11  11  2019

Հայ-ռուսական հարաբերությունները նոր դինամիկա են ստացել. Փաշինյանը հյուրընկալել է Լավրովին

Հայ-ռուսական հարաբերությունները նոր դինամիկա են ստացել. Փաշինյանը հյուրընկալել է Լավրովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Իր ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է ՌԴ արտգործնախարարին տեսնել Հայաստանում:

«Վերջին անգամ պաշտոնական այցով Երեւան եք եկել երկու տարի առաջ: Այս ընթացքում Հայաստանում բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում մեր երկու երկրների հարաբերությունները նոր դինամիկա են ստացել:

 Իմ վարչապետ ընտրվելուց ի վեր ես բազմիցս հանդիպել են ՌԴ նախագահի, վարչապետի հետ: Վերջին 1,5 տարում հնարավորություն եմ ունեցել Երեւանում ընդունել ՌԴ նախագահին ու վարչապետին: Վերջերս Հայաստան այցելեց ՌԴ պաշտպանության նախարարը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեր հարաբերություններում կա նոր դինամիկա:

Վերջերս պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հաջորդ տարի տեղի կունենա իմ պաշտոնական այցը Ռուսաստան: Դրանից հետո կկայանա ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան: Ուրախ եմ արձանագրել, որ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ ստացվեց: Վերջերս Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որն աննախադեպ էր իր մաստտաբներով: Ես ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սերբիայի, Սինգապուրի հետ, ազատ առեւտրի պայմանագիր ստորագրեցինք Իրանի հետ, նաեւ Չինաստանի հետ»,-ասաց Փաշինյանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին` ընդունելության համար` ընդգծելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գերատեսչությունների սերտ համագործակցությունը: ՌԴ արտգործնախարարը հայտնեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանում ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողով կանցկացվի:

Հատկանշական է, որ Լավրովը շփոթվեց եւ Փաշինյանին դիմեց «պարոն նախագահ»-ով:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ շփումներ կան բոլոր ուղղություններով:  «Մենք ուրախ ենք, որ երկկողմ առևտուրը զարգանում է: ՌԴ-ն ՀՀ-ի համար առաջատար գործընկեր է, թիվ մեկ ներդրողը»,-ասաց Լավրովը:

Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ` նոյեմբերի 10-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ