14 01 2019

Ադրբեջանում բլոգերներին սպանում են․ Լապշինի ահազանգը

Ադրբեջանում բլոգերներին սպանում են․ Լապշինի ահազանգը

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, ավելի ուշ ազատ արձակված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում պատմել է Բաքվի բանտում ադրբեջանցի բլոգերի սպանության մասին, ըստ Լապշինի՝ ինքը եղել է վերջին մարդը, ով տեսել է այդ բլոգերին մահից առաջ:

Լապշինը պատմել է ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովի մասին, որը դատապարտվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ քննադատական հրապարակումների համար, և որին Լապշինը պատահաբար հանդիպել էր Բաքվի բանտի միջանցքներից մեկում:

«Նրա դեմքն ինձ անծանոթ էր: Նա ասաց՝ «Ալեքսա՛նդր, ողջո՛ւյն: Ես էլ եմ բլոգեր: Դու ինձ հավանաբար չգիտես, բայց ես քեզ տեսել եմ հեռուստացույցով: Իմ անունը Մեհման է: Օգնի՛ր ինձ, նրանք ինձ այստեղ կսպանեն», - հիշում է ադրբեջանցի քաղբանտարկյալի խոսքերը Լապշինը:

Այն ժամանակ Լապշինը նրան պատասխանել է, որ չի պատկերացնում, թե ինչով կարող է օգնել, որովհետև ինքը նույնպես այդտեղ է գտնվում անօրինականորեն:

«Միակ բանը, որ ես կարող էի անել նրա համար, իր մասին տեղեկության փոխանցումն էր Ռուսաստանի ու Իսրայելի դեսպաններին, որոնք ինձ այցելում էին բանտում: Արդեն երբ ազատվեցի ադրբեջանական գերությունից ու վերադարձա Իսրայել, սկսեցի փնտրել այդ մարդուն: Պարզվեց, որ բլոգերը գազանաբար սպանվել է բանտի միջանցքում մեր պատահական հանդիպումից ընդամենը երեք օր անց», - գրում է ռուս-իսրայելցի բլոգերը՝ նշելով, որ Գալանդարովի մահը Ադրբեջանում ներկայացրին որպես ինքնասպանություն:

Լապշինը նաև հավելել է, որ ինքը ճանաչում է Մեհման անունով ևս մեկ ադրբեջանցի բլոգերի՝ Մեհման Հուսեյնովին, որին թեև անձամբ չի տեսել, սակայն ծանոթ է վիրտուալ կերպով: Բլոգերը գրել է, որ Հույսեյնովն այժմ նույն բանտում է: «Նույն բանտում է նաև մարդասպանների խումբը, որոնք սպանել ու փոսն էին գլորել Գալանդարովին: Ես վախենում եմ տղայի կյանքի համար», - գրել է Լապշինը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ