08  10  2019

Քաղաքական գործիչների և իրավապաշտպանների արձագանքը՝ հայտնի հայտարարությանը

Քաղաքական գործիչների և իրավապաշտպանների արձագանքը՝ հայտնի հայտարարությանը

ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքի տրամադրության տակ էր հայտնվել հանրությանը քաջ հայտնի շուրջ 4 տասնյակ գործիչների ստորագրությամբ նոր նախաձեռնություն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։ Նախաձեռնությունը բավականին լայն տարածում գտավ։

Yerevan.Today-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ողջունեց նախաձեռնությունը՝ համարելով, որ այն ունի քաղաքական բովանդակություն․ «Այդ հայտարարությունը քաղաքական որոշակի դիրքորոշումներ է արտահայտում, որոնք որ կարծում եմ այսօրվա մեր քաղաքական ներկապնակում շատ կարևոր են։ Եվ ողջունելի եմ համարում նաև այն գնահատականները, որոնք տրվել են Երկրորդ նախագահի անազատության մեջ պահելու վերաբերյալ, մասնավորապես քաղաքական գնահատական է տրվում՝ որպես քաղբանտարկյալ»,- նշեց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է իրավական տեսանկյանը, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ 2012 թվականի Եվրոպական Խորհրդի խորհրդանական վեհաժողովի համապատասխան բանաձևերի նշված հինգ չափանիշներից Ռոբերտ Քոչարյանը համապատասխանում է 5-րդ-ին․ «Այսինքն Երկրորդ նախագահը լիովին համապատասխանում է քաղբանտարկայլ ձևակերպմանը»։

 

Քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը, ողջունելով նախաձեռնությունը, ասաց․ «Ես միանում եմ պահանջին»։

 

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Yerevan Today-ի հետ զրույցում ասաց․ «Սա մի խումբ՝ բավականին հարգված մարդկանց կարծիք է, ես այստեղ ավելորդ որևէ կարծիք չեմ ցանկանում արտահայտել։ Հայտարարության մեջ պահանջվում է խափանման միջոցը փոխել և այստեղ որևէ հիմք, անգամ՝ քաղաքական մոտիվացիա խափանման միջոց կալանք ընտրելու չեմ տեսնում։ Ես գտնում եմ, որ Երկրորդ նախագհը երբևիցե չի խուսափելու արդարադատության գործընթացներից։ Իսկ ազդեցության վերաբերյալ կա պրկտիկա՝ այն մարդուն, որին պահում են անազատության մեջ, ավելի մեծ ազդեցություն է սկսում ունենալ հասարակական կարծիքի վրա, քան երբ նա ազատության մեջ է։ Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ իշխանությունն ինչ-որ ձևով բացասական կարծիք է կազմում մի մարդու մասին, այդ մարդու շուրջ հասարակության մեջ մոբիլիզացվում են բավական լայն շերտեր»։

Իրավապաշտպանի խոսքով, իշխանությունների համար ավելի դյուրին կլիներ, եթե նրանք փոխեին խափանման միջոցը, և Ռոբերտ Քոչարյանը չմնար անազատության մեջ, քանի որ միայն այդ դեպքում վերջապես գործընթացը կընթանա․ «Թե չէ ստացվում է, որ և՛ իշխանությունները, և՛ պաշտպանական կողմը մտել են մի փուլ, որից չեն կարողանում դուրս գալ։ Հասարակությանը չի կարելի պահել այսպես լարվածության մեջ՝ զուտ խափանման միջոցի շուրջ բանավեճերով։ Ես գտնում եմ, որ օր առաջ խափանման միջոցի փոփոխությունը կհանգստացնի և՛ հանրությանը, և՛ անգամ տուժող կողմին, միայն թե պետք է հստակ ներկայացվի վերջիններին, որ դա արդարացում չէ, և միայն այդպես նրանք կարող են նպաստել, որ գործը շարժվի․ եթե դա չի բացատրվում, ապա ստացվում է, որ խափանման միջոցը, միջդատական վճիռն արդեն օգտագործվում է որպես պատիժ»։

Ալավերդյանը նաև նշեց, որ ամբողջովին կողմ է, որ վերջապես սկսվի բուն մեղադրանքի շուրջ գործընթացը․ «Դրա համար, եթե բոլորը տեսնում են, որ խոչընդոտը հենց այդ խափանման միջոցն է՝ ելնելով այս նպատակադրումից, պետք է բոլոր դեպքերում խափանման միջոցը փոխվի»։

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ևս ողջունեց նախձեռնությունը և նշեց, որ որպես կուսակցության ղեկավար պատրաստ է միանալ․ «Բավականին լուրջ և ներկայանալի մարդիկ են ստորագրել այդ փաստաթղթի տակ։ Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը, այդ ստորագրությունների ցանկը պետք է իշխանությանը և հասրակության այն մասին որոնք որ չեն հավատում ոչնչի, սթափեցոնղ և հուշող փաստաթուղթ լինի»։

 

Նախաձեռնության մասին այլ կարծիք ունի «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով, Ռոբերտ քոչարյանը ոչ թե քաղբանտարկյալ է այլ պատանդ։ Քաղաքական գործչի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի՝ կալանավայրում հայտնվելու գլխավոր պատճառն Արցախյան հիմնահարցն է․ «2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որը կարզմակերպվել և իրականցվել էր դրսից՝ օգտագործելով ներսում իրենց գործակալական ցանցը և ազդեցության գործակալներին, ներառյալ նաև ժողովրդի արդարացի դժգոհությունը գործող իշխանություններից»։

Հայկ Նահապետյանը նշում է, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք խամաճիկ են, և որոնք Արցախի երկու հերոսի տարբեր պատրվակներով պահում են բանտում, գեներալ-գնդապետների, որոնք էական դեր կունենան Ադրբեջանի կողմից ագրեսիայի զսպման հարցում, հետապնդման են ենթարկում։

Քաղաքական գործիչը թերահավատ է, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը կփոխվի։ «ՀՀ-ում ՍԴ որոշումը սեպտեմբերի 17-ին ճանաչվեց առ ոչինչ, երկրի գերագույն դատական իշխանության որոշումը նետվեց աղբանմանը, և դրանից հետո որ դատավորից ի՞նչ պահանջել ումի՞ց են արդարություն պահանջում։ Վարչապետի աթոռին հայտնված անձի հրամանով շրջափակվում էին դատարանները, բառացիորեն դատական իշխանությունը գրավելու կարգադրությամբ, Արևմուտքը, Եվրոպական կառույցներն ինչպե՞ս արձագանքեցին այդ իրողություններին և ի՞նչ գնահատական տվեցին։ Պարզ է՝ Հայաստանում այլևս օրենքը չի գործում և առաջ էլ չէր գործում, այսինքն՝ 2018 թվականին ապրիլ-մայիսին, երբ գրավում էին ռադիոտունը, որտեղ ոստիկանությունը պարտավոր էր զենք կրառել, երբ օդանավակայանի աշխատանքն էր կանգնեցվում, երբ հոկտեմբերի 2-ին գրավվեց Ազգային Ժողովը, այդ ժամանակից օրենքները չէին աշխատում։ Ուղղակի դրանց վերջին կետը դրվեց հրապարակավ՝ սեպտեմբերի 17-ին, երբ ՍԴ որոշումն աղբաման նետվեց։ Դրանից հետո այս մարդկանցից ի՞նչ խնդրել կամ պահանջել։

Պայքարի ձևը և մարտավարությունը պետք է փոխել առկա իրողությունների պարագայում։ Որևիցե բողոք, դիմում, միջազգային հանրությանը կոչ արդյունավետ չէ։ Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, պարտավոր է բանտում գտնվելու ժամանակ իրականցնել պայքար և պայքարը միայն ազատության դուրս գալու համար կամ խափանման միջոցը չէ։ Նա կարող է և ունակ է բանտից կազմակերպել դիմադրությունը՝ ճիշտ հայտարարություններով և ճիշտ կոչերով, ժողովրդին ճիշտ թիրախներ ցույց տալով»,- նշեց Նահապետյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ