20 05 2019

Պատեհապաշտների հոխորտանքները չեն կարող սասանել մեր միասնականությունը․ՀՅԴ Արցախի կոմիտե

Պատեհապաշտների հոխորտանքները չեն կարող սասանել մեր միասնականությունը․ՀՅԴ  Արցախի կոմիտե

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Վերջին օրերին ականատեսը եղանք ՀՀ-ում ստեղծված արհեստածին պայթունավտանգ իրավիճակի, որը փորձ է արվում տեղափոխել Արցախի քաղաքական դաշտ:  Այդ ամենը  միտված են  զոհողություններով եւ արյամբ ձեռք բերված  հայկական պետական համակարգը խաթարելու եւ  հաղթանակների գրավական՝  համազգային  համերաշխությունը սասանելու:

ՀՅ Դաշնակցության դեմ վայրահաչոցներն ու ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի օրերին առանցքային դեր ունեցող մարտական պատասխանատու Հրանտ Մարգարյանի եւ իր մանկահասակ թոռների նկատմամբ թույլ տրված տմարդի ոտնձգությունը՝  ստոր գործընթացների հետեւանք են:

Դաշնակցությունն անխոնջ պահակն է ազգային արժեքների: Հայ ժողովիդի դարավոր իղձերի իրականացման ուղղությամբ  համախմբման ռահվիրա  կուսակցությունը  ունակ է իր ավանդական մոտեցումներով ստանձնելու պատասխանատվություն, միասնություն ու հարգանք պարտադրելով  բոլորին: Թող որ դա կասկածի առարկա չդառնա:

Իսկ ինչ մնում է Մայր հայրենքի իշխանություններին՝ կոչ ենք անում սթափվել եւ իրական պատասխանատվություն կրել: Անխոհեմ քայլերը վտանգում  են բոլորիս անվտանգությունը: Հատվածական օրախնդիր մոտեցումերը,  փորձերը, որով ցանկանում եք քողարկել անհաջողություններն ու ամբոխահաճո խոստումների ձախողումները՝ վաղ թե ուշ դատապարտված են բացահայտման: Իսկ պատմության եւ ժողովրդի առաջ պատասխանատվությունից խուսափելը՝ անհնարին է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վստահ ենք, որ ամբոխավարության վրա  հիմնված պատեհապաշտների հոխորտանքներն ու չկշռադատված  քայլերը՝  չեն կարող սասանել մեր միասնականությունն ու շեղել սերունդների նկատմամբ պարտավորեցնող  պատասխանատվությունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ