30 04 2019

Որոշ ուժեր կանգ չեն առնում բարոյական և իրավական նորմերի առաջ․ Ղարամյան

Որոշ ուժեր կանգ չեն առնում բարոյական և իրավական նորմերի առաջ․ Ղարամյան

Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին տարվա եւ հատկապես վերջին ամիսների ընթացքում, Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների եւ համապետական երկու՝ նախագահական ու խորհրդարանական սպասվող ընտրություններին ընդառաջ, ներքաղաքական դաշտում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, ժամանակավրեպ ակտիվություն է սկսվել, իր դրական եւ բացասական կողմերով հանդերձ:

Առավելագույնս ուզում եմ անդրադառնալ բացասական կողմերին:

Քաղաքական դաշտում գործող որոշ ուժեր եւ գործիչներ, ինչպես նաեւ նոր հայտ ներկայացնողները, կարծես թե որպես կարգախոս են ընտրել հանրահայտ խոսքը՝

«քաղաքականությունը՝ դա անբարոյականություն է» եւ առաջնորդվում են այդ սկզբունքով:

Շահարկելով Արցախյան հիմնախնդիրը եւ 20-րդ դարի վերջին նորից թափ առած համազգային շարժումը, որը խթան հանդիսացավ վերջին 350 տարիների հայ ազգային-ազատագրական շարժման զարթոնքին եւ դրա արդյունքում կորսված հայրենիքի մի զգալի մասի ազատագրմանը, փորձում են իրենց դերի արժեւորման համար նսեմացնել մյուսներին, կանգ չառնելով բարոյական եւ նույնիսկ իրավական նորմերի առաջ:

Խորհուրդ կտամ նրանց բոլորին՝ ուսումնասիրել հայ ազգային-ազատագրական շարժման պատմությունը՝ սկսած բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատի, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի եւ Իսրայել Օրու գործունեությունից մինչեւ մեր օրերը, եւ դասեր քաղել՝ երբ, ինչպես եւ ինչ գործոնների ու պայմանների ժամանակ ենք ունեցել հաջողություններ եւ անհաջողություններ:

Ակնհայտ է, որ հաջողություններ ունեցել ենք, երբ իշխանները, մելիքները, հոգեւոր դասի վերնախավը եւ առեւտրա-արհեստավորական խավը եղել են միասնական, միակամ ու միաբան, եւ ճիշտ հակառակն ենք ունեցել, երբ եղել ենք պառակտված, իշխանության մոլուցքով կուրացած, եղբայրասպան կռիվների ընթացքում՝ կալվածքների եւ ունեցվածքի համար վեճերի ու դավադրությունների ժամանակ:

Այնպես որ, Արցախի հարցը համազգային է եւ ազգային-ազատագրական պայքարի ոգուն հարիր: Այդ համատեքստից դուրս ցանկացած քննարկումներ հղի են անդառնալի կորուստներով, պարտություններով եւ հավասարազոր են ազգային ու պետական շահերի դավաճանության:

Ելնելով այս գաղափարից՝ ՀՀ, ԱՀ եւ Սփյուռքում գործող բոլոր պետական, քաղաքական, հասարակական գործիչներին այս բարդ եւ անկանխատեսելի աշխարհաքաղաքական ժամանակահատվածում խորհուրդ եմ տալիս եւ հորդորում առաջորդվել բացառապես ազգային, պետական շահերով, մի կողմ դնելով անձնական, կլանային շահերը, զերծ մնալով «նպատակն արդարացնում է միջոցները» հանրահայտ կարգախոսից:

Առավելապես խոսքս ուղում եմ այն գործիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց խոսքն ու տեսակետները հնչեցնելուց ազգը պառակտող, «հուշարձան տեղադրող», «քարը շպրտող», «մարզ է», «սահմանը փակող», ազատագրական պայքարում մեծ ավանդ ունեցող հերոսներին, գործիչներին եւ զինվորականներին վիրավորական ածականներ եւ էպիտետներ կպցնելուց զերծ մնալ, այլապես հաղթողներ չեն լինելու, եւ փոխարենը ունենալու ենք կորուսյալ հայրենիք ու ցեղասպանված հայ ժողովուրդ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ