04  07  2019

Կառուցվածքային մի շարք փոփոխություններ՝ ՊՆ-ում

Կառուցվածքային մի շարք փոփոխություններ՝ ՊՆ-ում

Կառավարությունը հուլիսի 4-ի նիստում հաստատեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը։

Այսպիսով՝

1. Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչություն.

2. Հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչություն.

3. Հակաօդային պաշտպանության զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչություն.

4. Ավիացիայի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ավիացիայի վարչություն.

5. Ինժեներական զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն.

6. Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչություն.

7. Թիկունքի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի թիկունքի վարչություն.

8. Սպառազինության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի սպառազինության վարչություն.

9. Ռազմաբժշկական վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն.

10. Զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունն անվանափոխվում է Գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչություն.

11. Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչություն.

12. ֆինանսական վարչությունն անվանափոխվում է Գլխավոր շտաբի ֆինանսական վարչություն:

13). կատարվում են հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝

ա. Վարչական ապարատը վերակազմավորվում է Գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության.

բ. Օպերատիվ վարչությունը, Ռազմավարական պլանավորման վարչությունը և Ռազմական հաղորդակցությունների բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչություն.

գ. Մարտական պատրաստության վարչությունը և Ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչություն.

դ. Կազմզորահավաքային վարչությունը և Կադրերի վարչությունը միաձուլվում են՝ ստեղծելով Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչություն.

ե. Հետախուզության վարչությունը վերակազմավորվում է Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության.

զ. Ռադիոէլեկտրոնային պայքարի բաժինը վերակազմավորվում է Գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության.

է. Ռազմատեղագրական բաժինը վերակազմավորվում է Գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության.

ը. Ութերորդ բաժինը վերակազմավորվում է Գլխավոր շտաբի գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայության.

թ. Ստանդարտացման և չափագիտական բաժինը վերակազմավորվում է Գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտության ծառայության.

ժ. Ռազմանվագախմբային բաժինը վերակազմավորվում է Գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայության:

                                   Գլխավոր շտապի նպատակը և խնդիրները

 Գլխավոր շտաբի նպատակն է`

ապահովել զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ռազմական բաղադրիչի ապահովման ուղղությամբ Կառավարության քաղաքականությունը:

Գլխավոր շտաբի խնդիրներն են`

1. օրենքով սահմանված զինված ուժերի խնդիրների կատարման ապահովումը.

2. հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման մեթոդների ու միջոցների, ռազմական սպառնալիքների կանխատեսման, գնահատման և կանխարգելման միջոցառումների պլանավորման ապահովումը.

3. զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային անհրաժեշտ պատրաստականության ապահովումը.

4. զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական (օպերատիվ) ծավալման կազմակերպման ապահովումը.

5. զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովումը.

6.պահեստազորային պատրաստության իրականացման ապահովումը.

7. զինվորական կառավարման համակարգի զարգացման ապահովումը:

                        Գլխավոր շտաբի գործառույթները

 Գլխավոր շտաբն իր նպատակի և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները.

1. զինված ուժերը զորահավաքային ծավալման ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային պլանավորման, ինչպես նաև խաղաղ ժամանակ այդ միջոցների կուտակման, պահպանման և տեղաբաշխման իրականացումը.

2. հետախուզական գործունեության իրականացումը` պաշտպանության և անվտանգության նպատակով.

3. խաղաղ ժամանակ զինված ուժերի կապի և տեղեկատվության համակարգի գործունեության ու զարգացման կազմակերպումը, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այդ համակարգի կիրառման պլանավորումը և ապահովումը.

4. զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովման կազմակերպումը.

5. այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստության համակարգումը, դրանց զորահավաքային պատրաստականության վերահսկումը.

6. իր իրավասության սահմաններում, միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների զինված ուժերի և միջազգային կազմակերպությունների հետ ռազմական համագործակցության իրականացումը.

7. զինված ուժերում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման իրականացումը.

8. զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման միջոցառումների իրականացումը.

9. զինված ուժերում տեղեկատվական հակապայքարի կազմակերպումը.

10. պահեստազորային պատրաստության միջոցառումների իրականացումը.

11. զինված ուժերի կադրային քաղաքականության, ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը մասնակցությունն ու իր լիազորությունների շրջանակներում դրանց իրականացումը.

12. իր իրավասության շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովման գործընթացին աջակցությունը.

13. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացում:

 Հավելենք, որ ըստ օրենքի նախագծի՝  Գլխավոր շտաբի կառավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը:

Այն է՝

1. Գլխավոր շտաբի կառավարումն իրականացնում է Անվտանգության խորհրդի կողմից որոշված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում.

2. Կառավարության հաստատմանն է ներկայացնում Գլխավոր շտաբի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները.

3. Պաշտպանության նախարարության միջոցով իրականացնում է Գլխավոր շտաբի և նրան ենթակա ստորաբաժանումների գործունեության վերահսկողությունը.

4) լսում է Գլխավոր շտաբի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5.վերահսկողություն է իրականացնում Գլխավոր շտաբին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6. հաստատում է Գլխավոր շտաբի հաշվեկշիռը.

7. Գլխավոր շտաբի գործունեության ապահովման ուղղությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 Գլխավոր շտաբը ղեկավարում է Գլխավոր շտաբի պետը, որը զինված ուժերի անմիջական հրամանատարն է և հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը:

Այն է՝

Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող պաշտպանության նախարարին գլխավոր շտաբի պետի ենթակայությունը:

Գլխավոր շտաբի պետը`

1.ղեկավարում է գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է գլխավոր շտաբին առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2. օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակին, խնդիրներին և գործառույթներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում պաշտպանության նախարարին.

3. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր շտաբի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր շտաբի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4. իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է զինծառայողների և այլ ծառայողների, շնորհում է  զինվորական կոչումներ, կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5. իր իրավասության սահմաններում զինծառայողներին և այլ ծառայողներին օրենքով սահմանված կարգով ներկայացնում է պետական պարգևներով պարգևատրման ու պատվավոր կոչումների, գերատեսչական մեդալների շնորհման.

6. սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների, խորհրդականի, օգնականի միջև.

7. օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության  օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, որոշումները, հանձնարարությունները, կարգադրությունները և ցուցումները.

8.ամփոփում և Պաշտպանության նախարարի հաստատմանն է ներկայացնում գլխավոր շտաբի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

9. Պաշտպանության նախարարին է ներկայացնում գլխավոր շտաբի կանոնադրությունը, գլխավոր շտաբի և զինված ուժերի կառուցվածքը, հաստիքային թվաքանակը, գլխավոր շտաբի հաստիքացուցակը.

10. հաստատում է գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները՝ դրանցում սահմանելով կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

11. իրականացնում է հսկողություն գլխավոր շտաբին ամրացված պետական սեփականության պահպանության և նպատակային օգտագործման նկատմամբ.

12). Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

13. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Գլխավոր շտաբի պետի բացակայության դեպքում գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարում է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ գլխավոր շտաբի պետի ներկայացմամբ և Պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ տեղակալը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ