28 06 2019

Աշխարհն ավելի քիչ կանխատեսելի է դարձել, դա ամենատխուրն է. ՌԴ նախագահ

Աշխարհն ավելի քիչ կանխատեսելի է դարձել, դա ամենատխուրն է. ՌԴ նախագահ

Ես միշտ մտածում եմ իմ հաջորդողի մասին: Այս մասին ասել է Պուտինը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում:

«Առանց չափազանցնելու կասեմ, որ դրա մասին միշտ մտածում եմ՝ սկսած 2000 թվականից»,- ընդգծել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ նախագահի ընտրության սկզբունքն առավել ժողովրդավարական է, քան Մեծ Բրիտանիայում:

«Իրավիճակը փոխվում է, փոխվում են մարդկանց հանդեպ որոշակի պահանջները: Եվ առանց ծամածռության եւ չափազանցնելու ասեմ, որ վերջին հաշվով որոշում պետք է ընդունի Ռուսաստանի ժողովուրդը: Ինչ էլ որ անի գործող նախագահը, ում էլ որ ներկայացնի, վերջին խոսքը ժողովրդինն է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացունը»:

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահին: Նա ասել է, որ համաձայն չէ իր ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի որոշ հայացքների հետ, սակայն նրան տաղանդավոր մարդ է համարում:

«Պարոն Թրամփը կարիերային քաղաքական գործիչ չէ: Ես չեմ ընդունում նրա շատ հայացքներ, երբ գործը հասնում է խնդրի լուծմանը: Սակայն գիտե՞ք՝ ինչ եմ մտածում: Կարծում եմ՝ նա տաղանդավոր մարդ է, նա շատ լավ գիտի, թե ինչ են ընտրողներն իրենից ակնկալում»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ Թրամփը հաղթել է ընտրություններում ոչ թե ՌԴ ենթադրյալ միջամտության, այլ այն պատճառով, որ ուշադրություն է հատկացրել հանրության փոփոխություններին:

«Իհարկե սառը պատերազմի տարիներին էլ լավ չէր, բայց գոնե ինչ-ինչ կանոններ կային, որով պետությունները ջանում էին առաջնորդվել: Հիմա, ինչպես երևում է, ոչ մի կանոն չկա, և այդ առումով աշխարհը ավելի քիչ կանխատեսելի է դարձել: Դա ամենագլխավորն է ու ամենատխուրը»,-ասել է Պուտինը:

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Սերգեյ Սկրիպալի գործին: Նա, մասնավորապես, ասել է.

«Ընդհանրապես, դավաճանությունը մեծ հանցանք է, որը կարող է լինել երկրի վրա, և դավաճանները պետք է պատժվեն: Ես չեմ ասում, թե պետք է նման կերպ պատժել, ինչպես դա տեղի ունեցավ Սոլսբերիում, ո՛չ: Սակայն դավաճանները պետք է պատժվեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ