20  01  2020

Դա անելու բան չէ, որ անում են. Գագիկ Ծառուկյանը՝ ծննդատների փակման մասին

Դա անելու բան չէ, որ անում են. Գագիկ Ծառուկյանը՝ ծննդատների փակման մասին

Ծննդատների փակումը վատ եմ գնահատում: Այս մասին հունվարի 20-ին Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ընդգծեց. «Քանի որ այսօր ուզում ենք ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի, եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանադանոցը, դա ճիշտ չէ, որ փակում են, այլ ընդհակառակը՝ պետք է պահվի, զարգացվի, այնպես որ դա անելու բան չէ, որ անում են»:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում շարունակվող բողոքի ակցիաներին, որ գյուղացիները բողոքում են կենդանիներին սպանդանոցներում մորթելու պարտադիր պահանջից, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ասում են տնտեսական հեղափոխություն պետք է անենք, բայց այսօր այդ սպանդանոցներով նույն ծանրությունը թողնում ենք ժողովրդի, ֆերմերների, գյուղացու վրա: Եթե մարդը պետք է բարձի, պետք է տանի, էնտեղ սպանդանոցում գումար վճարի, դա նշանակում է, որ եթե կենդանին հանձնելուց պետք է ստանար 250 հազար, հիմա 50-60 կտա տրանսպորտին ու մորթելուն: Դրա համար ցանկացած երկրում պետությունը գյուղատնտեսությունը, անասնապահությունը սուբսիդավորում է: Պետք է քայլ արվի, սուբսիդավորվի, որ մարդն էլ լիարժեք կարողանա անել դա: Մարդը 3-4 կով ունի, համարում են ֆերմեր է, բայց ինքը դա 3 ամիսը մեկ մորթում է իր գոյությունը պահելու համար: Էսօր կովքերին պահում են, խնամում, բայց կաթն ավելի էժան է, քան ջուրը: Դրա համար պետք է ուշադրություն դարձնեն գյուղատնտեսությանը, որովհետև ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է»:

Իսկ հարցին, դեռ իրեն պատկանող ընկերություններում ստուգումներ իրականացնում են, պատգամավորը նշեց. «25-30 ընկերություններ ստուգումների մեջ են, առաջին օրվանից էլ, նախկինում էլ ստուգել են, ստուգում են, թող ստուգեն, ի՞նչ կա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ