09  01  2019

Դատախազությունն ու քննիչը ձգձգում են Ռոբերտ Քոչարյանի հարցի քննությունը



Հունվարի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու՝ փաստաբանների միջնորդությունը։ Այն, սակայն կրկին հետաձգվեց։

Դատախազությունը և քննիչն ինքնաբացարկի մինորդություն են ներկայացրել նախագահող դատավորին, պաշտպանական կողմն էլ առարկել է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի դեկտեմբերի 10-ին, ժամը 14-ին։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց․ «Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ հայտնել, բնականաբար, վաղվա դատական նիստն էլ տեղ չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի։ Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ չհայտնել, վաղը գրավի քննությունը կշարունակվի»։

Ինքնաբացարկի միջնորդության հիմքը, ըստ մեղադրող կողմի, այն է, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառավբանելով, որ իրենք ընտանիքներով բավականին երկար ժամանակ մոտ են եղել և չի ցանկանում կասկածներ առաջացնել իր անաչառության վերաբերյալ։ Պաշտպանական կողմն էլ նշում է, որ դրանք իրար հետ ուղղակի կապված խնդիրներ չեն, դատավորի անաչառությունը կասկածելի կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանի գրչավցով ազատվելու կամ չազատվելու հարցն ինչ-որ ձևով անդրադառնար մյուս մեղադրյալի կարգավիճակին։ 

Հայկ Ալումյանն ասաց, որ թեև այս միջնորդության քննությունը երկար չի տևի, սակայն նկատում է հարցի ձգձգում։

«Շատ շռայլ են ժամանակի նկատմամբ։ Երբ իրենք են միջնորդություն ներկայացնում, որպեսզի անձը կալանավորվի, պատրաստ են ամբողջ գիշեր դատավարություն անել, բայց երբ պետք է կալանքից ազատվի, կարող են 10 օրով նիստը հետաձգել կամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Սա ժամանակի նկատմամբ ճիշտ վերաբերմունք չէ, որովհետև իրենք չեն զգում, թե ինչ է նշանակում լինել կալանքի տակ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց մինչև հունվարի 9-ը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ գործը քննող ՀՔԾ քննիչն է խնդրել հետաձգել նիստը, քանի որ ունի անձնական գործեր և աշխատանքային ժամից դուրս չի կարող մասնակցել նիստերին:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դեկտեմբերի 7-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ