07  02  2020

Վարչապետի հռետորաբանությունը կործանարար է․ «ՎԵՏՕ»

Վարչապետի հռետորաբանությունը կործանարար է․ «ՎԵՏՕ»

«ՎԵՏՕ» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«06.02.2020թ.-ին ՀՀ ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետը, ում ելույթը թե բովանդակությամբ, թե հռետորաբանությամբ, թե նպատակով հիշեցնում էր նացիստական Գերմանիայի Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի ելույթները:

 Մասնավորապես՝ ՀՀ վարչապետը ինքն իրեն հռչակեց ժողովուրդ և հայտարարեց (մեջբերում). «Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ» (մեջբերման ավարտը): Վարչապետը ԱԺ-ի ամբիոնից նաև խոստացավ (մեջբերում). «Եվ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով» (մեջբերման ավարտը):

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր իր անձից տարբերվող կարծիք ունեն, հակապետական և հակաժողովրդական ուժեր են, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր հնազանդ են Փաշինյանի կամքին, համապատասխանաբար կսրբադասվեն որպես «ապագան կերտող նվիրյալներ»:

Քաղաքակիրթ աշխարհն արդեն ճաշակել է ժողովրդի անունից իրականացվող հալածանքների ու սրբադասումների պտուղները: Նացիստական ռեժիմի խելագար առաջնորդ Ադոլֆ Հիտլերը նույնպես իր ճանապարհը հարթում էր նման բովանդակությամբ ելույթներով: Ցավոք, ՀՀ պառլամենտի ամբիոնից հնչող այս ելույթը զուգատիպում է այլախոհ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական հատուկջոկատայինների կողմից անհիմն հարձակումներով, այլախոհ քաղաքացիներին պետական իշխանության գործադրմամբ փողոցներում պառկեցնելու և ստորացնելու արատավոր պրակտիկայով, հատուկ բուծված քաղաքական խուլիգանախմբերի հարձակումներով և այլն:

«ՎԵՏՕ» շարժումն անընդունելի է համարում գործադիր իշխանության ղեկավարի հռետորաբանությունը: Պատմությունը ցույց է տվել, որ նման հռետորաբանությունը կործանարար է: Ինքն իրեն ժողովուրդ հռչակող ղեկավարներն իրենց ապօրինություններն ու հակաժողովրդավարական գործելաոճն են քողարկում, իսկ Ֆյուրերի ելույթներին բուռն ծափահարող իշխանական պատգամավորներն այդ ելույթներից հետո չեն կարողանում խուսափել անհատական պատասխանատվությունից: Մենք սթափության կոչ ենք անում վարչապետին: Հորդորում ենք նրան դառնալ բոլոր ՀՀ քաղաքացիների վարչապետ, այլ ոչ թե միայն իր կարծիքը կիսողների»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ