09 12 2018

Հայաստանում առաջին ԱԺ արտահերթ ընտրություններն են անցկացվում. թարմացվում է

Հայաստանում առաջին ԱԺ արտահերթ ընտրություններն են անցկացվում. թարմացվում է

Քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 20:00-ի  դրությամբ, ստացվել է 38  հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ  ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։Ստացված հաղորդումներից 8-ը Երևանում է, 4-ը` Սյունիքի, 7-ը` Շիրակի, 3-ը` Արագածոտնի, 5-ը` Արարատի, 5-ը` Գեղարքունիքի, 2-ը` Արմավիրի, 1-ական` Վայոց Ձորի և Լոռու  մարզերում:

Եվս 2 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 35-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում ստացված նյութերից մեկով 34/47 ընտրատեղամասում արձանագրվել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ:

Դեպքն արձանագրվել է, երբ Շատաղ գյուղի՝ 1982 թվականի բնակիչը թոշակառու սկեսրոջը քվեարկություն կատարելու հարցում օգնելուց հետո իր կողմից քվեարկություն կատարելու համար իր անձնագրի փոխարեն կրկին ներկայացրել է սկեսրոջ անձնագիրը:Արարատի մարզի քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով քաղաքացին 12/16 ընտրատեղամասում գրանցվել է որպես ընտրող և ստացել կտրոն, սակայն մինչև ընտրողների գրանցասեղանին մոտենալն այն կորցրել է: Վերադառնալով փորձել է կրկին գրանցվել և կտրոն ստանալ, ինչի արդյունքում էլեկտրոնային սարքավորման կողմից գրանցվել է որպես կրկնակի գրանցման փորձ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին ստացված նյութերից մեկով 1944 թվականին ծնված քաղաքացին թիվ 13/17 ընտրատեղամասում 12:01-ին տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է որպես ընտրող, ստացել կտրոն, կատարել է ընտրություն և հեռացել ընտրատեղամասից:  Նույն օրը՝ ժամը 16.40 թիվ 13/17 ընտրատեղամաս է ներկայացել նրա կինը, ում հագուստի գրպանում գտնվել է ինչպես իր, այնպես էլ՝ ամուսնու  նույնականացման քարտը: Մոտենալով տեխնիկական սարքի միջոցով գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին՝ քաղաքացին իր նույնականացման քարտի փոխարեն սխալմամբ նրան է տվել ամուսնու նույնականացման քարտը, ինչի արդյունքում սարքը գրանցել է որպես կրկնակի գրանցման փորձ:ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

---

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63%-ը․ ԿԸՀ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, թե, նախնական տվյալներով, քանի մարդ է մասնակցել ընտրություններին: Նրա խոսքով` ընտրությանը մասնակցել է 1 260 840 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 48.63 տոկոսը:

Ըստ Մուկուչյանի` Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 849 913 է, իսկ քվեարկությանը մասնակցել է 404 599 մարդ կամ 47.06 տոկոսը:

ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված էր 2 մլն 592 481 մարդ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ժամը 20:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր քվեարկելու իրավունք ունեցող 2,587,785 քաղաքացիներից 1,574,947-ը կամ 60,86 տոկոսը:

---

Սպիտակ քաղաքում հսկողությունն ուժեղացվել է․ Ոստիկանություն

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։ 

«Մեր դիտորդների կողմից՝ Սպիտակի վերաբերյալ։ 20։28 րոպեին արդեն լույսերը միացված են եղել։ Անջատված տեղամասերում՝ 22/21, 22/25, 22/20 դիտորդները խախտումներ չեն արձանագրել այս առումով»,- գրել է նա։

Նշվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանապետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում:

---

Ընտրություններն ավարտվեցին

Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը. ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: 

Ժամը 21.00-ին Կենտրոնական ընտրոկան հանձնաժողովը կներկայացնի ընտրողների մասնակցության վերջնական տվյալները, որն ամբողջ օրվա ընթացքում բավականին ցածր էր։

---

Քննչական կոմիտեն ընտրախախտման 12 հաղորդում է ստացել

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է 12 հաղորդում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 1-ը Երևանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1-ական Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ստացված նյութերի համաձայն՝ քաղաքացի Ա.Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 8/19 ընտրատեղամասում քաղաքացիները, «մեկը մյուսին հուշելով, քվեաթերթիկ ցույց տալով կողքինին, ընտրում են»:

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված թիվ 35/61 տեղամասում արձանագրված դեպքով՝ Մեղրի քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակչուհին, ով հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, ընտրություն կատարելուց հետո փորձել է քվեարկություն կատարելու գործում օգնել նույն դիսպանսերում հաշվառված քրոջը, սակայն սխալմամբ ներկայացրել է իր նույնականացման քարտը, որի հետևանքով գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ:

---

Հերթում կանգնելը շարային կարգ է համարվել. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում ՊՆ իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիրներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:  Ահազանգեր են եղել նաև այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվոել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Հերթում կանգնելը շարային կարգ է համարվել և այլընտրանք չունի։  Զորամասերի մոտ տեղակայված ընտրաեղամասերում քվերակողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստոեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում։ Ընդ որում «շարային կարգ» հասկացությունը ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով սահմանված չէ, ինչը թյուրիմացաբար մեկնաբանվում է, որպես շարքում կանգնած։  ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հարահանգավորված է և կատարվում զինծառայողների կողմից։

Թեժ գիծը շարունակելու է աշխատել մինչև քվեարկության ավարտը»:

---

Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի

Մինչև ժամը 17։00-ն ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

 «Ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 քաղաքացուց ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է  1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ ընտրողների  39,54 տոկոսը»,-ասաց նա: Այսպիսով, ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում, որ ընդգրկում  Ավան Նոր նորք և Զեյթուն վրաչական տարածքը, ըտրողների թիվն է 200,915 որոնցից ընտրության մասնակցել է  78, 382 -ը, այսինքն՝ 39,01  տոկոսը: 

Թիվ 2-ում՝ 213,587 քաղաքացիներից մասնակցել է 83, 835  -ը, ընդհանուր առմամբ՝ 39,25 տոկոսը:

Թիվ 3-ում` 225,181 քաղաքացիներից մասնակցել է 83 661 , ընդհանուր առմամբ՝  37,15 տոկոսը:

Թիվ 4 - 210,229 քաղաքացիներից մասնակցել է 77 445 -ը, կամ  36,84 տոկոսը:

Թիվ 5 - 221, 529 քաղաքացիներից մասնակցել է 89, 198-ը, կամ   40,26 տոկոսը:

Թիվ 6- 234,345 անձանցից մասնակցել է 82, 002 -ը, կամ 34,99տոկոսը։  

Թիվ 7- 117,667 անձանցից մասնակցել է 50, 790 -ը, կամ 43,13,  տոկոսը:

Թիվ 8 - 191, 152 անձանցից մասնակցել է  81,030 -ը, կամ   42,39 տոկոսը:

Թիվ 9 - 237,436 անձանցից մասնակցել է 95,016 –ը, կամ   40,02տոկոսը:

Թիվ 10 - 240,105 անձանցից մասնակցել է 95, 242 -ը, կամ   39,67 տոկոսը:

Թիվ 11- 229,798 անձանցից մասնակցել է  85,002–ը, կամ   36,99տոկոսը:

Թիվ 12 - 161,762 անձանցից մասնակցել է 75 147 -ը, կամ   46,46 տոկոսը:

Թիվ 13 108,773 անձանցից մասնակցել է  48 292–ը, կամ   44,40 տոկոսը:

---

Անհայտ անձը քվեաթերթիկը ստուգելուց հետո է ընտրողին թույլ տվել այն գցել քվեարկության արկղ. ՀՔԱ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիտորդը  ժամը 15:00-ի դրությամբ Երևանի 6/9 տեղամասում տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք. անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղը:

Թիվ 8/25 ընտրատեղամասի (31 դպրոց, Հ. Հովսեփյան 2) ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն 2 տարի մահացած է: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:  Նա գրել է նաև, որ սա «Դաշնակցության» վստահված անձն է արձանագրում: Իսկ թիվ 8/29 ընտրատեղամասում ընտրողը առանց դրոշմանիշի ծրարը գցել է ընտրատուփի մեջ: Այնուհետև, ընտրողը բացահայտել է իր ընտրությունը և դուրս է եկել ընտրատեղամասից՝ զգուշացնելով, որ կբողոքի, եթե անվավեր ճանաչվի իր քվեարկությունը:

 ---

Ուղիղ միացում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից

Դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի են ունենում արտահերթ ընտրություններին վերաբերող տարաբնույթ միջոցառումներ՝ ասուլիսներ, զեկույցներ, տվյալների հրապարակումներ և այլն։ Առաջարկում ենք ԿԸՀ-ում կատարվողը դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

 
---

 

Յոթ ժամվա ընթացքում Ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում

ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։

Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման փուլում, իսկ 1-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:

---

Գաղտնալսումից հետո Փաշինյանն պիտի «քայլ աներ», գնար դատախազություն. Դավիթ Շահնազարյան

Այսօր մեր ապագայի համար չափազանց կարևոր օր է: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա՝ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն: Նա ասաց, որ քվեաթերթիկներից 1-ը դրել է ծրարը, իսկ 2-ը՝ գրպանում՝ չցանկանալով «նետել դրանք աղբարկղ»: Շահնազարյանը նշեց, որ ընտրություններից հետո կասի, թե որ 2 քվեաթերթիկներն է դրել գրպանը: «Դուք տեսաք, որ քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար: Ափալ-թափալ ընտրություններ պատրաստեցին: Սա Հայաստանի պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն էին: Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով, բռնություններով»,- նշեց Դավիթ Շահնազարյանը: 

Նրա խոսքով՝ընտրությունները կանխատեսելի չեն: Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Դավիթ Շահնազարյանին կալանավորելու հիմք չկա, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ բացի դրանից ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ միտք ու հիմք չունեն իրեն բերման ենթարկելու:  «Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի՝ միտք ունեն, թե չունեն: Դա Փաշինյանն է որոշում: Փաշինյանը նման երազանք ունի, կասկած չունեմ, բայց վախենում է, չգիտեմ՝ դուխը կհերիքի, թե չի հերիքի: Վանեցյանը նաև ասել է, որ մեղադրանքներ եմ հնչեցրել, բայց ապացույցներ չկան: Ես իրավական մեղադրանք Փաշինյանին չեմ ներկայացրել: Ինքը իրեն մեղադրել է պետական դավաճանության մեջ: Հետաքրքիր հոդված է իր վրա դրել: Նման տարրեր ազգային անվտանգությունն է տեսել, երբ ինձ հրավիրեցին ԱԱԾ: Դա կատարվել էր այն բանից հետո, երբ Փաշինյանը հրապարակայնորեն կրկնել էր այդ ամենը, ասել, որ պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Ժամեր անց թուղթը կազմեցին, շատ օպերատիվ կատարեցին հրահանգները»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս հավելեց, որ ինքը չէր պատրաստվում մամուլին տեղյակ պահել իրեն ԱԱԾ հրավիրելու մասին, բայց նրանք դա արեցին, որովհետև «Փաշինյանի ներվերը չդիմացան»:

Դավիթ Շահնազարյանը մեղադրում է ԱԱԾ տնօրենին, որ թույլ է տվել ՊՊԾ գունդը գրաված անձանց ստեղծել կուսակցություն և  մասնակցել ընտրություններին. «Ես մեղադրում եմ նրան, որ նա չի խոչընդոտել, որ ՊՊԾ գնդում ահաբեկչություն իրականացրած ուժը կուսակցություն բացի, մասնակցի ընտրություններին: Ուղղորդել է այդ անձանց Արցախ, որ բացեն իրենց բաժինը: Ադրբեջանը երկար տարիներ հայտարարում է, որ Արցախում իշխանություն չկա, այնտեղ ահաբեկիչներ են: Հիմա պատկերացրեք, թե ինչ լրացուցիչ փաստարկ է տվել Փաշինյանը մեր թշնամու ղեկավարին, որին գնահատում է որպես կիրթ մարդ»: Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ երբ ինքը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Արցախի հարցով բանավիճելու, վերջինս հարցը փոխանցեց ԱԱԾ դաշտ:

«Գաղտնալսումն ապացուցեց, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի: Ստացվել է մի վիճակ, երբ Փաշինյանի իշխանության օրոք ցանկացած անձ կարող է դիմել միջազգային դատարան, մեջբերել այս գաղտնալսումը և ցույց տալ, որ արդարադատություն չկա: Ինչպես գիտեք, առաջին գաղտնալսումից հետո դատախազությունը քրեական գործ էր հարուցել, ԱԱԾ-ՀՔԾ պետերը հրավիրվել էին հարցաքննության, ինչից հետո պարտավոր էին հրավիրել հարցաքննության Փաշինյանին, ուղարկել նրան ծանուցագիր, ու Փաշինյանն էլ «քայլ աներ», գնար դատախազություն՝ ուշադիր լինելով, որ չսայթաքի: Ժամանակն է, որ սովորի ցուցմունք տալուն»,- նշեց Դավիթ Շահնազարյանը: Հարցին՝ չե՞ք մտածում, որ Ձեզ նորից կհրավիրեն ԱԱԾ, նա պատասխանեց. «Թող հրավիրեն, հա, ինչ է եղել: Անկեղծ խնդրանք, ես գիտեմ, որ իմ ասուլիսը սղագրել ու դրել եք վարչապետի առաջ: Ես պատրաստվում եմ թարգմանել: Այդ սղագրության տեքստը ուղարկեք ինձ, ժամանակ չկորցնեմ: Նախապես շնորհակալ եմ»:

Շահնազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չունի այն մեղադրանքների պատասխանները, որոնք ինքը հնչեցրել է: «Եռակողմ պայմանագիրը, որը ստորագրվել էր Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարների կողմից 90-ականներին, նա փորձ էր անում փոխարինելու Դուշանբեում վերելակային պայմանավորվածությամբ: Սա տեղ է գտել եռանախագահների հայտարարությունում: Ես ցավում եմ, որ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է, որ ինքը ոգևորված է, որ Ադրբեջանի գործընկերոջ հետ հաջողվեց համաձայնության գալ եռանախագահների հայտարարության տեքստի շուրջ: Այսինքն՝ նա ոգևորված է, որ եռանախագահների փաստաթղթում Դուշանբեի վերելակային հանդիպումը միջազգային կարգավիճակ է ստացել»,- շեշտեց նա: Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այսօր ընտրություն է Հայաստանի քաղաքացու և էյֆորիայի միջև, պատասխանատվության ու ահավոր ծրագրեր ունեցող մեկ անձի միջև. «Փոքր մաս կա, որ մոռացել է, որ ՀՀ քաղաքացի է, գտնվում է էյֆորիայի տակ: Մենք այսօր ունենք մի իշխանություն, որն անպատասխանատու է, ծիծաղելի վիճակում է իրեն դրել միջազգային բոլոր հարթակներում: ՀՀ քաղաքացին պետք է դա տեսնի և արդեն տեսնում է: Միջազգային բոլոր հարթակներում շատ լավ հասկանում են, որ այսօրվա իշխանությունը ՀՀ քաղաքացին չի ներկայացնում, ներկայացնում է այն էյֆորիան, որը կա»:

Շահնազարյանը նշեց, որ այն բնակարանում, որտեղ ես գրանցված եմ, Օսիպյանը մարդ է ավելացրել: «Այսօր առավոտից ես ստանում եմ զանգվածային բնույթ կրող ընտրախախտումների մասին ահազանգեր տեղամասերից: Ես չեմ բացառում, որ նման պրովոկացիաներ կլինեն ՀՀ հասցեին: Ընտրակաշառք տարբեր ձևերով բաժանվում է և բաժանվելու է»,- ասաց Դ. Շահնազարյանը՝ հույս հայտնելով, որ Օսիպյանը կզբաղվի այդ հարցով:  Նա ասաց, որ իրավապահ մարմինները Նիկոլ Փաշինյանի ընտրարշավում պատժիչ գործիքներ են. «Ահաբեկչական լեքսիկա կա Փաշինյանի կողմից, հայհոյանքներ»: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի գաղտնալսմանը, Դավիթ Շահնազարյանը ասաց, որ գաղտնալսողն ու հրապարակողը կարող են տարբեր լինել:

 

---

Զրկված եմ սահմանադրական իրավունքս կատարելուց. Քաղաքացին բողոքում է

Դեկեմբերի 9-ին արտահերթ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ 9/26 ընտրատեղամասում մի քաղաքացի էր եկել, ով բողոքում, որ զրկված է սահմանադրական իրավունքը կատարելուց՝ չի կարողանում մասնակցել ընտրությանը, քանի որ ոչ գրանցում ունի, ոչ էլ՝ փաստաթուղթ:

 

 ---

Դիտորդը զարմացել է տարեցների ընտրական ակտիվությունից
 
Դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ անկախ դիտորդը Համազգային թատրոնում խախտում էր նկատել, որը տեղում լուծվել էր: Նա արդեն հասցրել էր այցելել 6 ընտրատեղամաս, պատրաստվում էր ևս 6-ն այցելել: Արտասահմանցի դիտորդին զարմացրել էր տարեցներին ակտիվ մասնակցությունը ընտրություններին:
 

---

ԿԸՀ-ն տպագրել է ընդհանուր 30 միլիոն օրինակ քվեաթերթիկ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները դեկտեմբերի 9-ին ԿԸՀ-ում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Արմեն Սմբատյանը նշեց, որ ամենամեծ նորամուծությունն այն է, որ առաջին անգամ կրծքանշաններ են պատրաստվել և բաժանվել բոլոր ընտրատեղամասերին, դրանց վրա գրված է` «Ես քվեարկել եմ առաջին անգամ»: Նա նշեց, որ կրծքանշանները պատրաստվել են 80 000 օրինակով:

Նա տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն բաշխել է Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով տրվող թե´ անվճար, թե´ վճարովի հեռուստաժամերը: Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել հավասարապես օգտվելու դրանցից:

«Այս տարի ԿԸՀ-ն հրատարակել է նաև աննախադեպ թվով ձեռնարկներ, տպագրվել են ձեռնարկներ` ինչպես դիտորդների, վստահված անձանց, այնպես էլ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Աննախադեպ քանակի թերթիկներ են տպագրվել նաև ընտրողների համար, որոնք սովորեցնում են ընտրության կարգը: Բոլոր տեղամասերի համար տպագրվել են նաև պաստառներ: Տեսողություն խնդիր ունեցող անձանց համար խոշորացույցներ են տրամադրվել բոլոր ընտրատեղամասերին:

Կուրություն և վատ տեսողություն ունեցող անձանց համար ևս ձեռնարկներ են հրատարակվել»,-ասաց նա:

ԿԸՀ քարտուղարը հայտնեց, որ ԿԸՀ-ն տպագրել է ընդհանուր 30 միլիոն օրինակ քվեաթերթիկ:

«Մենք կատակով նշում ենք, թե հիսուն տոննա թուղթ ենք փչացրել այս ընտրությունների համար, բայց ես ուզում եմ նշել, որ քվեաթերթիկը ընտրողին հասնելու ճանապարհը բարդ է և մեծ ջանքեր է պահանջում»,-հավելեց նա:

Հարցին, թե այդ նորամուծությունների համար նախորդ ընտրություններից որքանո՞վ է ավել գումար ծախսվել, նա ասաց, որ այդ թվերին չի տիրապետում, սակայն դրանք դոնորների տրամադրված գումարներով են արվել:

---

Հելսինկյան կոմիտեն մարզերում ընտրախախտումներ է արձանագրել

Վանաձոր քաղաքի մի շարք ընտրական տեղամասերում խախտումներ են նկատվել։ Այս մասին ահազանգում են ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակից։

«Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված և հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը», - ասված է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 9-ին  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի Մասիսի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջաններում: Ներկայացնում ենք Հելսինկյան կոմիտեի արձանագրած խախտումները:

Գյումրու 31/34 ընտրատեղամանում 08:15-ի սահմաններում Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին, ներկայանալով տեղամաս, հայտնել է, որ հանդիսանում է «Բարգավաճ Հայաստանի» դիտորդ, սակայն վկայականի վրա նշված էր «Աբովյանի ուսանողական խորհուրդ»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի  դիտորդը պահանջել է հանձնաժողովի  նախագահից, որպեսզի տվյալ փաստը արձանագրվի գրանցամատյանում, սակայն պահանջը մերժվել է: ԿԸՀ-ի կայքից պարզվել է, որ տվյալ կազմակերպության դիտորդների ցանկում այդ անվամբ դիտորդ գրանցված չէ: 

Մասիսի 11/15 ընտրատեղամասում  «Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ» կազմակերպությունից ներկա է եղել 2 դիտորդ, կազմվել է արձանագրություն, մեկը դուրս է եկել:

11:41-ին և 13:30-ին հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները ընտրողներին հանձնելու ժամանակ 7-րդ համարի քվեաթերթիկները միշտ դնում են վերևի հատվածում (ԲՀԿ): Արարատի գյուղի Խարբերդ գյուղի (որտեղ գտնվում է նշված տեղամասը) գյուղապետը գտնվում է տեղամասի մուտքի մոտ, իսկ որդին հանդիսանում է ԲՀԿ-ի վստահված անձը: Ընտրողները քվեարկությունից առաջ և հետո մոտենում են նրանց: «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին հայտնել է, որ իր նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից հոգեբանական ճնշումներ են գործադրվում, փորձել է նկարահանումներ իրականացնել, սակայն թույլ չեն տվել, դիտորդին նաև տեղեկացրել է, թե ինչպես է լսել, որ հանձնաժողովի անդամները միմյանց մեջ պայմանավորվում են, որ ինչ-որ խախտում գտնեն ու «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձին հեռացնեն ընտրատեղամասից:

11/15 ընտատեղամասում  12:45-ի սահմաններում «Մենք» դաշինքի վստահված անձը անընդհատ շրջել է քվեախցիկների միջև: 

Սիսիանի 34/20 ընտրատեղամասում 10:45-ի սահմաններում «Իրավապահ մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից տեղամասում միաժամանակ ներկա և գրանցված է եղել  2 դիտորդ: Ժամը 10:47-ին երկուսն էլ դուրս են եկել: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը առաջարկել է խախտումը արձանագրել, հանձնաժողովի նախագահը հրաժարվել է։

34/35 ընտրատեղամասում 14։17. Տեղամաս մտավ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից 2 դիտորդ, փորձեցին գրանցվել, (գրանցվեց միայն մեկը, 2-րդը ներկայացավ որպես դիտորդի «կցորդ»)։ Դիտորդը դիմեց հանձնաժողովի նախագահին՝ խախտումը վերացնելու համար, որից հետո երկուսն էլ հեռացան տեղամասից։

Ճամբարակի 20\33 ընտատեղամասում 08:30-ին Ընտրողների ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գրանցում է ընտրողների անձնագրային տվյալները: Այս մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդի դիտարկմանը ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ տեղը կա՝ գրանցում ենք: Հանձնաժողովի նախագահը զանգահարել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից  ասել են, որ  խախտում չկա:

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ ողջ տարածքում իրենց կողմից դիտարկվող 300 ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումները:

Մասնավորապես, Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։

  Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային ընտրական կենտրոններում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով»:

 ---

Հանուն ի՞նչի են քվեարկել քաղաքացիները. Հարցում

Դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած քաղաքացիներից հետաքրքրվեցինք, թե հանուն ի՞նչի են քվեարկել և ինչպի՞սի Հայաստան են ուզում տեսնել ընտրություններից հետո:

 

 ---

Ընտրախախտումների մի քանի փաստ

NEWS.am-ը գրել է. Վանաձոր քաղաքի մի շարք ընտրական տեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում: Այս մասին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ ընտրողները մի ձեռքում պահում են 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված և հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը:

Yerkir.am-ը գրել է. Թիվ 7/45 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 181 դպրոցում (Բաբաջանյան 4), իրարանցում է. անհայտ անձը սպառնալիքներ է հնչեցնում: Դաշնակցության վստահված անձն արձանագրել է:

Թիվ 9/16 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 7 դպրոցում (Գր. Լուսավորչի 27) արձանագրվել է խախտում՝ ընտրողներին տրամադրվող քվեաթերթիկներում բացակայել է Հայ Յեղափոխական Դաշնակցության քվեաթերթիկը: Այդ մասին ՀՅԴ նախընտրական շտաբ էր ահազանգել երկու քաղաքացի:

---

14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 636 055 ընտրող. ԿԸՀ

 Դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 055 ընտրող կամ ընտրողների 24,53 տոկոսը, այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:

Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592479

 Ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ընտրատարածքների.

Թիվ 1 ընտրատարածք 48 618

Թիվ 2 ընտրատարածք 50 940

Թիվ 3 ընտրատարածք 53 472

Թիվ 4 ընտրատարածք 46 941

Թիվ 5 ընտրատարածք 55 418

Թիվ 6 ընտրատարածք 50 170

Թիվ 7 ընտրատարածք 32 211

Թիվ 8 ընտրատարածք 49 117

Թիվ 9 ընտրատարածք 59 639

Թիվ 10 ընտրատարածք 58 649

Թիվ 11 ընտրատարածք 50 819

Թիվ 12 ընտրատարածք 48 612

Թիվ 13 ընտրատարածք 31 458

 

Նկատենք, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 865,884 մարդ կամ մասնակիցների 33.46 տոկոսը:

 Նշենք, որ 2017-ին ընտրողների թիվը կազմել է 2, 587, 706 մարդ:

---

Սերժ Սարգսյանը մասնակցել է ընտրություններին

Քիչ առաջ քվեարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես նշում է Tert.am-ը, նա քվեարկելու էր եկել Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված 29/15 ընտրատեղամասում՝ իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:

Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի, սարքը չէր ճանաչում Սերժ Սարգսյանի մատնահետքերը: Նա ստիպված եղավ բոլոր 10 մատներն անցկացնել սարքով:

Հայաստանի երրորդ նախագահը լրագրողների հարցերին չպատասխանեց:

 

 
---

Խոչընդոտել են դիտորի աշխատանքը. Դանիել Իոաննիսյան

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 6/08 ընտրատեղամասում ՏԸՀ նախագահը վիրավորել ու փորձել է հեռացնել իրենց դիտորդին։

«Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դիտորդը մատնանշեց կուտակումն ու բաց քվեարկությունը»,-մանրամասնել է Դանիել Իոաննիսյանը:

 ---

Ի՞նչ կփոխվի ընտրություններից հետո. հարցում

Ի՞նչ տրամադրվածությամբ են եկել մարդիկ ընտրության, ի՞նչ փոփոխությունների են սպասում, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն: Այս հարցերն ենք ուղղել իրենց քաղաքացիական պարտքը կատարած քաղաքացիներին:

 

 ---

Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրելով.

«Խնկո ապոր գրադարանի աղբարկղում քվեաթերթիկներ են լցված»։

---

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընտրատեղամասում

---

Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․ «2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2.587.706 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 344.714 ընտրող (13.32%):

2018թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2․592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 201.250 ընտրող (7.76%):

Նախորդ ընտրությունների համեմատ ընտրությունների թիվն ավելացել է 4773-ով, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը նվազել 143.464 ընտրողով։

Սա աննախադեպ ցածր մասնակցության ցուցանիշ է։

Եթե տոկոսային հարաբերակցությունը պահպանվի ողջ օրվա ընթացքում, ապա չի կարելի բացառել, որ ընտրություններին կմասնակցի առավելագույնը 1 միլիոն ընտրող այն դեպքում, երբ նախորդ ընտրությունների մասնակցության ընդհանուր թիվը կազմել է 1 575 786 ընտրող։

Իհարկե, այսպիսի ցուցանիշների պատճառները գրեթե պարզ են։ Չկա ընտրակաշառք, որևէ ապօրինի ազդեցություն ընտրական գործընթացների նկատմամբ, այդուհանդերձ, իսկապես անհանգստացնող է այսպիսի ցածր մասնակցությունը»։

---

ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր. ՀՀ վարչապետի պաշոնակատար

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընտրություն կատարեց թիվ 8/16 ընտրատեղամասում. «Քվեարկել եմ հանուն ազատ, երջանիիկ և հզոր Հայաստանի»: Այս մասին դեկտմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով՝ ընտրությունների ընթացքի հետ կապված առանձնապես խնդիրներ չկան։ Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե վարչական ռեսուրս է կիրառվել, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ եթե կա վարչական ռեսուրսի կիրառում, ապա կիրառողները կպատժվեն։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Փաշինյանը Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչն է և նա է կրում սպանությունների պատասխանատվությունը, պատասխանելով. «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել և, ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը և, կարծում եմ, դրանք ցույց են տալիս, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է և, ես համոզված եմ, որ իրական պատկերն ըստ էության բացահայտված է, մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն»:

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ և այդպես շարունակ։

Անդրադառնալով գաղտնալսմանն ու դատարանին ցուցումներ տալու մեղադրանքներին՝ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց. «Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև Քոչարյանի դատավարության գործով, և այդ հեռախոսազրույցների՝ դա ապացուցող մասերը կտրված են, մոնտաժված են, և հայտարարում եմ պաշտոնապես, որ ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր»։

Հարցին, թե ինչպե՞ ս է գնահատում Քոչարյանի կալանավորումը ընտրությունների նախօրեին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետև այդ գործընթացը, այդ քրգործը սկսել են վաղուց ու դա, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ։ Այդ գործընթացը, եթե չեմ սխալվում, սկսվել է 5 ամիս առաջ ու պարզապես շարունակվում է», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

---

Աշոտյանը բողոքում է. ընտրատեղամասի տարածքը շատ նեղ է

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը 10/33 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասի տարածքը շատ նեղ էր.

«Իմ երեխային դիտողություն արեցին, թե ինչու հետս մտավ քվեախցիկ, բայց այնտեղ ցանկացած անկյունից երևում էր՝ ոնց են քվեարկում։ Վատ է, որ այսպես է»։

Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ ՀՀԿ շտաբն առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր է ստանում. «Տեխնիկական խախտումների վերաբերյալ են եղել, որևէ քաղաքական ահազանգ այս պահին չունենք։ Տեխնիկական ահազանգերով շտաբը զբաղվում է»։

ՀՀԿ փոխնախագահը ընտրություններից հետո ցանկանում է տեսնել ուժեղ և խելացի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր ընտանիքի և երեխայի արժանապատիվ կյանքի համար կունենա բոլոր երաշխիքները։

«Ուզում եմ տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ չկա յուրայինների և ախոյանների բաժանում, Հայաստան, որտեղ բաժանարար գծերը բացառապես մարզական հրապարակների ֆուտբոլային բաժանարար գծերն են։ Կցանկանայի ունենալ Հայաստան, որտեղ սահմանն անցնում է հայի ամենաբարձր երևակայության՝ իր հայրենիքի մասին պատկերացումները, որտեղ իմ թոռները կկարողանան հիշել իրենց անցյալը, հայ կմնան, կլինեն քրիստոնյա, ինչն ինձ համար շատ կարևոր է»,- ասաց Ա. Աշոտյանը։

Հարցին, եթե ընտրություններում անցողիկ շեմը ՀՀԿ-ն չհաղթահարի, ապա ի՞նչ է սպասվում կուսակցությանը, Արմեն Աշոտյանը պատասխանեց.

«Եկեք համբերենք ու սպասենք ընտրությունների արդյունքներին։ ՀՀԿ-ի գովազդն այժմ չանեմ ու օրենք չխախտեմ, ես շատ լավատես եմ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Հարցին՝ մտահոգ է՞ , Արմեն Աշոտյանը նշեց․ «Միշտ եմ մտահոգ, քանի որ մտածող մարդը չի կարող մտահոգ չլինել»։

 

---

Ռոբերտ Քոչարյանի գործը լինելու է մեր դատական համակարգի առաջին ամենամեծ քննությունը. Ռուստամյան

Քվեարկել եմ մեծ հույսով ու հավատով, հանուն մեր երկրի ապագայի, հանուն մեր ժողովրդի ակնկալիքների արդարացման, որպեսզի չհիասթափվի, այլ ունենա իր երազած Հայաստանը: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ժամանակն աննախադեպ քիչ էր, ասելիքը՝ շատ, բայց, ըստ նրա, կարճ ժամանակում հասցրել են իրենց խոսքը հանրությանը հասցնել: Անդրադառնալով սոցհարցումներին Ռուստամյանն ասաց, որ չի հավատում դրանց արդյունքներին.

«Դաշնակցության հետ կապված դրանք միշտ սխալ են լինում, դրանք օդից վերցված թվեր են, նախկինում էլ գուժում էին Դաշնակցության չանցնելը, ցածր տոկոս ձայները, այնպես որ այդ հարցումներին լուրջ մի վերաբերեք»,- ասել է նա:   

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այլևս երբեք որևէ կոալիցիայի մաս չի կազմի, եթե չունենա վճռորոշ դեր:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը Ռուստամյանը զերծ մնաց գնահատական տալուց. « Դա դատարանը կորոշի։ Մենք ուշի ուշով հետևելու ենք գործընթացներին, և մեր գնահատականն ապագայում կտանք: Այս դատավարությունն այնքան մեծ հնչեղություն ունի, որ ամեն ինչ պետք է շատ բծախնդրորեն կատարվի՝ պահելով օրենքի տառն ու ոգին, դա մեր դատական համակարգի ամենամեծ քննությունն է լինելու»,- ընդգծել է նա:

 

 ---

11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 հազար 250 քաղաքացի. ԿԸՀ

Մինչև ժամը 11։00-ն ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7,76 տոկոսը: Այս մասին դեկտեմբերի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

«Ընտրելու իրավունք ունի 2 մլն 592 հազար 479 քաղաքացի, որոնցից մինչև ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 հազար 250 քաղաքացի»,-ասաց նա:

Այսպիսով, ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,915 որոնցից ընտրության մասնակցել է  16,088-ը, այսինքն՝   8,01 տոկոսը:

Թիվ 2-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 16,209-ը, 7,59 տոկոսը:

Թիվ 3-ում ՝19,278, ընդհանուր առմամբ՝ 8,56 տոկոսը:

Թիվ 4 – ում՝ 15,219-ը, կամ 7,24 տոկոսը:

Թիվ 5 –ում՝ 17,586-ը, կամ 7,94 տոկոսը:

Թիվ 6-ում՝ 15,049 -ը, կամ 6,42 տոկոսը։  

Թիվ 7-ում՝ 9771-ը, կամ 8,30 տոկոսը:

Թիվ 8 – ում՝ 14,950-ը, կամ 7,82 տոկոսը:

Թիվ 9 –ում՝ 18,063–ը, կամ 7,61 տոկոսը:

Թիվ 10 –ում՝ 18,285-ը, կամ 7,62 տոկոսը:

Թիվ 11-ում՝ 13,656–ը, կամ 5,94 տոկոսը:

Թիվ 12 –ում՝ 16,483-ը, կամ 10,19 տոկոսը:

Թիվ 13 –ում՝ 10,613–ը, կամ 9,76 տոկոսը:

---

Դաշնակցության վստահված անձը խախտում է արձանագրել. yerkir.am

Yerkir.am-ը գրել է. 8/6 թիվ ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի 154 դպրոցում (Ֆրունզե 4),  հայտնաբերվել է խախտում՝ քիչ քվեաթերթիկներ են հատկացվել: Կազմվել է արձանագրություն: Դաշնակցության վստահված անձն արձանագրել է խախտումը:

«Իրազեկ և պաշտպանված ընտրողի» արձանագրած խախտումները վերաբերում են ընտրատեղամասերի կահավորմանը, քվեաթերթիկը ինքնուրույն լրացնելու դժվարություններին

«Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնությունը հայտնում է, որ իր արագ արձագանքման խմբերը դեկտեմբերի 9-ին շրջել են  Երևանի, Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ 130 ընտրատեղամասերում: Խմբերը ընտրատեղամասերում արձանագրել են մի քանի թերություններ, որոնք հիմնականում վերաբերել են տեղամասի կահավորմանը, տեսախցիկների տեղադրմանը, ինչպես քվեաթերթիկը ինքնուրույն լրացնելու դժվարությունների հաղթահարմանը, որոնց մի մասը միջամտության արդյունքում տեղում շտկվել է: «Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնության դիմողներին տրամադրվել է իրավաբանական օգնություն:

Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

Կա օրենք, օրինականություն, բոլորը այս երկրում օրենքի առջև հավասար են: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և պնդումներին, թե դա քաղաքական հետապնդում է:

«Պարզ կլինի քննությունից հետո: Կա օրենք, օրինականություն, բոլորը օրենքի առաջ հավասար են: Կժխտվի, կասեն անմեղ ա, կարդարացնեն, մեղավոր ա՝ կպատժեն: Կան իրավապահ մարմիններ, կդիմեն Եվրադատարան, ստեղ ըդնեղ ու կտեսնեն ինչ ա:  Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում», - ասաց նա:  

ԲՀԿ առաջնորդին չեն գոհացրել նախընտրական դեբատները.

«Դեբատներից գոհ չեմ, որովհետև ամբողջ աշխարհն այդ օրը սպասում էր, որ պետք է կուսակցության ղեկավարները լիարժեք ներկայացնեն իրենց ծրագրերը ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար ասի, թե ամեն ոլորտում ինչ է անելու: Թե չէ ճոխ խոսել բոլորն էլ կարող են՝ զարգացնելու են, ծաղկացնելու են, գործազրկություն չի լինելու… բայց ինչի հիման վրա: Պետք է կետ առ կետ ասեին: Միայն եղավ, որ մեկը մեկի վրա ուզում ա ցեխ շպրտի ու մեկը մեկի հաշվին դիվիդենտ շահի», ասաց Ծառուկյանը:

Հարցին՝ ԲՀԿ–ն երբևէ ընտրակաշառք բաժանե՞լ է, Ծառուկյանը պատասխանեց. «Չի բաժանել և չի բաժանի, ոնց որ Երևանի քաղաքապետի էս վերջին ընտրություններին 340 դեպք, ԲՀԿ–ի ներկայացուցիչներին տարել են բաժիններ, պահել են և լիարժեք ոչ մի բան չի եղել։ Իմ ասածը նա է եղել, որ ասենք համապատասխան, եթե որևիցե մեկը  տեղեկություն ա տալիս, պետք է տեղեկությունը սխալ լինելու համար նա պատասխանատվության ենթարկվի, բայց ոչ մեկին էլ պատասխանատվության չենթարկեցին»։

 

---

Ոստիկանապետը չէ, որ պետք է ասի, թե  քարոզարշավն ինչպիսին է եղել. Վարուժան Ավետիսյան

 «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության առաջնորդ Վարուժան Ավետիսյանը կատարեց իր ընտրությունը՝ հանուն ինքնիշխան, հզոր հայերի, հզոր հայրենիք դարձող Հայաստանի համար: Ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ ոստիկանապետի հայտարարությանը, թե աննախադեպ քարոզարշավ է իրականացվել, ասելով.  

«Ոստիկանապետը չէ, որ պետք է ասի, թե  քարոզարշավն ինչպիսին է եղել, դա իր պարտականությունների մեջ չի մտնում, և մեր պատկերացրած Հայաստանում ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ կատարելուց և քաղաքականության մեջ մտնելուց: Սա անցումային վիճակ է, և համոզված ենք, որ շուտով մենք նման երևույթների ականատես չենք լինի»:

Այն հարցին թե արդյո՞ք ընտրարշավի ընթացքում հավասար պայմաններ են եղել, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Անցումային ժամանակներ ենք ապրում, բնականաբար իրենց ուզած հավասարությունը չէր կարող լինել, բայց այս ընտրությունը միջանկյալ փուլ է, որը մեզ կտանի դեպի արդար, ազատ, հավասար և թափանցիկ ընտրություններ: Հիմա կա ազատություն, բայց շարունակությունը մենք, մեր ժողովուրդը կապահովի»:

--- 

Ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիներն ասեն՝ ինչ երկրում են ցանկանում ապրել. Նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9/59 ընտրատեղամասում կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ կատարեց իր ընտրությունը։ Քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ճիշտ ժամանակն է, որ ՀՀ քաղացիներն ասեն, թե ինչ տեսակի երկրում են ցանկանում ապրել։

«Ես ուզում եմ շնորհավորել ՀՀ բոլոր քաղաքացիներին այս օրվա առթիվ: Սա կարևոր օր է, երբ ժողովուրդը պետք արտահայտի իր կամքը: Քանի որ սա ժողովրդի կարևորագույն իրավունքն է, հետևաբար սա տոն է: Հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունը՝ գալով ընտրատեղամաս ու ընտրելով: Ընդ որում, ընտրելով ազատ, անկաշկանդ և անկախ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ընտրությունները կլինեն ազատ և անկախ:

«Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար: Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, երեխաների մասին, այն պատասխանատվության մասին, որը կրում է: Իսկ երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում են բոլորը՝ և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ Ազգային ժողովը, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահն է: Ուստի կրկին ուզում եմ ձեզ շնորհավորել ընտրությունների առթիվ և մաղթել, որ ընտրությունները լինեն իսկապես ազատ և անկախ»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը:

 ---

2 դիտորդներին չեն թույլատրել լուսանկարել գրանցամատյանի իրենց հետաքրքրող մասը. «Անկախ դիտորդ»

Ժամը 10:00 դրությամբ Անկախ դիտորդը արձանագրել է հետևյալ խախտումները

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05, Վանաձորի 23/54 և 23/53, Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20 տեղամասային ընտրական կենտրոններին մոտ քարոզչական պաստառներ են փակցված: 

Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները. մինչև Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել: 

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկող զինծառայողները քվեաթերթիկներն ստանալուց հետո արդեն իսկ հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը: «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները զգուշացրել են հանձնաժողովի նախագահին, որ հայտարարություն անի դրա մասին և կանխի մինչ քվեախցիկ մտնելը քվեաթերթիկների առանձնացումը: 

2 դեպքում դիտորդներին չեն թույլատրել լուսանկարել գրանցամատյանի իրենց հետաքրքրող մասը, սակայն Տարածքային ընտրական հանձնաժողով ահազանգելուց հետո խնդիրը վերացվել է:

 ---

Արա Բաբլոյանը քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Բաբլոյանը:

Հարցին, թե ինչ կմաղթի նոր խորհրդարանին, Բաբլոյանն ասաց. «Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր հիմնական անելիքը պետք է լինի, ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, զուգահեռ մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության համար: Այն ժողովրդավարությունը, որ այս պահին ունենք, պետք է ավելի ամրապնդենք», - ասաց նա։

 ---

Ահազանգեր եմ ստանում, որ իմ վստահված անձանց թույլ չեն տալիս մտնել ընտրատեղամասեր․ ԲՀԿ պատգամավորի թեկնածու. Tert.am

Tert.am-ը գրել է. ԲՀԿ ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում առաջադրված Գրիշա Վիրաբյանն իր ընտրությունը կատարեց Շահումյան համայնքի 12/35 ընտրատեղամասում՝ հանուն երկրի ապագայի, հանուն կայացած հեղափոխության տրամաբանական ավարտի։

Հարցին՝ ինչպես ստացվեց, որ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով գնացիք ընտրություններին, Գրիշա Վիրաբյանը պատասխանեց․ «Առաջարկ չարվեց առաջինը «Իմ քայլը» դաշինքի կողմից, և այդքան պայքարից հետո ես չէի կարող անտարբեր մնալ ընտրություններին, և ինքս ցանկություն հայտնեցի «Բարգավաճով» առաջադրվել։ Իհարկե, առաջարկի էի սպասում «Իմ քայլից», որովհետև ես ճանապարհ եմ անցել, և մինչև վերջին օրը ես ինքս պայքարում էի այդ իշխանության դեմ։ Ակամայից հայտնվեցին մարդիկ, որոնք Գյումրիից Երևան քայլելով կարողացան տեղ գրավել այդ ցուցակում։ Մյուս կողմից էլ իմ անցած ճանապարհն այնպիսին է, որ ես սովոր եմ թռչելու, ոչ թե քայլելու»։

Պատգամավորի թեկնածուն իր շանսերը համեստ է գնահատում, քանի որ շատ դժվար է պայքարել էյֆորիայի, ուրիշի թիկունքում թաքնված մարդկանց դեմ։ «Բոլորս տեսանք, թե «Իմ քայլը» ինչպես է քարոզարշավն իրականացնում, դա ոչնչով չի տարբերվում նախորդ իշխանությունների կատարած քայլերից։ Վարչական ռեսուրսի կիրառումը, չերևացող մարդիկ, որոնք կյանքում գրեթե ոչինչ չեն արել, միայն իրենց հավատարմությունը ցույց տալու համար փորձում են ընդգծված ձևով այնպիսի քայլերի գնալ, որ ժողովրդի աչքին երևան, իբր իրենք Նիկոլի կողքին են, բայց իրենք Նիկոլի կողքին չեն, թիկունքում են թաքնված»,- ասաց նա։

 

ԲՀԿ պատգամավորի թեկնածուն նաև հայտնեց, որ ահազանգեր է ստանում որոշ ընտրատեղամասերում իր վստահված անձանց մուտքն արգելելու հետ կապված։ Ահազանգերը ճշտվում են։

 ---

22/26 ընտրատեղամասում ընտրությունը դադարեցված չի եղել. ԿԸՀ իրավաբանական վարչության պետ

 

«Հայկական ժամանակը» տեղեկատվություն էր տարածել, որ 22/26 ընտրատեղամասում քվեարությունը դադարեցվել է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկա, որը ներկայանում է «Իմ Քայլը» դաշինքը:

 

Այս թեմայով լրագրողներին պարզաբանում արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը, ասելով, որ որոշակի խնդիր է եղել. «Պարզվել է, որ եղել է որոշակի խնդիր և ապահովվել է այդ քվեաթերթիկների առկայությունը, քվեարկությունը վերականգնված է, որևէ ընդհատում չի եղել: Չի եղել այնպիսի ընտրող, որը ստանա առանց որևէ քվեաթերթիկի փաթեթ, բոլոր 11 քվեաթերթիկները տրամադրվել են այդ տեղամասում մասնակցած բոլոր ընտրողներին»,-ասաց նա: Նրա խոսքով՝ տեխնիկական խնդիր է եղել, այդ պահին հանձնաժողովը տեղադրած չի եղել այդ քվեաթերթիկները: «Կապ ենք հաստատել նաև տարածքային հանձնաժողովի հետ, անմիջապես դա ապահովվել է»,-ասաց նա:

 ---

Հույս ունենք, որ մեր մտահոգությունները հասել են հասարակությանը. Վիգեն Սարգսյան

Առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ հանրությունը ակտիվ կմասնակցի ընտրություններին, դա շատ կարևոր է, հատկապես երկրի համար շատ կարևոր, վճռորոշ պահերին համախմբավծություն՝ անկախ նրանից, թե ով, ինչ դիրքորոշում ունի: Այսօր ամենավերջին բանը, որ պետք է անել դա տանը նստելն է: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ռեյտինգային ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

«Շատ կարևոր է կատարել քվեարկություն և գիտակցված ձայն տալ այն ուժին, որի հետ կապում եք երկրի ապագան, դա լինի իշխող ուժ, թե՝ դրան հակակշիռ, պարտադիր պետք է ձայնը տալ: Ես քվեարկել է այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում, իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել: Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր, մեր մարտահրավերները շատ մեծ են, իսկ ունեցած պաշարներն ավելի փոքր»:

Վիգեն Սարգսյանն ակնկալում է, որ այսօրվա քվեարկությունից հետո գոնե այն հարցերում, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն՝ անվանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի հետևողականության վրա, և չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը այս տարածաշրջանում:

Հարցին, թե ինչով է մտահոգ Հանրապետականը պատգամավորի թեկնածուն ասաց.

«Մենք վարչական լծակների վրա այս ընտրություններին հույս չենք դրել, կարճ ընտրարշավը մեծ հնարավորություններ չէր թողնում: Մենք հույս ունենք, որ մեր մտահոգություններն հասել են հասարակությանը և հույս ունենք, որ այդ հասարակությունը այսօր կվստահի մեզ, և կտա իր ձայնը այս հավասարակշռող կարևոր գործում»:

Վիգեն Սարգսյանը կարծում է, որ հանրությունը հնարավորություն ունեցավ լսելու իրենց դիրքորոշումները, կարծիքները. «Մենք բազմիցս նշել ենք մեր հայտարարությունների մեջ մեր մտահոգությունը ճնշումների հետ կապված թեկնածուների , վստահված անձանց և այլի մասին: Ես հույս ունեմ, որ քվեարկությունը կանցնի հանգիստ,իսկ ձայների հաշվարկը կանցնի թափանցիկ և հասկանալի մթնոլորտում, և առավոտյան կարթնանանք այն արդյունքներով, որոնք բոլորի համար ընդունելի են»:

Հարցին, թե կբողոքարկե՞ն ընտրության արդյունքները, պատգամավորի թեկնածուն ասաց, եթե տեսնենք բողոքարկելու հիմքեր կան՝ իհարկե:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ընտրություններին մասնակցելուն, Վիգեն Սարգսյանն ասաց. «Վստահ եմ։ Ինքն ակտիվ քաղաքացի է և վստահ եմ՝ կմասնակցի»:

 ---

Ընտրության էր գնացել Գարեգին Բ–ն 

 ---

ԿԸՀ-ն առաջին տվյալներն է ներկայացնում

ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում 08:00-ին բացվել են  1998 տեղամասային կենտրոնները: Ընտրություններն այս պահի դրությամբ ընթանում են բնականոն հունով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Այսօր ժամը 80:00-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: ՀՀ ազգային ժողովի 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 592 հազար 486 ընտրող: Թվով 465 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 30-ից մինչ դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր ՀՀ տարածքում քվեարկության ավարտից հետո»,-ներկայացրեց Մուկուչյանը:

Մուկուչյանի խոսքով` ՀՀ-ում քվեարկությունն ապահովելու նպատակով կազմավորվել են 2010  ընտրատեղամասեր, դրանցից 12-ը կազմավորվել են քրեակատարողական հիմնարկներում: Եվ համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների կբացվեն այսօր, սակայն ավելի ուշ ժամի: Թվով 41 տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկությունը կկազմակերպեն նաև շրջիկ  արկղերի միջոցով: Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են մնացած բոլոր 1998 տեղամասային կենտրոնները: Ընտրական տեղամասեր կատարած առաջին ընտրողներն արդեն կատարել են իրենց քվեարկությունը:

Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկված ընդհանուր թվով 2099 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը: Տեղի է ունեցել յոթ համալրում: Սահմանված կարգով հանձնաժողովները համալրված են: Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմվում են տասը անդամներից: Տեղամասային կենտրոններում գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքերի կիրառմամբ: Հանձնաժողովների ն հատկացվել է ընդհանուր չոր հազար սարքավորում: Ժամը 08:00-ի դրությամբ փորձարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները:

Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն թվով 8  միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների 505 միջազգային դիտորդներն  և 17813 տեղական դիտորդներ, որոնք ներկայացում են քսաներկու տեղական հասարակական կազմակերպություններ: Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 77 օտարերկրյա քաղաքացիներ:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են 70 ԶԼՄ-ի 1200 ներկայացուցիչներ և 31 օտարերկյա ԶԼՄ-ի 80 ներկայացուցիչներ: «Այս պահին ընտրությունն ընթանում է  բնականոն հունով»,-եզրափակեց Մուկուչյանը:

 ---

Աննախադեպ քարոզարշավ ենք ունեցել․ Ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կատարեց իր քվեարկությունը Նուբարաշենում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետն ասաց, որ քվեարկել է հանուն լավ Երևանի:

Ոստիկանապետը, անդրադառնալով այն հարցին, թե ինչով են տարբերվելու այս ընտրությունները, ասաց այս օրերին միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի նախորդներից այս ընտրությունները տարբերվեն։ «Օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից և կարծում եմ՝ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները։ Նաև համեմատելով նախորդ ընտրությունների հետ, ասեմ, որ նախադեպը չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, ինքներդ էլ կարող եք դա փաստել։ Տեղի չի ունեցել  որևէ արտառոց դեպք, որը, իհարկե, անթույլատրելի կհամարեինք։ Բայց ամեն դեպքում իրականացվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները»,-ասաց Վալերիյ Օսիպյանը։ 

Օսիպյանն ասաց, որ ի սկզբանե, երբ ինքն այցելել է Արագածոտնի մարզ, այնուհետև Շիրակի մարզ, որոշ քաղաքական ուժեր փորձել են դա քաղաքականացնել, բայց ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվել և վաղն էլ չի զբաղվելու: «Դա իմ նախաձեռնությունն էր հանդիպել քաղաքական ուժերի հետ, այդ թվում դաշինքների թեկնածուների հետ կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում, քանի որ բոլորս էինք մտահոգված, որպեսզի տեղի ունենան լավ ընտրություններ։ Ես իմ հանդիպումների ընթացքում ասել եմ, որ այնպես չէ, որ ոստիկանությունը չի կարող դա ինքնուրույն անել, դա փաստեց այն, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք ունեցանք նորանկախ Հայաստանի  պատմության մեջ լավագույն ընտրությունները»,– ասել է ոստիկանապետը՝ ավելացնելով, որ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը նպատակ է ունեցել էլ ավելի լավ ընտրություններ ունենալ։ «Ուղղակի ևս մեկ անգամ ցանկություն ունեցանք իրենց բացատրել, թե ինչ չի թույլատրվում, որպեսզի իրենք իրենց կուսակիցներին, ընտրողներին բացատրեին, որպեսզի մենք այսօր խնդիրներ չունենայինք»,– ասել է Վալերիյ Օսիպյանը։

Օսիպյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել:

«Ընթացքի մեջ է, համապատասխան փասատաթղթերը կհավաքվեն ու ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է: Կարեւորը ձերբակալությունն է, ինքը ձերբակալված է Չեխիայի Հանրապետությունում եւ կարտահանձնեն Հայաստանին

Ամիսներ առաջ, մինչ նրան հայտնաբերելը, երբ ես հայտարարեցի, որ Նարեկ Սարգսյանը գտնվում է մեր տեսադաշտում, շատերը դրան լուրջ չվերաբերվեցին։ Բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց»,– ասաց Օսիպյանը։

Անդրադառնալով News.am-ի խմբագություն կատարած այցին՝ Օսիպյանը նշեց, որ ոստիկանության ծառայողն այցելել էր News.am-ի խմբագրություն՝ պարզապես գրություն հանձնելու:

«Չգիտեմ, թե News.am–ն ինչու այդպիսի աղմուկ բարձրացրեց, այդ մասով մեր՝ ոստիկանության լրատվականը պարզաբանում է տարածել, պարզապես նյութերի գրության շրջանակում իրենք պետք է տեղեկացվեին, և ոստիկանության ծառայողն այցելել էր ընդամենը իրենց օրինակը փոխանցելու համար», -ասաց Վալերիյ Օսիպյանը:

Հարցին, արդոք դա չի՞ կարող ճնշում դիտարկվել, Օսիպյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, նա ընդամենը այցելել էր, մենք կարող ենք ձեր գրասենյակ էլ այցելել»:

---

Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են: Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը: 1500 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքին և արդյունքների ամփոփմանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ՝ նշելով ընտրատարածքն ու կոնկրետ ընտրատեղամասը։ 

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք: Նշենք, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո իշխանությունը պահանջում էր ԱԺ արտահերթ ընտրություններ: Վարչապետ Փաշինյանը հրաժարական տվեց, Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց վարչապետ, ինչից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց:

Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

2018-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող ռեգիստրի վերջնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 2,573,779-ը: ՀՀ-ում կա 13 ընտրատարածք, որից 4-ը Երևանում:

Դեկտեմբերի 9-ին դիտորդական առաքելություն է իրականացնելու 22 տեղական հասարակական կազմակերպություն: Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով և այլ միջազգային կառույցներ:11 քաղաքական ուժերը ներկայացրել են 1471 պատգամավորի թեկնածու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ