02  10  2019

Քաղաքական որոշումներ կատարող ՍԴ-ն պետության վերջն է. Հրայր Թովմասյան․Tert.am



Tert.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Իմ կարծիքով՝ այս պրոցեսը քաղաքական է: Այն մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, խոչընդոտ, որպես մարմին, որը մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել՝ «ստոպ», որովհետև դրանք հակասում են Սահմանադրությանը»,- ասաց ՍԴ նախագահը:

Ըստ Հրայր Թովմասյանի՝ Ազգային ժողովում դեռ կան ազնիվ մարդիկ, ինչպես Հովիկ Աղազարյանը, որոնք ընդունում են, որ գործընթացը քաղաքական է, կամ Տիգրան Ուլիխանյանը, ըստ որի՝ եթե քաղաքական մեծամասնությունը որոշում է, ով ուզում է լինի, պետք է հրաժարական տա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծ:

Հրայր Թովմասյանն այս փուլում ձեռնպահ է մնում որևէ իրավական գնահատական տալուց այն ամենին, ինչն այսօր կատարվում է ԱԺ-ում: Նա վստահ է, որ դա իր կողմից ՍԴ-ի վրա ճնշում է դիտարկվելու:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք իրավական պրոցեսում ենք գտնվում, և դեռևս ՍԴ-ն այս բոլոր հարցերին անդրադառնալու է, ես չէի ցանկանա առաջ անցնել և իրավական գնահատականներ տալ իմ հասցեին հնչող «մեղադրանքներին»: Որոշակի ժամանակահատված լինելով և՛ քաղաքականության մեջ, և՛ լինելով իրավաբան՝ պետք է մեկ հարցի հստակ պատասխանեմ՝ իրավաբանությունը չի սիրում պաթոսային, հուզումնալից ելույթներ, և որքան էլ պաթոսային լինեն խորհրդարանում հնչած ելույթները ՍԴ-ի մասին, դրանք բավարար չեն իրավական հետևություններ անելու համար: Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսել շատ հստակ դիտարկումներ, փաստեր, թե որ դեպքում եմ կարգապահական խախտում թույլ տվել»,- նշեց նա:

ԱԺ նախագծում Հրայր Թովմասյանը մեղադրվում է կարգապահական խախտում անելու մեջ, և որոշման նախագծում բերվում են որոշ հիմնավորումներ, թե ՍԴ նախագահը «օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ինքնաբացարկ չի հայտնել, ինչի հետևանքով դրսևորել է կողմնակալություն և դրանով իսկ վարկաբեկել է դատական իշխանությանը»:

Անդրադառնալով իրեն կաշկանդող հնարավոր քաղաքական կապերին՝ Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ Սահմանադրությունը որևէ կերպ չի կարգավորում մինչև ՍԴ դատավոր դառնալը թեկնածուի քաղաքական գործունեության հարցը:

«Կան երկրներ, օրինակ՝ Ալբանիան, որ ասում է՝ ՍԴ անդամ դառնալու նախորդող 3 տարիներին չես կարող կուսակցական լինել, սակայն Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ դա վատ պրակտիկա է: Մեր Սահմանադրությունն ասում է, որ դու չես կարող կուսակցական լինել քո պաշտոնը ստանձնելու պահից: Հիմա ինձ մեղադրում են, որ մինչև այս պաշտոնը ստանձնելը քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել: Այդ դեպքում պետք է ազնիվ լինեինք և Սահմանադրության մեջ նշեինք՝ եթե անձը երբևէ քաղաքական գործունեությամբ զբաղվել է, ապա չի կարող լինել ՍԴ դատավոր, բայց նման պահանջ գոյություն չունի: Իմ պարագայում ժամանակագրությունը շատ հստակ է, եթե որևէ անձ երբևէ կբերի մեկ փաստարկ, որ ես մասնակցել եմ քաղաքական որոշումների կայացմանը, ես մեկ վայրկյան անգամ չեմ պաշտոնավարի»,- ասաց Հրայր Թովմասյանը:

ՍԴ նախագահը նշեց, որ անձնապես չի ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, ավելին՝ հեռակա բանավեճ է ունեցել նրա հետ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ. «Քոչարյանի պաշտպան և իմ սանիկ Արամ Օրբելյանը, թեև ՍԴ-ում երբեք որպես կողմ հանդես չի եկել, կամ ով էլ լինի նրա փոխարեն, չի ստիպի ինձ որևէ այլ որոշում կայացնել, քան իմ ներքին համոզմունքն է»:ՍԴ նախագահի պնդմամբ՝ նա, ով իրեն նշանակել է, այլևս չի պաշտոնավարում, հետևաբար՝ նախորդ իշխանություններից որևէ ակնկալիք չի էլ կարող ունենալ:

«Նախորդ իշխանություններից ի՞նչ եմ ակնկալում, որ գան, ինձ նոր պաշտոն տա՞ն, այդ պաշտոնն ունեմ: Ես որևէ գործիքակազմ չունեմ նրանց սատարելու, նրանց իշխանության բերելու և այլն: Առավել ևս, երբ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ես նրա հետ ընդհանրապես առնչություն չեմ ունեցել: Իսկ թե իմ նախկին քաղաքական կուսակցությունն ում է պաշտպանում, դա իրենց գործն է, ում ուզում են, թող պաշտպանեն, ես այդ որոշումների կայացման վրա զրո ազդեցություն ունեմ»,- նշեց Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ ի հեճուկս մամուլում առկա շշուկների՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը գրվել է ՍԴ-ի աշխատակազմի կողմից՝ իր մասնակցությամբ. «Իշխանությունը մտավախություն ունի, թե այնտեղից ի՞նչ կարծիք է գալու: Վախենում եք, որ ձեր քաղաքական որոշումների դեմ կարծի՞ք է գալու»:

ՍԴ նախագահի կարծիքով՝ իր դեմ սկսված գործընթացների պատճառը միայն Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը չէ, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական: Ըստ նրա՝ խնդիրը շատ ավելի խորը, ընդարձակ է, որի նպատակն է ունենալ այնպիսի ՍԴ, որը «քաղաքական որոշումները կփաթեթավորի իրավական շղարշով»:

«Քոչարյանի գործն առիթ էր՝ ապագայում կանխատեսելի դարձնելու ՍԴ-ի բոլոր որոշումները: Նման կանխատեսելի ՍԴ ունենալը, որը պետք է կատարի կամ փաթեթավորի քաղաքական որոշումները, պետության վերջն է: ՍԴ-ն արգելակման վերջին համակարգն է: Սա ընդամենը Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ, եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է՝ ՍԴ-ն: Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար: Այսօր ՍԴ-ն է կանգնած այն սահմանին, թե հայ ժողովուրդը ապրելու է իր ինքնությանը բնորոշ տնտեսական, սոցիալական, մշակութային արժեքներո՞վ, թե՞ ապրելու է նենգափոխված արժեհամակարգերով»,- ասաց Հրայր Թովմասյանը:

ԱԺ նախագահը հայտարարել էր, թե ՍԴ-ն չունի հանրային վստահություն, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը նշեց. «Երբեմն այնպիսի դատողություններ են անում, որ դրանց մեկնաբանելու համար ուղեղի լուրջ վարժանք պետք է անես, որ հասկանաս: Չափման ի՞նչ մեխանիզմներով ենք որոշել՝ ՍԴ-ն ունի՞, թե՞ չունի հանրային վստահություն: Մեր քաղաքացիների քանի՞ տոկոսն է երբևէ ՍԴ որևէ որոշում կարդացել»:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ գործող իշխանությունը ոչ միայն նմանատիպ նախագծերով, այլ նաև ուղղակիորեն փորձել է ՍԴ նախագահի վրա ճնշումներ գործադրել. ««Մտերմական» հորդորներ, զրույցներ, վստահեցնում եմ, որ եղել են, բայց թույլ տվեք այսօր չհրապարակայնացնել: Ճնշում միշտ էլ կա, բայց ես չեմ պատրաստվում փողոցային արդարադատություն իրականացնել»:

Նա նաև հայտնեց, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին, ինչի իրավունքը չունի, քանի որ ՍԴ մասին օրենքը նախատեսում է, որ դատավորները պարտավոր են մասնակցել Սահմանադրական դատարանի նիստերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ