22 01 2020

Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը․ Գագիկ Համբարյան

Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը․  Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Հմաբարյանը գրել է․

«Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար դադարից հետո կրկին ուղիղ եթեր էր մտել և կարևոր հարցերից մեկը, որին անդրադարձավ` Ամանորյա միջոցառումներից Հայաստանի ստացած օգուտն էր։

Պարոն վարչապետը հպարտորեն նշեց, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից 2020-ի հունվարի 6-ը, 2018-ի հետ համեմատ, գրանցվել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն։

Ըստ Փաշինյանի` Ամանորին 271 միլիոն հավելյալ գումար ծախսելով, կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ ապահովել ենք այս դրամաշրջանառությունը, ընդ որում դրանից մոտավորապես 4 մլրդը տեղի է ունեցել ՀՀ մարզերում։

Նախ պարզվեց, որ 2020 թ-ի Ամանորյա տոների միջոցառումների համար 271 միլիոն դրամով ավելի գումար է ծախսվել, քան 2019 թ-ին... Պաշտոնական տվյալների համաձայն միայն Երևանում Ամանորյա միջոցառումների ծախսերը կազմել են 325.797.100 դրամ։

Սակայն իշխանություններին մոտ գտնվող ՀԿ-ներից մեկի տվյալների համաձայն` իրականում ծախսերը կազմել են 424,797,100 դրամ... Ի դեպ, այս Ամանորին իմ հարազատ Գյումրիում ծախսվել է 7 միլիոն դրամ՝ 4 միլիոն դրամով պակաս, քան 2019 թ-ի Ամանորի համար։

Որքան կռահում եմ, պարոն Փաշինյանի մատնանշած 271 միլիոն հավելյալ գումարը հիմնականում ծախսվել է մայրաքաղաքի վրա։

Իսկ հիմա ամենակարևորի մասին, որին պարոն Փաշինյանը բացարձակ չանդրադարձավ... Զբոսաշրջային հոսքերը ներկայացնելուց լավ կլիներ` պարոն վարչապետը ոչ միայն անդրադառնար Հայաստանում հյուրնկալվողներին, այլև՝ Հայաստանից մեկնողներին՝ հաշվարկելով նաև այն վնասը, որը կրել է մեր բյուջեն։

Մինչև հիմա ՀՀ պատկան մարմինները չեն հրապարակում տեղեկություններ, թե Ամանորի օրերին որքան ՀՀ քաղաքացի է հատել հայ-վրացական սահմանը... Ստիպված ենք բավարարվել տարբեր աղբյուրների տեղեկություններով, ըստ որոնց, Ամանորի տոները Վրաստանում անցկացնելու համար մեր հարևան երկիր են մեկնել Հայաստանի 35-40 հազար քաղաքացիներ, եթե ոչ ավելի։

Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը հաշվարկել է, թե այդ մարդիկ ինչ գումարներ են թողել Վրաստանում՝ հարստացնելով մեր հյուսիսային հարևանին։

Ըստ պրիմիտիվ հաշվարկների` մեր հայրենակիցները Վրաստանում թողել են 9-11 միլիրադ դրամ գումար, գրեթե նույնքան և նույնիսկ ավելին, քան պարոն Փաշինյանի մատնանշած 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառությունը։

Ստացվում է, որ մենք, տարրականորեն վտարելով մեր ներքին զբոսաշրջիկներին դեպի Վրաստան և այլ երկրներ ու խրախուսելով օտարերկրյա զբոսաշրջիկների այցերը Հայաստան, ոչ միայն օգուտ չենք ստանում, այլև վնասներ ենք կրում՝ չգնահատելով մեր քաղաքացիներին։

Հարևան Վրաստանն ամեն ինչ անում է, որ ոչ միայն օտարերկրացի զբոսաշրջիկների համար ստեղծի բարվոք պայմաններ, այլև սեփական տուրիստների քմահաճույքները բավարարի և Հայաստանի օրինակով թույլ չտա սեփական քաղաքացիների մեծամասշտաբ փախուստը երկրից Ամանորյա տոներին։

Այդ իսկ պատճառով, եթե Վրաստանի քաղաքները և բնակավայրերն Ամանորյա տոներին լեփ-լեցուն էին Հայաստանի քաղաքացիներով, ապա Հայաստանում վրացի զբոսաշրջիկների հնարավոր չէր գտնել... Ստացվում է, որ Ամանորյա տոներին Հայաստանը որևէ օգուտ չի ստացել, ինչպես ներկայացնում է պարոն Փաշինյանը...Ավելին, շատ օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ հիմնականում Իրանից Երևանն օգտագործել են որպես տրանզիտ Վրաստան մեկնելու համար...

Հ.Գ. Ամանորյա տոներին օտարերկրացի զբոսաշրջիկները գումարներ բերեցին Հայաստան, իսկ մեր քաղաքացիները այդ բերված գումարից նույնիսկ ավելի շատ դուրս բերեցին երկրից...Ինչ-որ բան ներկայացնելուց պետք չէ միակողմանի այն ներկայացնել... Դա ինքնախաբեություն է...Խնդիրներին լուծում տալու համար պետք է անդրադառնալ դրա "մութ" կողմերին ևս, ինչը, որքան հասկանում եմ, պարոն Փաշինյանին դուր չի գալիս...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ