Ինչքա՞ն կարելի է խեղաթյուրել պատմությունը և սեփական մեղքերն ուրիշների վրա բարդելով՝ փորձել սպիտակաթև  հրեշտակ երևալ։  Չի՛ ստացվի։

Չի ստացվի, որովհետև բավականին մանրակրիտ ծրագրավորված և իրականացված 2018-ի իշխանափոխության նախագծողները հաշվարկներում երկու  կարևոր սխալ են թույլ տվել՝ հաշվի չառնելով, որ 

1․ Հայի ինքնապահպանման բնազդի չափը Սորոսին կամ այլ օտար «դոնորների» խելքին հասու չէ։ Նրանք չգիտեն նաև, որ հայի «հետին խելքը» օրհասական պահերին ինքն իրեն միանում է։

2․ Հարյուր հազարավոր հայեր կյանքում երբևէ չեն ընթերցել  «Հայկական ժամանակ»  և այդ կարգի այլ լրատվամիջոցներ, հետևապես՝ թունավորված չեն եղել տասնամյակներով ներարկված ստերով ու չարությամբ։ Այսինքն՝ պահպանել են սեփական հիշողություներն ու գնահատականները։

Բայց հազիվ թե  իշխողները գիտակցում են  այդ ամենը, ինչն ակնհայտ է իրենց  գործողություններից։ 

Սահմանադրական կարգի տապալման շինծու մեղադրանքներով Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան անձանց դեմ սարքած գործը  դեռ չմարսած, Փաշինյան Նիկոլն իր թիմով  հիմա էլ Սահմանադրական դատարանին են փորձում մեղավոր հանել իրենց անճարության մեջ։ Երկու դեպքում էլ խախտումների առումով փորձագիտական համայնքը քարը քարին չի թողել, ուստի  դրան չենք անդրադառնում։

Աբսուրդների շարքն է ուշագրավ․ փետրվարի 9-ին ՀՀ նախագահը նշանակում է Սահմանադրության մեջ փոփոխություն անելու հանրաքվեի օրը։ Մինչ դրա  լինել-չլինելու,  դրան մասնակցել-չմասնակցելու շուրջ կրքեր են եռում, մեկ էլ փետրվարի 12-ին   վարչապետը հաստատում  է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 16 հոգանոց կազմը, որը պարտավոր է

«1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց  հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ. 2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը»։

Իբր ի՞նչ ․․․ մանանեխ ճաշի՞ց հետո։ Մի հանրաքվե  էլ սեպտեմբերի՞ն ենք անելու։  Այսինքն՝  ապրիլյան հանրաքվեն հստակ  ՍԴ կազմից ազատվելու համար է, իսկ իրական բարեփոխումները  դեռ երկար պետք է մշակվեն։  Սա ավելի շատ տպավորություն է թողնում, որ իշխող ուժն ինքն էլ  կասկածելով 650 000 կողմ քվե ապահովելու իր հնարավորությանը՝ ուղիներ է փնտրում նշանակված հանրաքվեն չեղարկելու համար։ Հայտնի խոսքը հենց իրենց համար է ասված՝ « ստեղծում են դժվարություններ, հետո դրանց հաղթահարման ուղիներն են փնտրում»։  Մինչդեռ, մի փոքր խելք  ու տրամաբանություն  (եթե իհարկե կա) գործի դնելու դեպքում  էսքան ինքնագոլեր չէին լինի․․․

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ