16  10  2019

Բալասանյանը ասեց այն, ինչ շատերը կցանկանային ասել, բայց չեն կարողանում․ Տիգրան Քոչարյան

Բալասանյանը ասեց այն, ինչ շատերը կցանկանային ասել, բայց չեն կարողանում․ Տիգրան Քոչարյան

«Գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը ճիշտ դիտարկումներ արեց, թե ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի հարաբերություններում»,- լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ մեկնաբանելով Բալասանյանի՝ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունները:  

Տիգրան Քոչարյանը նշեց, որ կիսում է նաև Վիտալի Բալասանյանի մտահոգությունները: Ըստ նրա՝ ռազմական գործիչն ասում է այն, ինչ ուրիշները չեն կարողանում ասել, կամ՝ ասում են ոչ հրապարակային.

«Պրոիշխանական լրատվամիջոցները փորձում են  ցույց տալ, որ Վիտալի Բալասանյանն ուզում է վերացնել Հայաստանի իշխանություններին, բայց մարդը շատ կոնկրետ բան է ասում, ասում է՝ ով կհամարձակվի սպառնալ Արցախի սուվերենությանը, անվտանգությանը, պետական դավաճանության փորձ է անում, և պետք է մեկուսացվեն, մեսիջը դա է: Վիտալի Բալասանյանը հնչեցնում է այն թեզերը, որոնք շատերը դիվանագիտորեն են ասում, ուղղակի ինքը կանգնեց ու ասաց այն, ինչ շատերը կցանկանային ասել, բայց չեն կարողանում:»:

Տիգրան Քոչարյանը կապ է տեսնում նաև Վիտալի Բալասանյանի հարցազրույցի և ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկության միջև.

«Բալասանյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից հեռացրեց Գրիգորի Հայրապետովին: Ինչո՞ւ եմ սա կապում իրար հետ, քանի որ նա երեկ առաջին անգամ հիշեցրեց Դուշանբեի պատմությունները և տպավորություն ստեղծեց, որ իրեն հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել լիֆտում: Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է կասկածամտություն դրսևորել իր հետ չքայլած մարդկանց նկատմամբ, միգուցե այս խոսքերից հետո նա ինչ-որ սխալ հետևություններ է արել»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի երեկվա հանդիպմանը, որի ժամանակ բացակայել է Արցախի դրոշը, Տիգրան Քոչարյանը սա «փոքրիկ սրիկայություն» է որակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ