22  08  2019

Մեր ընտրությունները թափանցիկ են, ով ուզում է, թող գա․ Դավիթ Բաբայան․ 168.am

Մեր ընտրությունները թափանցիկ են, ով ուզում է, թող գա․ Դավիթ Բաբայան․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ կառավարության նիստում այսօր որոշվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել 33 մլն 680 հազար դրամ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը զեկուցեց, որ այդ ֆինանսավորումը կհատկացվի դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման համար:

Ըստ նրա՝ 16.2 մլն դրամը կհատկացվի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակ խորհրդատվական կազմակերպությանը, 17 մլն 480 հազար դրամը՝ ԹՀԻԿ-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց այս որոշումը. «ՀՀ կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը և սա այդ միջոցնեռումների ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ տեղ նաև աննախադեպ է, եթե չեմ սխալվում»:

Ինքը` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյաննավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում ողջունել էր Կառավարության որոշումը:

«Տարիներ շարունակ Եվրոպական միությունը, որպես ժողովրդավարական արժեքներ կրող ու տարածող սուբյեկտ, աջակցում էր Հայաստանում ընտրությունների որակի զարգացմանն ու դիտորդական առաքելության իրականացմանը:

Բայց այժմ ժողովրդավարության տարածման հերթը Հայաստանինն է և ՀՀ Կառավարությունը հենց նոր որոշեց գումար հատկացնել Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Սա աննախադեպ որոշում է: Հայաստանի կառավարությունը ժողովրդավարության համար նախկինում միշտ փող խնդրողի դերում էր, իսկ այժմ՝ հատկացնողի»,-գրել էր Դանիել Իոաննիսյանն ու հավելել, որ ակտիվորեն սկսում են աշխատել Արցախում և իրականացնելու են ոչ միայն դիտորդական առաքելություն, մեդիա-մոնիտորինգ ու ընտրողների կրթություն, այլև աջակցելու են Արցախի պետական մարմիններին՝ բարձր որակի ընտրություններ իրականացնելու համար:

Կառավարության այս որոշումը միանշանակ չընդունվեց, և դա բնական է, որովհետև փաստորեն հարկատուներիս հաշվին ֆինանսավորվում է մի կազմակերպություն, որի ղեկավարը Արցախի հերոսներին համարում է ռազմական հանցագործներ, և ըստ էության օտարերկրյա ազդեցության ներքո գտնվող ևս մեկ հ/կ, որի գործունեությունը Հայաստանում բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Այսպես, մեկ տարի առաջ Դանիել Իոաննիսյանը գրել էր. «Երբվանի՞ց ենք մենք հանցագործներին (այդ թվում՝ ռազմական) ու բանակի հաշվին հարստացածներին հերոս համարում:

Մանվել Գրիգորյան, Սամվել Բաբայան, Վազգեն Սարգսյան (շատերի համար վիճելի) և այլն»:

Իսկապես բարդ է հասկանալ` ի՞նչ գործունեություն պիտի ծավալի Արցախում այսպես մտածող գործիչը, արդյո՞ք կարելի է վստահել նրա անաչառությանը դիտորդական առաքելություն իրականացնելիս, եթե նա կոնկրետ ասոցացվում է Հայաստանում իշխող քաղաքական ուժի հետ, և ուրեմն որքա՞ն անկողմնակալ կարող է լինել նա այն դեպքում, երբ պաշտոնական Երևանն Արցախի նախագահական ընտրություններում իր թեկնածուն ունենա, իսկ որ կունենա, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Կասկած չի հարուցում նաև այն, որ սեպտեմբերին կայանալիք արցախյան ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությունը սոսկ նախագահական ընտրությունների նախերգանքն է:

Ըստ ամենայնի` Հայաստանի քաղաքացիների կողմից չողջունվեց նաև սորոսական կազմակերպության մուտքը Արցախ:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Մեր երկիրը բաց երկիր է, և մենք որևէ թաքցնելու կամ վախենալու բան չունենք: Մեր ընտրությունները միշտ անցել են բաց և թափանցիկ ձևով. Ով ուզում է, թող գա: Հատկապես որ, կրկնում եմ, բոլոր տեսակի ընտրությունները` նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների, միշտ անցել են բարձր մակարդակով, և մենք ունեցել ենք տարբեր դիտորդներ, տարբեր կազմակերպություններից»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախցի պաշտոնյան նշում է, որ կարող են գալ ու իրենց աչքով տեսնել` ինչպիսի ընտրություններ են անցկացվում Արցախում:

Մեր հարցին, թե նպատակահարմար համարո՞ւմ են արդյոք, որ այն Հ/Կ-ն, որի ղեկավարը Արցախի հերոսներին անվանում է հանցագործներ, այդ թվում նաև` ռազմական, գործունեություն ծավալի Արցախում, քանի որ պարզ է, որ նշված կազմակերպությունները թերևս միայն դիտորդական առաքելություն չէ, որ իրականացնելու են, Դավիթ Բաբայանը նշեց, որ Արցախում ժողովրդավարությունն արդեն խորը արմատներ է գցել, և սա երևում է նաև արցախյան քաղաքական դաշտում:

«Այո, կան պատահական անձնավորություններ, մարդիկ քաղաքական դաշտում, ովքեր մաղձ են սփռում, ապուշ բաներ են խոսում, բայց սա էլ է ժողովրդավարության մի դրսևորում է: Ընդհանուր առմամբ բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը, կայացած քաղաքական գործիչները իրենց պահում են թույլատրելիի սահմանների մեջ, և կարծում եմ, որ այս ձևով էլ մենք պիտի շարունակենք, անկախ ամեն ինչից: Անկախ նրանից` ո՞վ է գալիս և մշտադիտարկում անում, ի՞նչ նպատակներ ունի, սա այլ խնդիր է: Կարևոր է, որ գան ու տեսնեն, որ Արցախում ժողովրդավարական համակարգ է»,-ասաց ԱՀ նախագահի մամլո խոսնակը:

Նա կարծում է, որ այն կազմակերպությունները, որոնք ի սկզբանե սուբյեկտիվ են, նրանք առանց գալու էլ են սուբյեկտիվ գրելու, և դա իրենց չպետք է ինչ-որ կերպ վհատեցնի, և միևնույնն է իրենք իրենց ճանապարհից չեն շեղվելու:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը քայլեր կկատարի ու կվնասի մեր պետությանը: Ես նկատի ունեմ մեր քաղաքական գործիչների մեծ մասին: Կրկնում եմ, կան խենթեր, մեկ-երկու հոգի, բայց նրանք շատ քիչ են: Անուններ չեմ ուզում տալ, բայց դրանք ոչ կայացած, պատահական մարդիկ են: Բայց ընդհանուր առմամբ ճանապարհ անցած մարդիկ, և առավել ևս կառույցներ ներկայացնող մարդիկ, չեմ կարծում, որ երբևիցե գնան նման քայլերի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա` մեր հիմնական վտանգը միշտ էլ գալիս է ներսից:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք նկատի ունի Արա Պապյանի խոսքն այն մասին, թե «Ամուլսարի հարցը ներկայումս հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հարցն է: Այն ավելի կարևոր է, քան անգամ Արցախի հարցը. առանց Արցախի գուցեև Հայաստանը կարող է ապրել, առանց ջրի` վստահաբար` ոչ», Դավիթ Բաբայանն ասաց, որ այսպիսի հայտարարություններ անողները երեք կատեգորիաների պատկանող մարդիկ են:

«Առաջինը, ովքեր չունեն համապատասխան խորը գիտելիքներ առհասարակ պետականության, ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի, Արցախի վերաբերյալ հատկապես, երկրորդ, ովքեր ունեն հոգեկան խանգարումներ, որը կարող է լինել ուղղակի հոգեկան խանգարում կամ ատելություն Արցախի ու արցախցիների նկատմամբ, և երրորդ, մարդիկ, ովքեր պարզապես հակապետական քայլեր են կատարում»,-նկատեց արցախցի պաշտոնյան` հավելելով, որ ինքն ուզում է հուսալ, որ Արա Պապյանը պարզապես չունի համապատասխան գիտելիքներ:

Նա կարծում է, որ դրա համար պետք է վերջինիս ու նրա նմաններին, ովքեր ունեն գիտելիքների բաց, քանի որ շիզոֆրենիկների ու դավաճանների հետ իմաստ չկա խոսել այդ հարցերի մասին, հիշեցնել, որ հայոց պետականության առջև կարևորագույն 4 խնդիր կա`Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայ ազգային ինքնության պաշտպանությունը Սփյուռքում և Սևանի փրկությունը:

«Սևանի փրկությունը ջրի խնդիր է: Նորից հիշեցնենք, որ Արցախից է կախված Հայաստանի ջրային անվտանգությունը և առհասարակ մեր պետության բնականոն զարգացման հեռանկարները: Նորից հիշեցնենք պարոն Պապյանին և այլ մարդկանց, որ հատկապես, օրինակ, Քարվաճառի շրջանում սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը, որոնք թույլ չեն տալիս, որ Սևանա լիճը չորանա: Եվ Արցախից է կախված նույն այդ ջրի հիմնախնդիրը: Եվ այսպիսի հայտարարություններ անելը, էլի եմ կրկնում, որ ուզում եմ հուսալ, որ գիտելիքների բացակայության արդյունք են, բայց չէ՞ որ էլի ներսից է գալիս: Այս րա մասին պիտի մենք մտածենք»,-ասաց Դավիթ Բաբայանը:

168.am-ի այն դիտարկմանը, թե արդյո՞ք սա այն հայտարարությունների շղթայի շարունակությունը չէ, երբ, օրինակ, ամիսներ առաջ Արցախյան ազատամարտը ստորադասվեց «թավշյա հեղափոխությանը», Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակն ասաց, որ այդ հայտնի արտահայտությունից հետո և ՀՀ վարչապետը այն մեկնաբանեց` համարելով վրիպում, և Արցախից եղան մեկնաբանություններ, և պետք չէ այժմ դրան անդրադառնալ:

«Բայց այսպիսի արտահայտությունից հետո, երբ մարդիկ իրենց գիտնականի տեղ են դնում, դիվանագետ են…Կրկնում եմ, մեզնից է շատ բան կախված: Ես չգիտեմ` ո՞վ է պարտադրել. չեմ կարծում, որ պարտադրել են: Պարզապես այդպես են մտածում 3 կատեգորիայի մարդիկ: Ուզում ենք հուսալ, որ պարզապես գիտելիքներ և տեղեկություններ չունեն, դրա համար այս է խնդիրը: Հանկարծ չմոռանանք, որ եթե Արցախի մազն անգամ ծռվի, և մենք կորցնենք այն, ինչ ունենք, մասնավորապես եթե ջրի հիմնախնդիր ենք քննարկում, Արցախից է կախված Հայաստանի ջրային անվտանգությունը: Սա բոլորս լավ պետք է իմանաք, ու դրա մասին պետք է խոսենք»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ