02  08  2019

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ոստիկանության այն ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Հարցն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Ստեղծված իրավիճակում ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունը ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում:

Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաև խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի և համաչափության սահմանադրական սկզբունքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ