15  05  2019

ԱԳՆ-ն ակնկալում է՝ Վաշինգտոնն է ընդունելու Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը



ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ Ադրբեջանի յուրօրինակ վետոյի շնորհիվ ձախողվել է ընդունել երեք հռչակագիր և անհրաժեշտ փաստաթղթեր, քանի որ նրանք ցանկանում էին, ինչպես այսօր բացահայտեց պարոն Մամեդյարովը, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ևս ներառված լինի փաստաթղթում, ԱԳՆ-ն պատասխանել է․

«Գիտեք ինչպես, մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի նշեինք  Արևելյան գործընկերության տասնամյակը, և իրականում ինձ թվում է, որ ստացվեց բավական հաջող միջոցառում, այս տասը տարվա գործողությունների, ինչպես նաև համագործակցության բավական հաջող ամփոփում. հնարավորություն եղավ ուրվագծել այն, ինչ կլինի հաջորդ փուլի համար: Այստեղ տեղի ունեցան Արևելյան գործընկերության ամենաբարձր մակարդակով ներկայացված վեց գործընկերների պատվիրակությունների բավական հետաքրքիր և կարևոր քննարկումներ, քննարկվեցին, գնահատվեցին բոլոր մարտահրավերները, մոտեցումները: Այդ առումով ինձ թվում է, որ բավական հաջող գործընթաց էր, հաջող միջոցառում:

Մենք ունենք մեր օրակարգը` Եվրամիության հետ աշխատելով երկկողմ մակարդակով, և ունենք բավական լուրջ, բավական հարուստ օրակարգ: Արևելյան գործընկերությունը եղել և մնում է շատ կարևոր հարթակ, որտեղ մենք համալրում ենք այն, ինչ անում ենք երկկողմ մակարդակով: Եվ այդ առումով մենք սկզբունքորեն գոհ ենք արդյունքներից: Ինչ վերաբերում է ամփոփմանը, ամփոփումը եղել է տիկին Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների մոտեցումները, իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստանին, արտահայտում է մեր մոտեցումները»։

Ճշտող հարցին՝ իսկ ծանո՞թ է արդյոք իրենց համաձայնագրում Եվրամիությունը և Ադրբեջանը բառընտրության առումով իրենց հայտարարությունները, Ղարաբաղի հետ կապված ձևակերպումները ինչքանո՞վ են համահունչ և բաղդատելի այն ձևակերպումներին, որ կան մեր համաձայնագրում, Մնացականյանը պատասխանել է․

«Նորից կրկնեմ, որ մենք ունենք մեր պայմանագիրը, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որտեղ արտահայտված են բավական մեծ ծավալով տարբեր հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցը, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող պարբերություն։ Եվրամիությունը և Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են, ինչ-որ բանակցում են։ Բնականաբար մենք կողմ չենք բանակցությունների, և այստեղ, ինձ թվում է, Եվրամիության համար բավական կարևոր հարց է, որքանով են իրենք սկզբունքային և հետևողական իրենց դիրքորոշումների մեջ։ Այդ առումով, նորից կրկնեմ, մենք ունենք մեր պայմանագրային դաշտը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի իր  արտահայտությունը։Հուսով եմ և վստահ, որ Եվրամիությունը ունի հետևողականությունը պահպանելու սկզբունքներ»։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ ունեցած հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Մամեդյարովի հետ շփում է եղել։ «Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»։

Իսկ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին ԱԳՆ-ն պատասխանել է՝ մի փոքր էլ համբերենք։ «Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»։

Մնացականյանը նշել է, որ ակնկալվում է, որ հանդիպումը կկազմակերպվի Վաշինգտոնում։ «Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»,- հավելել է արտգործնախարարը։

Զոհրաբ Մնացականյանը նաև նշել է, որ հայկական կողմը  սկզբունքորեն կողմ է Ստեփանակերտի՝ բանակցային գործընթաց վերադարձին։ «Մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը  լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»,- ընդգծել է Մնացականյանը։

Ինչ վերաբերում է հնչող քննադատություններին, որ վարչապետը մասնակցել է միայն պաշտոնական ընթրիքին և ոչ թե բարձր մակարդակի կոնֆերանսին, ԱԳՆ-ն նշել է․ «Գիտեք, որ վարչապետն ուներ իր ծրագիրը: Չեմ կարծում, որ արժի սրա վրա կառուցել մի տեսություն, թե ինչու այսպես պատահեց, որովհետև եղել են տարբեր ղեկավարներ տարբեր մակարդակներով։ Ես մնացել եմ, շարունակել եմ, մասնակցել եմ: Ձեզ հետ միասին մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում այսօր։ Ի դեպ, նորից կրկնեմ, շատ գործնական և շատ լավ այց էր վարչապետի կողմից, որովհետև երեկվա քննարկումները, շփումները շատ գործնական էին, շատ լավն էին. և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով տեղի ունեցան բազմաթիվ շփումներ, գնահատականների, մտքերի բազմաթիվ փոխանակումներ: Այսօր դա շարունակվեց: Գործնական առումով մենք շատ գոհ ենք: Ինչ վերաբերում է, թե ինչու այսպես կամ այնպես, ի վերջո, նորից կրկնեմ` սա շատ կարևոր միջոցառում էր այն առումով, որ սա տասնամյակի նշում էր` շատ լավ կազմակերպված:

Մենք մասնակցեցինք, բայց նաև վարչապետն ուներ մեկ այլ այց, որը նույնպես կարևոր էր և նույնպես պետք էր իրականացնել: Եվ Բրյուսելից մինչև Պեկին հասնելը ժամանակ է տևում, դրա համար կարողացանք հարմարեցնել և բոլորս միասին պայմանավորվել  հյուրընկալող կողմի հետ։ Այս ամենը նորմալ է։ Այսինքն կարիք չկա կառուցելու ենթադրություն, թե ինչու է այսպես, թե այնպես»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ