05  06  2019

Ինչի ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞. Փաշինյանը կրկնեց հայտնի խոսքը

Ինչի ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞. Փաշինյանը կրկնեց հայտնի խոսքը

«Ինչի այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարց հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով անկախ դատարանների և դատավորների աշխատավարձերի բարձրացման թեմային։

Վարչապետի կարծիքով առանց դատավորների աշխատավարձների լրջորեն բարձրացման չի կարող լինել դատական անկախ համակարգ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում կստեղծեն հակակոռուպցիոն նոր դատարան. «Օրինակ շատ են ասում՝ ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում, դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումները չեն արվել: Ասեմ՝ ինչու չեն արվել, վերջին 1 տարվա ընթացքում մենք ունեցել ենք ասպիսի երևույթ, երբ որ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում եղել է այսպես կոչված «недабор»: Այսինքն դատավոր լինելու հավակնորդների թիվը ավելի քիչ է եղել, ինչո՞ւ, որովհետև մարդը ասում է, լսեք, ես գնամ 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ ազատազրկման դատապարտեմ, մեկին՝ 15 տարվա, մեկի գույքային հարցը լուծեմ ու ինչի՞ համար: Հիմա ինչո՞ւ համար եմ հեռվից գալիս. առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող մենք ունենալ դատական անկախ համակարգ»,-հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ այսօր իրենք ունեն հնարավորություն բյուջետային առումով բարձրացնել դատավորների աշխատավարձը. «Բայց եթե մենք այսօր որոշենք դատավորների աշխատավարձը բարձրացնել հանրությունը մեզ չի հասկանա: Կասեն այս սոցիալական իրավիճակում փոխանակ էս խնդիրը լուծեք, բռնում եք էտ դատավորների աշխատավարձն եք բարձրացնում, թեկուզ նոր դատավորների: Բայց եթե դատավորի աշխատավարձը բարձր չլինի, լուրջ մասնագետը չի ուզի 400 հազար դրամով գա դատավոր աշխատի՝ իմանալով, որ կաշառք չի վերցնելու: Այս ընթացքում մենք միջազգային մեր գործընկերների հետ շփումների մեջ ենք, և մենք իրենց ասում ենք՝ ժողովուրդ, մենք հիմա չենք կարող դատավորների աշխատավարձերը էականորեն բարձրացնել»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրեն պետք չէ մարիոնետային դատարան. «Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, այդպիսի համակարգը պատրաստի դրած էր: Ես ինչի՞ եմ դատարանների դռներն արգելափակել, ցույց տալու համար դա, որ ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ: Ինչու այսօր ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ