18 10 2018

Ադրբեջանական կողմի հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել․ Փաշինյան

Ադրբեջանական կողմի հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել․ Փաշինյան

Հոկտեմբերի 18-ին «Օմնիա Թեք» ընկերության և «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի համագործակցությամբ ՀՀ-ում կառուցված աշխարհում խոշորագույն Մայնինգ Ֆերմայի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Անկեղծ ասած՝ կարիք ունեմ հասկանալու, թե ինչ է իրենից ներկայացնում բիթքոինը, առայժմ ոչ մի բան չեմ հասկացել»։

«Իսկապես ես կարիք ունեմ ավելի լավ հասկանալու, ինչ տեսա, շատ հետաքրքիր է, բայց ավելի լրջորեն ընկալելու խնդիր ունենք։ Իսկապես հասկանալու կարիք կա, կարծում եմ՝ պետք է հանդարտ վերաբերվել, մինչև հասկանանք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով իրեն բիթքոինի մասին հարցեր չտալ։

Պատասխանելով սահմանի վիճակի մասին հարցին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց․ «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում վիճակը աննախադեպ հանգիստ է, և դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք է»։

Նա հաստատեց, որ օպերատիվ կապ է ձեռք բերվել Ադրբեջանի իշխանությունների հետ. «Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ: Կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի կամ Ադրբեջանի նախագահին, իսկ եթե նրանց կողմից լինի՝ կհասնի ինձ»,-ասաց նա:

Հարցին, թե ամեն դեպքից հետո իրենք կա՞պ են հաստատում իրար հետ, Փաշինյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ ամեն դեպքի դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտւթյան»:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ինքը բիզնեսով չի զբաղվում, լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ․ «Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ես նաև հայտնել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան»։

Նշենք, որ այդ ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը ոչ թե ասել է՝ բիզնեսով չի զբաղվում, այլ կառավարմամբ։ Այնուհետև Ծառուկյանն արձագանքեց․ «Լավ էլ դիմանում ես, պարոն Փաշինյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ