29 04 2019

ԱԺ նախագահը Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով հայտարարություն կանի

ԱԺ նախագահը Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով հայտարարություն կանի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է արել։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկել են քննիչ հանձնաժողովների ստեղծման հետ կապված մանրամասները, օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը՝ կապված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հետ։

Լիլիթ Մակունցն ասաց, որ ՔՈ-ն հայտարարությամբ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, և նա լրացուցիչ հայտարարությամբ հանդես գա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նաև նշեց, որ հպանցիկ քննարկել են ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպը, մտահոգություններ են հնչել այն հարցով, որ կենցաղային միջադեպերը հաճախակի են դարձել։

«Տեղյակ ենք միայն տեսանյութերով, այն, ինչ տեղի է ունեցել, իհարկե, ընդունելի չէ և շատ տհաճ միջադեպ է և ոչ ընդունելի վարքագիծ, մնացած մանրամասներին ոստիկանությունը ընթացք կտա։

«ՔՈ–ի հայտարարությունը մենք կարող ենք դիտարկել 2 տիրույթում՝ իրավական եւ քաղաքական։ Իրավական առումով մեզ համար եւս կարեւոր է, թե ինչ գնահատական է հնչելու, կսպասենք իրավապահ մարմինների գնահատականին։ Քաղաքական առումով՝ ինչպես մենք նախկինում ենք հայտարարել, այնպես էլ հիմա ենք հայտարարում, որ չի կարող լինել, որ իշխանությունն ու բիզնեսը սերտաճեն։ Սա մենք ասում ենք, երբ հայտարարում ենք, որ Հայաստանում գոյություն չունի օլիգարխիա»,–ասաց նա՝ հավելելով, որ  քննարկում եղավ, որ կարծես իրավական առումով լողացող տիրույթի հետ գործ ունենք, որը հստակեցման կարիք ունի։ «Գտնում եմ, որ Պետաիրավական հանձնաժողովը այս առումով պետք է հարցը դիտարկի և հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր, չլեգիտիմացրեց Գագիկ Ծառուկյանի ներկայությունը խորհրդարանում, Մակունցը պատասխանեց. «Եթե որևէ փուլում իրավական գնահատական կհնչի, որ տեղի է ունենում պաշտոնական դիրքի չարաշահում, եւ մարդիկ, որոնք լինելով օրենսդրական դաշտում, զբաղվում են բիզնեսով, պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկվեն»:

Իմքայլական պատգամավոր Սիսակ Հաբրիելյանը չբացառեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի բացումն ու այս հարցի քննարկումը, բայց նշեց, որ դեռ վաղ է դրա համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ